
Նույն ընտրատարածքում երեք հանրապետական, երեքն էլ` միլիոնատեր
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքն ամենաինտրիգայիններից է: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանին (գեներալ Սեյրան), նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության կազմակերպիչ Հակոբ Վարշամի Հակոբյանին, իսկ ՀԱԿ-ի թեկնածուն Սարգիս Քոչարյանն է:
Նույն ընտրատարածքում 3 հանրապետականներ պայքարելու են իրար դեմ, և Հակոբ Վարշամի Հակոբյանը փորձելու է, անուն-ազգանվան նույնությունն օգտագործելով, ձայներ տանել մյուս Հակոբ Հակոբյանից, որպեսզի ընտրվի Սեդրակ Սարոյանը:
Ուսումնասիրելով վերջիններիս ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ պարզ է դառնում, որ ՀՀԿ-ական բոլոր թեկնածուներն էլ ֆինանսապես ապահովված են:
ՀՀԿ. Սեդրակ Սարոյան. պատգամավորության թեկնածուն բնակարան ունի Էջմիածին քաղաքում, 0.14 հա տնամերձ, 0.70 հա հողամաս Հայկաշեն գյուղում, 108.3 քմ բնակելի տուն և 0.07 հա տնամերձ հողամաս` Ռուսաստանի Լենինգրադի մարզում, 106.95 քմ մակերեսով բնակարան Ռուսաստանի Սոչի քաղաքում, 2 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր Ազատության պողոտայում, 1022,3 քմ երկհարկանի առանձնատուն և 0.50 հա հողամաս Էջմիածնում, 0.08 հա հողամաս Էջմիածին-Մարգարա մայրուղու մոտակայքում, դարձյալ Էջմիածնում երկհարկանի առանձնատուն և հողամաս՝ համապատասխանաբար 906.8 քմ և 0.185 քմ մակերեսով, երկհարկանի առանձնատուն Ուկրաինայի Օդեսայի մարզում` 454.41 քմ ընդհանուր մակերեսով և հողամաս` 0.1783 հա:
Նախկին գեներալը հայտարարագրել է «Համմեր H2» մակնիշի ավտոմեքենա: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա դրանց պակաս ևս չի զգացվում: Վերջին մեկ տարվա ընթացքում Սեդրակ Սարոյանը ԱԺ-ից ստացել է 3 միլիոն 78 հազար 210 դրամ աշխատավարձ, որպես եկամուտ հայտարարագրել է փոխառությամբ ստացած 560 միլիոն դրամ, 450 միլիոն և 550 միլիոն դրամ փոխառությունները: Պատգամավորության թեկնածուին 48 միլիոն 846 հազար 232 դրամի եկամուտ ապահովել է գույքի օտարումը:
Մարտի 1-ի դրությամբ Սեդրակ Սարոյանն ունեցել է 47 միլիոն դրամ և 884.94 դոլար: Նրան է պատկանում «Սարկոպ» հայ-ռուսական ՀՁ-ի բաժնետոմսերի 33 տոկոսը:
ՀՀԿ. Հակոբ Ռաֆիկի Հակոբյան. ըստ հայտարարագրի՝ նախկին պատգամավորը անշարժ գույք չունի: Հայտարարագրել է մեկ ավտոմեքենա` «Porsche Boxster» մակնիշի, 2001թ. արտադրության:
Հակոբ Հակոբյանը 9 ընկերությունում` «Բարբոս» ՍՊԸ, «Բետարտշին», «ԱՀՍ օղի թորողներ», «Էջմիածնի ջրշին», «Հին ու նոր Զվարթնոց», «Կառուցենք մեր երկիրը», «ԽաչՌաֆ», «Ուրախ և տխուր» և «Մաքսնիկել դիվել-ըփմենթ» ՍՊԸ-ներում, ունի 30-100 տոկոս բաժնեմաս, ինչպես նաև 62 տոկոսից ավելի արժեթուղթ «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում:
Մարտի 1-ի դրությամբ Հակոբ Հակոբյանի հաշվեհամարին եղել է 10 միլիոն դրամ:
ՀՀԿ. Հակոբ Վարշամի Հակոբյան. այս թեկնածուն Երևանում ունի 2 հասարակական տարածք և 3 բնակելի տուն: Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա` «Ֆոլցֆագեն Վենտո», «Ֆոլցֆագեն Պասատ» և «Նիվա 2121» մակնիշի:
Եկամուտներ բաժնում Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է մեկ տարվա աշխատավարձը` 910 հազար դրամ, և 1 միլիոն 296 հազար դրամ «Պաստառ» ՍՊԸ-ից ստացած վարձակալության գումարը:
ՀԱԿ. Սարգիս Քոչարյան. ընդդիմադիր թեկնածուն Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ունի 0.12 հա տնամերձ հողատարածք, 0.64 հա վարելահող և 0.025 հա խոտհարք: Նա ոչ տուն ունի, ոչ էլ ավտոմեքենա: Քանի ոչ չի աշխատում, չի հայտարարագրել նաև ոչ մի եկամուտ: Մարտի 1-ի դրությամբ Սարգիս Քոչարյանն ունի 500 հազար դրամ:
Լուսանկարում Սեդրակ Սարոյանն է
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել