
Իշխանությունն ու ընդդիմությունը պարզում էին` ով է ավելի շատ հայհոյել
Խորհրդարանում այսօր իշխանությունն ու ընդդիմությունը փորձում էին պարզել` որ ուժն է հայհոյախառն արտահայտություններով ավելի շատ աչքի ընկնում: Քննարկման առիթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի նախագիծն էր, որով վերջինս առաջարկում էր ապաքրեականացնել ծանր վիրավորանքն ու զրպարտությունը:
Հիշեցնենք, որ այն ընդունել էր նախորդ գումարման խորհրդարանն իր լիազորությունների ավարտի օրը: Ըստ նախագծի` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ): Վարդանյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել այդ հոդվածը:
Ըստ նրա` օրենքը հակասում է Սահմանադրությանը և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիային:
«Հայհոյանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը՝ հատկապես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում»,-ասաց Վարդանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում հայտարարեց` հասարակության մեջ վիրավորանքն ու հայհոյանքը պետք է տեղ չունենան, սակայն քննադատությունը պետք է թույլատրելի լինի: Ըստ նրա` որոշ իշխանական պատգամավորներ մրցավազքի մեջ են Freedom House-ի հետ:
«Նրանք մեզնից շատ ավելի գիտեն, եթե էս փոփոխությունը համարել են հետընթաց, ուրեմն հետընթաց է, բանավիճելու հարց չկա էստեղ: Եթե իրական քաղաքական կամք լինի, որ ծանր վիրավորանքը տեղ չունենա հայ հասարակության մեջ, այն չի լինի»,-ասաց պատգամավորը: Ապա շարունակեց` իշխանական պատգամավորները հակառակ օրինակն են ծառայում` ծեծկռտուք են սարքում պատգամավորների օգնականների հետ:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ ելույթը կկառույցի այն տրամանությամբ, որ կարծես թե դեռ նախորդ գումարման խորհրդարանն է, քննարկվող նախագիծն էլ` ծանր վիրավորանքի ու հայհոյանքի քրեականացումը:
«Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որն իշխանության է եկել քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ բերելով, ու ըստ իմ տեղեկությունների՝ դրա կազմակերպման ծանր բեռը ստանձնած քաղաքական գործիչն էս դահլիճում է նստած: Ժամանակը գալու է, ու դա հանրայնացվելու է: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե նոյեմբերի 9-ից հետո Հանրապետության հրապարակի էկրանից տեսանյութ չհեռարձակվեր, որտեղ մեր, իմ գլուխն առաջարկում էին ջարդել»,-ասաց նա:
Ըստ նրա` ծանր վիրավորանքի ու հայհոյանքի քրեականացումը նորմալ կլիներ մի ուժի կողմից, որը ֆեյքերով չի եկել իշխանության:
«Որովհետև հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերը ուտելու պատրաստակամություն հայտնող ֆեյքերն իրական մարդիկ են, էդպես չէ, դա ուղղորդված արշավ է»,-ասաց Մամիջանյանը:
Նա անդրադարձավ իշխանության` պառլամենտական մշակույթից խոսելու քննարկումներին` հիշեցնելով, որ հենց նիստերի դահլիճում մի քանի անգամ ընդդիմադիրները բռնության են ենթարկվել:
«Պսակներով, անեծքներով ու ֆեյքերով եկածը վաղ թե ուշ այդպես էլ գնալու է»,-եզրափակեց նա:
Մամիջանյանի ելույթին արձագանքեց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` ասելով, թե պսակներով ու ֆեյքերով իշխանության եկածը նույն կերպ էլ գնացել է:
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերը ուտելու պատրաստակամություն հայտնած ֆեյքերին, ես պատկերացնում եմ էն ընդդիմադիրի դեմքը, որ նստած դա գրում է` մտածելով, որ հետո գործընկերները ԱԺ-ում ասելու են` տեսեք, սա է ձեր աջակիցների մակարդակը, չի կարա բանական աջակցող մարդը նման բան գրի»,-ասաց Ալեքսանյանը:
Նա մեղադրեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանին այժմ էլ ֆեյք էջեր աշխատեցնելու մեջ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ առաջարկեց քրեականացնել պաշտոնյաների ստերն ու չիրականացրած խոստումները:
«Իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ հանձնելու են Արցախը, տալու են հազարավոր զոհեր, Սյունիքում ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրելու, չի խոստացվել, որ Հայաստանը դառնալու է առևտրի առարկա: Չէր խոստացվել, որ «Նիկո'լ, վարչապետ» գոռացողները դա անում են, որ Ալեն Սիմոնյանը հետուստատեսային էժանագին շոուի մասնակցից, ըստ օդում կախված լուրերի, դառնալու է ասֆալտի օլիգարխ»,-ասաց Մանուկյանը:
Նրա կարծիքով` հազարավոր մարդիկ փողոցներ չեն փակել նրա համար, որ պատահական մարդիկ դառնան պաշտոնյաներ, իսկ ԱԺ նախագահը բուքմեյքերական ընկերություններից մեկի ղեկավարի ֆինանսավորմամբ զվարճանա հունական թանկարժեք կղզում:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` հայտնելով, որ քիչ առաջ դատական հայց է ներկայացրել վերջինիս դեմ:
«Վստահ եմ` դատարանը Ձեզ կպարտավորեցնի ներողություն խնդրել»,-ասաց Սիմոնյանը՝ դիմելով Մանուկյանին:
Սիմոնյանի խոսքով, երբ նախորդ խորհրդարաններում քրեական հեղինակություններ կային, Սերժ Սարգսյանի հասցեին երբ որևէ մեկն ինչ-որ խոսք էր ասում, շքամուտքում ծեծի էր ենթարկվում:
«Մեզ մեղադրում են ատելության խոսքի մեջ, բայց երբ մենք ընդդիմություն էինք, ինչի՞ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների անունները չգիտեինք ու չէինք ասում, ինչի՞ մականունավոր պատգամավորներին չէինք դիմում մականունով»,-ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթի ժամանակ միացրեց գործընկերոջ, այժմ պատգամավոր, նախկինում Ազատություն Ռ/Ը-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանի ռեպորտաժից մի հատված, որում նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում: Նա ասում է, որ պատրաստ է գլխատել ու բռնաբարել ցանկացածին, ով Սեյրան Օհանյանի հեղինակությանը վնասող հայտարարություններ կանի:
«Այս նախագծի քննարկման ամբողջ սպեկտրը ներառում է այս ռեպորտաժը: Նախկին իշխանությունների ժամանակ ևս եղել է էդ անընդունելի վարվելակերպը, երբ պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները թիրախավորվել են, դա և' նախկինում և' հիմա դատապարտելի է, բայց տեսնում ենք նաև նախկին իշխանական պատգամավորին, որ այդ անընդունելի արարքի համար խոստանում է բռնել նախ գլխատել, հետո՝ բռնաբարել»,-ասաց նա:
Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Աղվան Վարդանյանի այն մտքին, թե իշխանությունն է բացել հայհոյանքի պանդորայի արկղը` ասելով, որ այդ հարցում ռահվիրաներից մեկը դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանն է: Նա հիշեցրեց Ռուստամյան-Հրայր Թովմասյան բանավեճն ու փոխադարձ վիրավորական արտահայտությունները:
Ըստ Կոնջորյանի` բոլորի շահերից է բխում, որ քաղաքական խոսույթում համերաշխության մթնոլորտ տիրի, ապա ընդգծեց` հայհոյանքի ազատությունը կապ չունի խոսքի ազատության հետ:
Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և մերժվեց 28 կողմ, 57 դեմ ձայներով:
Մեկնաբանել