
Հայաստանի ամենաաղքատ մարզը Գեղարքունիքն է. ի՞նչ տեսք ունի աղքատությունն՝ ըստ բնակավայրի, տարիքի ու կրթության
2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%: Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) օրերս հրապարակել է 2020 թվականի աղքատության զեկույցը, ըստ որի՝ 2019 թվականի համեմատ աղքատության մակարդակը Հայաստանում 0.6 տոկոսային կետով բարձրացել է:
Թեև աղքատությունը կարող է չափվել տարբեր չափանիշներով և շոշափել կյանքի տարբեր կողմերը՝ առողջություն, կրթություն, իրավունքներ, պարենային անվտանգություն, արժանապատիվ աշխատանքի իրավունք և այլն, սակայն ընդունված է, որ ավելի օբյեկտիվ չափանիշ է սպառումը: Այսինքն՝ մեկ ընտանիքում՝ տնային տնտեսությունում, որքան է կազմում մեկ անձի հաշվով ամսական սպառումը:
Ըստ Վիճկոմիտեի գնահատականների՝ 2020 թվականին աղքատ է համարվել ամսական 44 482 դրամից քիչ ծախսած անձը:
Աղքատության գիծը ծախսերի այն մակարդակն է, որը տնային տնտեսությանն անհրաժեշտ է տվյալ հասարակությունում կենսամակարդակի նվազագույն մակարդակն ապահովելու համար:
Հայաստանում բնակչության 0.7%-ն էլ ծայրահեղ աղքատ է: Ծայրահեղ աղքատ է համարվում անձը, որի ամսական սպառումը 23 828 դրամից ցածր է:
2019 թվականից աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է, հետևաբար՝ 2019-2020 թվականների ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարիների հետ:
2020 թվականին համավարակի, հետագայում՝ նաև պատերազմի հարվածները տնտեսության վրա շղթայաբար ազդեցություն են թողել բնակչության կյանքի վրա, այդ թվում՝ սոցիալական վիճակի: Տարվա կտրվածքով տնտեսությունն անկում է ապրել 7.4%-ով: Վիճկոմիտեի զեկույցում, աղքատության մակարդակի բարձրացման մասին տվյալների կողքին, շեշտվում է այս փաստը:
Աղքատության զեկույցից առանձնացրել ենք տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե Հայաստանում աղքատության մակարդակը տարիքային որ խմբերում է ավելի բարձր, քանի երեխա ունեցող ընտանիքներում, ինչ մակարդակի կրթության, և թե որ մարզում ինչ իրավիճակ է: Ինչու է այս կամ այն խմբում աղքատությունն ավելի տարածված՝ ուսումնասիրության առանձին թեմա է:
Աղքատության ամենաբարձր մակարդակը 6-9 տարեկան երեխաների շրջանում է
Հայաստանում աղքատության ամենաբարձր մակարդակը 6-9 տարեկան երեխաների շրջանում է՝ 35.7%:
Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ևս աղքատության մակարդակը բարձր է՝ 34.1%:
Ըստ տարիքային խմբերի՝ աղքատության ամենացածր մակարդակը 45-49 տարեկանների շրջանում է:
Ավագ տարիքի՝ թոշակառուների շրջանում աղքատության մակարդակն ավելի ցածր է, քան միջին հանրապետական ցուցանիշն է (տարիքային խումբը՝ 60-64, 65+ տարեկան): Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակային տարիքը սկսվում է 63 տարեկանից:
Այս ինֆոգրաֆիկայում աղքատության ցուցանիշներն են՝ ըստ տարիքային խմբերի: Ինչպես երևում է, ծայրահեղ աղքատությունը ևս տարբեր է տարիքային խմբերի շրջանում: Եթե ծայրահեղ աղքատության հանրապետական միջին ցուցանիշը 0.7%-ն է, ապա, օրինակ, 18-19 և 20-24 տարեկանների շրջանում այն կրկնակի է՝ 1.4%:
Մինչև 6 տարեկան 2 երեխա ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան 3 և ավելի
Հետաքրքիր է, որ Հայաստանում մինչև վեց տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում աղքատության ամենաբարձր մակարդակը 2 երեխա ունեցող ընտանիքներում է՝ 43.9%, որը բավականին բարձր է հանրապետական միջին ցուցանիշից՝ 27%-ից:
Մեկ երեխա ունեցող ընտանիքներից աղքատ է 33.1%-ը: Պատկերը շատ չի տարբերվում 3 և ավելի երեխա ունեցողների շրջանում՝ 32.7%:
Աղքատության ամենացածր մակարդակը մինչև 6 տարեկան երեխա չունեցող ընտանիքներում է:
Գյուղական բնակավայրերում աղքատ ընտանիքներն ավելի շատ են, քան քաղաքներում
2020 թվականին Հայաստանում գնահատված աղքատության 27%-ը միջին ցուցանիշ է, սակայն առանձին վերցրած գյուղերում և քաղաքներում, մարզերում և Երևանում աղքատության մակարդակները տարբեր են:
Ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրերում աղքատությունն ավելի բարձր է: 2020 թվականին գյուղերում այն գնահատվել է 33.6%, քաղաքային բնակավայրերում՝ 22.5%: Մայրաքաղաք Երևանում աղքատության մակարդակը 19.9% է:
Ամենաաղքատը Գեղարքունիքի մարզն է, որտեղ աղքատության մակարդակը գնահատվել է 48.1%: Հաջորդում են Շիրակն ու Տավուշը:
Աղքատության ամենացածր մակարդակը Սյունիքում է (տե՛ս ինֆոգրաֆիկան):
Թերի միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է
16 տարեկանից բարձր և աղքատ գնահատվող բնակչության շրջանում Վիճկոմիտեի մասնագետները հարցումներ են արել՝ պարզելու, թե ինչ կրթություն ունեն նրանք:
Պարզվում է՝ թերի միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում աղքատությունն ամենաբարձրն է՝ 34.4%:
Աղքատության ամենացածր մակարդակը բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում է՝ 16.6%:
Մեկնաբանել