
Անահիտ Բախշյանի քարոզարշավն անխոչընդոտ է անցնում
«Ինձ համար՝ որպես մեծամասնական թեկնածու, քարոզարշավը, կարելի է ասել, անխոչընդոտ է անցնում»,- այսօր լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Անահիտ Բախշյանը:
Այս պահին խնդիրը, ըստ նրա, ընտրացուցակներն են:
Նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուները դժգոհել են, որ պատռել են իրենց քարոզչական պաստառները: Այս առումով Անահիտ Բախշյանն ասաց, որ իրենց պաստառներից մեկ-երկուսը ևս պատռել են կամ դրանց վրա այլ պաստառներ փակցրել, սակայն ինքը չի սևեռվել դրա վրա, և իրենք նոր պաստառներ են փակցրել:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ում է իրեն մրցակից համարում, և ինչպե՞ս է գնահատում հաղթելու իր հնարավորությունը՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ բոլորն էլ իր մրցակիցներն են:
«Ուղղակի տարբեր տոկոսներով քվե կստանանք: Դա էլ մայիսի 7-ին կերևա»,- նշեց նա՝ հավելելով, որ «ավելի քան վստահ է» իր հաղթանակի հարցում:
Հիշեցնենք, որ 12 ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներն են Կառլեն Գևորգյանը, Լյովա Խաչատրյանը, Ռոբերտ Մասումյանը, Գոհար Վեզիրյանը և Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Մեկնաբանել