HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է՝ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի մնացած քարտեզները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշման հրապարակումից երեք օր առաջ Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքների ականապատ դաշտերի քարտեզները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, հայտնում է Trend գործակալությունը։

Նրա խոսքերով՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը Հայաստանից պահանջել էր տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։

«Սկզբում նրանք հրաժարվում էին մեկնաբանել այդ հարցը, հետո հայտարարում, որ չունեն ականապատ դաշտերի քարտեզները։ Հունիս-հուլիս ամիսներին ականապատ դաշտերի քարտեզների փոխարեն նրանք պահանջեցին վերադարձնել հայկական ծագմամբ անձանց, որոնք տարբեր հանցագործությունների մեղադրանքներով պահվում էին Ադրբեջանում։ Այդ քարտեզների փոխանցումից հետո Հայաստանը խոստովանեց, որ դրանք քարտեզների միայն փոքր մասին են»,- հայտարարել է Մամեդովը։

Վերջինիս պնդմամբ՝ միջազգային կազմակերպությունները Հայաստանին կոչ էին արել տրամադրել այդ քարտեզները։ Ադրբեջանական կողմը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան էր ներկայացրել ականների վրա պայթած իր քաղաքացիների վերաբերյալ տվյալներ, իսկ Մամեդովի խոսքերով դատարանի միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշման հրապարակումից առաջ Հայաստանը մնացած տարածքների քարտեզները փոխանցել է Ադրբեջանին։

Հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը։ «Հետք»-ն այս հարցը փորձեց ճշտել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից, սակայն նրա հեռախոսն անջատված է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով միջանկյալ միջոցի կիրառման որոշումները։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը, այդուհանդերձ չի բավարարել գլխավորը. Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։ Փոխարենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այդ երկրին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ։

Դատարանի հրապարակած որոշման մեջ, որն ընթերցել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, նշվում է, որ Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան պետք է միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու ուղղությամբ՝ ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։ Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ Միջազգային դատարանը ամրագրել է, որ պետական մակարդակով Ադրբեջանում հակահայկական ու հայատյացության քարոզչություն և քաղաքականություն է իրականացվում։

Արդարադատության դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցիների, պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, գերեզմանների նկատմամբ։

Իր գանգատում հայկական կողմը նշել էր նաև Բաքվի զինավարի չարաբաստիկ այգու փակման ու Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտության հարցը, որը սակայն չի բավարարվել։

Զուգահեռաբար, Դատարանը հրապարակել է նաև Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը, որն ի տարբերություն հայկական դիմումի, բավարարվել է միայն մի փոքր մասով։ Այսպես, Հայաստանը պարտավորվել է կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ծագումով ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը։

Ադրբեջանն իր գանգատում նշել էր նաև ականապատ դաշտերի քարտեզների հարցը, որը, դատարանի որոշումից պարզ է դառնում, որ չի բավարարվել։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու կողմին էլ պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Դոնոհյուն հիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ միջոցների մասին որոշումները, որոնք սահմանվում են, որպեսզի կանխվեն դատաքննության ընթացքում իրավիճակի հնարավոր սրումը, ըստ էության, պարտադիր են կատարման համար:

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter