HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների և ընդդիմության միջև: Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականի, դեպքը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Նշենք, որ երբ լրագրողները աշխատասենյակի դիմաց էին, ներսից վիճաբանության բարձր ձայներ ու հայհոյանքներ էին լսվում: Սյունե Գևորգյանը լրագրողներին պատմել է, որ գնալիս է եղել իր աշխատասենյակ, երբ ձայներ է լսել։

«Հասկանում եմ, որ մեր տղաներն են, այնտեղ պետք է լինեին, վազում եմ, տեսնում եմ իրենք՝ «տղամարդուն» վայել վիճակում ծեծում են մեր տղաներին»,- պատմել է Գևորգյանն ու նշել, որ այնտեղ են եղել Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը, մնացածին չի հիշում։ Գևորգյանի խոսքով՝ Պետական պահպանության ծառայությունը կանգնած է եղել, բայց ոչինչ չի ձեռնարկել: Գևորգյանը նաև նշել է, որ ներսում եղել են Իշխան Սաղաթելյանի օգնականը, Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը և  Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը:

Ծեծկռտուքից հետո Ազգային ժողովի դիմաց ինքնաբուխ բողոքի ակցիա է սկսվել: Դրա մասնակիցներն ասում են, որ սպասում են իրենց աշխատասենյակում մարդ ծեծող «դուխով տղերքին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter