HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչը կարող է լինել Մաշտոցի պուրակի հաղթանակը

Մաշտոցի պուրակում ընթացող քաղաքացիական պայքարն արդեն վաղուց է, ինչ գտնվում է հայաստանյան հասարակության ուշադրության կենտրոնում: Երեկ այն ստացավ բավականին հետաքրքիր զարգացում` Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց պուրակ եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրանք-ցուցում տվեց ապամոնտաժելու պուրակում տեղադրված առեւտրի կրպակները, քանի որ դրանք գեղեցիկ չեն: Առաջին հայացքից` կարծես ոչ մի արտառոց բան չի եղել` բավականին կանխատեսելի քայլ էր ընտրություններից առաջ հանրապետական կուսակցության նախընտրական PR-ի համար, բայց ամեն ինչ այդքան էլ միօրինակ ու անհետաքրքիր չէ: Այստեղ կան իրավական, քաղաքական եւ, վերջապես` էսթետիկանան ուշագրավ նրբերանգներ:

Նախ` իրավականի մասին. ՀՀ Սահմանադրության համաձայն` նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Նույն Սահմանադրության 55-րդ հոդվածով թվարկված են նախագահի լիազորությունների սպառիչ ցանկը եւ, պատկերացրեք` տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին նման ցուցում տալու լիազորություն այնտեղ նշված չէ:

Ավելին, նույն Սահմանադրությամբ ամրագրված է նաեւ, որ «Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը», եւ որ «Համայքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի միջոցով», ու որ «Համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում է օրենքով»:

Իսկ օրենքով սահմանված չէ իրավիճակ, երբ երկրի նախագահը լիազորված լինի համայնքի ղեկավարին ուղղակի ցուցում տալ համայնքի իրավասության ներքո գտնվող հարցերի կարգավորման վերաբերյալ: Սերժ Սարգսյանի գործողությունների իրավական կողմը հետեւյալն է` հերթական անգամ ապացուցվեց, որ այսօրվա մեր երկրում ցանկացած, անգամ չորս հատ խուժան բուծիկի քանդման վերաբերյալ որոշումը կայացվում է ոչ թե օրենքով սահմանված կարգով` օրենքով նախատեսված մարմնի կողմից, այլ բրգի գագաթին գտնվող գլխավոր ֆեոդալի ցուցումով:

Այստեղ մեկ այլ` էսթետիկական հարց էլ է առաջանում. եթե ընդունենք, որ իրավական տեսանկյունից Սերժ Սարգսյանը քաղաքապետին ոչ թե ցուցում է տվել, այլ խնդրել է ապամոնտաժել կրպակները, ապա ստացվում է, որ համայնքի կողմից ենթադրաբար ընտրված անձը արդեն 80 օրից ավելի արհամարհում է իր իսկ համայնքի հարյուրավոր անդամներին, սակայն ընդամենը ինչ-որ մեկ անձի կես բերան «խնդրանքով» անմիջապես ձեռնամուխ է լինում այդ խնդրանքի կատարմանը: Սա որպես էսթետիկական զեղում…

Գանք քաղաքական երանգներին. այն, որ Սերժ Սարգսյանի քայլն ուղղված էր ընտրություններից մի քանի օր առաջ իր կուսակցության համար դրական իմիջի ստեղծմանը, դրանում կարծես ոչ ոք չի կասկածում, բայց հաջողվե՞ց արդյոք: Բնականաբար, ձեռնասուն հեռուստաալիքները, մեկը մյուսից ավելի աղավաղելով իրականությունը, ներկայացնում էին, թե ինչպիսի մեծ ձեռքբերում է ունեցել հայ ժողովուրդը իր մեծահոգի ու էսթետ նախագահի շնորհիվ:  Հ1-ն էլ խասյաթի համաձայն կոնտեքստից կտրեց ու ինչքան հնարավոր է մոնտաժված կերպով ներկայացրեց պուրակի պաշտպանների «ուրախությունը», որն իրականում հարամվել էր Հանրապետական կուսակցության նախագահի այցով ու գործողություններով:

Սակայն այս քայլը ակնկալվող արդյունք իրականում չտվեց, եւ այս ամենը շրջվեց էժանագին PR-ով զբաղվող Հանրապետական կուսակցության դեմ: Հարցը նրանում է, որ պարբերաբար Հ1 դիտող մարդու համար Մաշտոցի պուրակի ճակատագիրը մի կարեւոր բան չէ, եւ Սարգսյանի «մեծահոգությունը եւ ճաշակը» նրա կուսակցության համար այդ ընտրազանգվածի մոտ լրացուցիչ դիվիդենտներ դժվար թե ապահովի, մինչդեռ պուրակի պրոցեսում ներգրավված եւ դրանով հետաքրքրված մարդկանց համար այդ քայլն ընդամենը պարզունակ, մանր ժուլիկություն էր, որը ոչ միայն չի կարող ապահովել ինչ-ինչ քաղաքական-նախընտրական օգուտներ, այլ ընդհակառակը` մարդկանց էլ ավելի տրամադրեց Սերժ Սարգսյանի ու Տարոն Մարգարյանի կուսակցության դեմ:

Այս «ցուցումով» բացվում են նաեւ այլ շերտեր` դե եթե բոլոր որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից, ուրեմն նա էլ քաղաքական պատասխանատվություն է կրում պուակում կատարված բոլոր անօրինականությունների, այդ թվում` ոստիկանության գործադրած բռնությունների համար: Հետայսու հանրությունը գիտի, թե ումից անմիջականորեն պահանջի, օրինակ` դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը կամ պատասխանատվության ենթարկել ոստիկանության բարձրաստիճան հրամանատարական կազմին:

Ի դեպ` պատասխանատվության մասին. պուրակում ձեւավորված պրոցեսի առանցքային կետերից մեկն է` բարձրացնել եւ հետամուտ լինել անօրինական որոշումներ կայացնողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հիմնահարցը: Այսպես` համայնքի չինովնիկական դասը համայնքի, ասել է թե` մեր գրպանից գումարներ են ծախսել պուրակում կրպակներ կառուցելու համար, հիմա էլ նորից մեր միջոցների հաշվին դրանք ապամոնտաժում են: Մաշտոցի պուրակի պայքարը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ այսպիսի անպատասխանատու պահվածքին չի տրվել համարժեք եւ բազմակողմանի իրավական գնահատական:

Մաշտոցի պուրակի քաղաքացիական դիմադրության տրամաբանությունը տանում է նրան, որ պուրկից կրպակների հեռացումն ինքնին չի կարող համարվել պայքարի հաղթական ավարտ: Այս պայքարը կարող է ավարտվել միայն այդ կրպակների` օրենքով սահմանված կարգով, եւ ոչ թե Սերժ Սարգսյանի ցուցումով ապամոնտաժելու, ինչպես նաեւ մեղավորներին սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու պարագայում միայն:

Այսինքն, պետք է ոչ թե ընդամենը մաքրել տարածքը անօրինական կառուցված բետոնակույտից, այլեւ նախադեպ ստեղծել, որ նման իրավիճակներ այլեւս չլինեն, որպեսզի այն պետական չինովնիկը, ով հետագայում կարող է հանկարծ տարվել համանման որոշում կայացնելու գայթակղությամբ, հիշի նախորդի ճակատագիրը ու մտքով էլ չանցնի նման բան անել: Հիմա պետք է հասկանալ, թե ովքեր են այս ամենի անմիջական պատասխանատուները իրավական համատեքստում: Կարծես առաջին պլանում են գտնվում քաղաքապետն ու Երեւանի գլխավոր ճարտարապետը: Իսկ քաղաքական պատասխանատվության համար դեռ կխոսենք:

Արթուր Գրիգորյան
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

պիոներ
Նախաագահը շատ մեծ սխալ արավ ընտության հետ կապված, պետք չի զիջել էս տեսակ խառնամբոխին, էտ ովա հավատում թե դրանք տառապում են բնության քաղաքի բարեկարգ ըլնելու մասին, դրանց ղալմաղալի առիթա պետք, քաղաքական շահերի ու իրենց դրսի պատվիրատունռրի ցուցումներ, նախագահ ջան պատրաստվի հաջորդ քայլը ըլնելուա Արին բերդի քանդումը և հողին հավասարացնելը, էն սիրիայից էկած մորուքով մեկը կա ամերիկայից իմացրել են, որ գողացված ու իրանց արխիվներում պահվող կավե սալիկներում ոչ մի խոսք չկա, որ բերդը կառուցելիս Ուրարտուի թագավորները խախտել են Օրհուսի կոնվենցիան, հանրային իրազեկումը վատ են կատարել,չեն համաձայնացրել ԱՄՆ-ի իրավանախորդների հետ, որ վնասել են կողի դաշտի որդան կարմիրի բնադրումը, լավ ղալմաղալի առիթա, կգտնեն թագավորների աճյունները, նախագահականի առաջ կվառեն թեղուտից բերված փայտով, մի խոսքով ահագին թատրոն թամաշա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter