HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Մկրտչյանը հերթական անգամ բանավիճեցին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին մեջբերեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում է տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջանի միջև, քաղաքացիների, բեռների երկկողմ փոխադրում և այլն: Այդ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը: Հիմա հարց՝ սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք»,- ասաց պատգամավորը:

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով հարցը տվող պատգամավորի քաղաքական ուժին կողմնորոշվել՝ վերջինս մեկնաբանո՞ւմ է տեքստը, թե՞ որպես հանձնարարական կարդում ուրիշների մեկնաբանությունը:

«Նախ այդ կետը եթե կարդում եք, կարդացե՛ք, որ գրած է՝ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը, երկրորդ՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը: Դուք ուզում եք ստանալ պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե՞ դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք: Եթե ձեր ուզածը դա է, այլ խնդիր է»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով` Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջանի Հանրապետության հետ, Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կապ ստանա Իրանի ու ՌԴ-ի հետ:

Աննա Մկրտչյանն արձագանքեց` Նիկոլ Փաշինյանը իշխանական պատգամավորներին նամակներ է գրում և հանձնարարում` ինչ խոսեն, սակայն իրենց խմբակցությունում այդպես չէ:

«Նախորդ մոտեցումները, որ Դուք իմ հարցերի հետ կապված որդեգրել էիք, որ չէիք մոտենում, դա Ձեզ համար ավելի շահեկան էր, որովհետև ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ էլ դիվանագիտական անդրադարձ չկար: Նախորդ դեպքերում արտիստիզմը Ձեզ մոտ գերակշռում էր։ Հիմա թե՛ արտիստիզմը, թե՛ պատասխանի տեխնիկան զրոյական է»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` նամակներ ինչպես գրում է, այնպես էլ ստանում է։

«Պրոբլեմն այն է, որ ովքեր Ձեզ են նամակ գրում, Դուք չեք ճանաչում նրանց, ոչ էլ շփվել եք: Ձեր ղեկավարին են գրում նամակ կոնկրետ հանձնարարություններով, Դուք սկի չեք հասկանում, թե ինչ եք խոսում: Ձեզ կտան, կասեն՝ կարդա, կկարդաք ու չեք էլ հասկանա, թե ինչ եք կարդում»,- արձագանքեց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter