HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օլաֆ Շոլցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր

Սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, ընտրվել է Գերմանիայի նոր դաշնային կանցլեր։ Անգելա Մերկելի իրավահաջորդի օգտին քվեարկել է Բունդեսթագի 395 պատգամավոր։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Գերմանիայի սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կանցլերին ընտրում է խորհրդարանը՝ Բունդեսթագը, և նախագահի հաստատմանն առաջարկում նրան։ Ընտրվում է այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ձայների մեծ մասը, առնվազն 369։ Շոլցը հաղթել է ոչ միայն իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակցության, այլև «կանաչների» և Ազատ դեմոկրատական կուսակցության շնորհիվ։ Հենց այս երեք քաղաքական ուժերն էլ կձևավորեն Գերմանիայի նոր իշխող կոալիցիան։

Օլաֆ Շոլցը դարձել է Գերմանիայի 9-րդ կանցլերը։ Քաղաքական գործիչը ծնվել է 1958 թվականին Օսնաբրյուկում, սովորել իրավագիտություն, անցել այլընտրանքային զինվորական ծառայություն և աշխատել որպես փաստաբան։ Շոլցը 1998-2001 և 2002-2011 թվականներին եղել է Բունդեսթագի պատգամավոր: 2007-2009 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի աշխատանքի հարցերով նախարարի պաշտոնը, իսկ 2011-2018 թվականներին՝ Համբուրգի առաջին քաղաքագլխի (բուրգոմիստր) պաշտոնը։ 2018 թվականի մարտին նա նշանակվել էր Գերմանիայի ֆինանսների նախարար և միաժամանակ զբաղեցնում էր նաև փոխկանցլերի պաշտոնը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Շոլցը բազմիցս քննադատվել է խարիզմա չունենալու համար։ Համաձայն հարցումների, որոնք իրականացվել են YouGov սոցիոլոգիական ինստիտուտի կողմից, գերմանացիների գրեթե երկու երրորդը չի կարծում, որ Շոլցը կանցլերի պաշտոնում կմնա չորս տարուց ավել։ Ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 8-ին, հարցմանը մասնակցածների 20 %-ը կարծում է, որ Շոլցի գլխավորած եռակուսակցական կոալիցիան կփլվի մինչև Բունդեսթագի հաջորդ ընտրություններ։ Եվս 44 %-ն էլ կարծում է, որ Շոլցը կանցլերի պաշտոնում կմնա բոլոր չորս տարին, սակայն չի վերընտրվի։ Եվ հարցվածների միայն 1,3 %-ն է վստահ, որ Գերմանիայի նոր կանցլերը իշխանության ղեկին կմնա նույնքան երկար, որքան Անգելա Մերկելը՝ 16 տարի։

Լուսանկարը՝ REUTERS / Annegret Hilse

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter