HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալբերտ Շարուրյանի ծննդյան 90-ամյա տարեդարձի առիթով

Այս տարի լրացավ արևմտահայ գրականության, նրանց հեղինակների կյանքի և գործունեության ականավոր հետազոտող-գիտնական, դուրյանագետ և զոհրապագետ Ալբերտ Շարուրյանի ծննդյան 90-ամյակը:

Ծննդյան հոբելյանի հիշատակման միջոցառումների շարքից, բոլորովին վերջերս լույս տեսավ նրա հեղինակած «Պետրոս Դուրյանը վավերագրերում և ժամանակակիցների հուշերում» գիրքը: Ժողովածուն վերահրատարակությունն է շուրջ 40 տարիներ առաջ տպագրված նույնանուն աշխատության, որը գրական շրջանակներում մեծ հետաքրքրություն և պահանջարկ ունի նաև այսօր:

Առհասարակ, հայ գրականության դասական, մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասին հուշեր քիչ են գրվել, պահպանված արխիվային վավերագրերը սուղ են, իսկ արևմտահայ մամուլն էլ մեզ է հասել թերի վիճակում։ Աշխատությունում տեղ գտած նյութերը տարիների ընթացքում Ալբերտ Շարուրյանն իր նվիրական ու տքնաջան աշխատանքով հայթայթել է ժամանակի պարբերականներից, արխիվային ֆոնդերից, ինչպես նաև սփյուռքի աղբյուրներից։

Հրապարակված նյութերը բովանդակում են կենսագրական ու ստեղծագործական բնույթի բազում կարևորագույն փաստեր, գրողի կյանքի ու գործունեության ճշգրտված հանգամանքներ, ժամանակակիցների կարծիքներ ու գնահատումներ: Շարուրյանի աշխատաոճին և բնագրագիտական բարձր արհեստավարժությանը բնորոշ՝ յուրաքանչյուր վավերագրից կամ հիշողությունից հետո նշվում է աղբյուրը, ծանոթագրություններում տրվում են բացատրություններ, նյութերում հիշատակված անձնավորությունների, տեղանունների և պարբերականների մասին տեղեկությունը ներկայացված է բառարանային սկզբունքով:

Ժողովածուն ամփոփում է Պետրոս Դուրյանի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող ցարդ հայտնի բոլոր վավերագրերն ու հիշողությունները։

Ուշադրության է արժանի նաև գրքի կազմը, որի ձևավորման հեղինակը Շարուրյանի թոռներից է՝ Արման Մակարյանը: Կազմի դիմերեսին պատկերված ճյուղերից երեք տանձ է կախված, իսկ չորրորդը՝ պոկված է և ընկած, ինչը խորհրդանշում է կրտսեր եղբոր պատմած երազը և Պետրոս Դուրյանի մեկնությունը. «Չորս պտուղ՝ չորս եղբայրներես, հողին վըրա ինկնողն եմ ես»: Իսկ ծառի ճյուղերը, նկատի ունենալով պատանի գրողի մահացու հիվանության հանգամանքը, պատկերված են թոքային անոթների տեսքով:

«Պետրոս Դուրյանը վավերագրերում և ժամանակակիցների հուշերում» ժողովածուն դուրյանագիտության ասպարեզում Ալբերտ Շարուրյանի ամենևին էլ միակ վաստակը չէ:

Շարուրյանն է կազմել և հրատարակել Դուրյանի երկերի քննական ու ամբողջական ժողովածուի երկհատորյակը (խմբագիրն է Պարույր Սևակը), որն արտացոլում է պատանի հանճարի ստեղծագործական ժառանգության արդեն զտված և համալրված պատկերը: Ալբերտ Շարուրյանն է հեղինակել «Պետրոս Դուրյան. կյանքը և գործը» մեծարժեք աշխատությունը, որտեղ առկա են բազմապիսի նորահայտ կենսագրական տվյալներ, օտար միջամտություններից մաքրված գրողի տաղեր ու նամակներ, ստեղծագործական հետաքրքրություն ներկայացնող փաստեր…:

Շարուրյանի գործուն մասնակցությամբ հնարավոր դարձավ Պետրոս Դուրյանին բացահայտել նաև պատկերավոր իմաստով: Նրա տրամադրած՝ բանաստեղծի կյանքին, գործունեությանը, միջավայրին, տարազին, մազերի հարդարմանը վերաբերող ստույգ տվյալների հիման վրա հայտնի սրտաբան, անատոմ-մարդաբան Անդրանիկ Ճաղարյանի կողմից ի վերջո վերականգնվեց առանց լուսանկարի կյանքից հեռացած 20-ամյա պատանու դիմանկարը:

Եզակի և անգնահատելի է Ալբերտ Շարուրյանի ներդրումը դուրյանագիտության բնագավառում, սակայն նա ջանք չէր խնայում իր ծառայությունը մատուցել նաև գրականության մյուս նվիրյալների կենսագրական ու ստեղծագործական ժառանգության նկատմամբ:

Ալբերտ Շարուրյանին հոգեհարազատ էին արևմտահայ գրողները: Որքան բովանդակային էր նրանց թողած գրական ժառանգությունը, որքան նյութ կար դեռևս չբացահայտված և դեռ որքան անելիք կար այս բնագավառում: Շարուրյանն էր, որ կազմեց և հրատարակեց հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի կյանքն և ստեղծագործությունը համապարփակ ներկայացնող գիրքը: Նա է կազմում Միսաք Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, գրում նրա կյանքին և ստեղծագործությանը վերաբերող գրքեր ու աշխատություններ: Ալբերտ Շարուրյանն է հեղինակել «Միսաք Մեծարենցը և Դանիել Վարուժանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն: Նա է հրատարակել «Դանիել Վարուժան. կյանքի և ստեղծագործության տարեգրություն» գիրքը: Խմբագրել և լույս է ընծայել Վարուժանի երկերի ակադեմիական լիակատար եռահատորյակը: Եվ իր գործելաոճին բնորոշ այս գրողների ստեղծագործությունը և նրանց շուրջ տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները ներկայացվել են միայն փաստերով և անպայման՝ համալիր տեսքով:

2021 թվականը հոբելյանական տարի է նաև Շարուրյանի ամենանախընտրելի գրողների` ինչպես Պետրոս Դուրյանի, այնպես էլ Գրիգոր Զոհրապի համար. առաջինի ծննդյան 170-ամյակն է, երկրորդի` 160-ամյակը։

Մինչ Ալբերտ Շարուրյանի կողմից Գրիգոր Զոհրապի երկերի լիակատար ժողովածուի հրատարակությունը գրականագիտական շրջանակներում գերիշխող կարծիքն այն էր, որ գրողի գեղարվեստական ժառանգությունը կարող էր ամփոփվել ընդամենը մեկ հատորյակում: Եվ ահա, մեկը մյուսի հետևից լույս տեսան ստվարաթերթ վեց հատորները՝ շուրջ 3500 էջ, որտեղ ներկայացվում էր շատ քիչ կամ հազիվ ծանոթ մյուս Գրիգոր Զոհրապը, այսինքն՝ ազգային և պետական գործիչը, հրապարակախոսը, մտավորականը, գրականագետը, ամուսինն ու հայրը, ազնիվ ու պարկեշտ մարդը: Մեր աչքերի առաջ Զոհրապը ներկայանում է իբրև պոլսահայ իրականության ամենաազդեցիկ դեմքը, արևմտահայության փաստացի առաջնորդը, ով թեև չէր սիրում զբաղվել քաղաքական հարցերով և չուներ կուսակցական պատկանելություն, սակայն բոլոր ազգային գործիչները յուրաքանչյուր հարցով գալիս էին ստանալու նրա խորհուրդները: «Որո՞ւ թողում սա անտեր ու անգլուխ ժողովուրդը»,- ասում էր նա, երբ ձերբակալությունից խուսափելու համար նրան առաջարկում էին հեռանալ ու փրկվել, իսկ երբ դա տեղի ունեցավ, ամբողջ պոլսահայությունն էր արդեն թևաթափ ու հուսահատված:

Ալբերտ Շարուրյանը հրատարակում է նաև «Գրիգոր Զոհրապը ժամանակակիցների հուշերում և վկայություններում» իր տեսակի մեջ եզակի և ծավալուն ժողովածուն, ինչն ընթերցողի համար էլ ավելի ճանաչելի է դարձնում և ամբողջացնում Զոհրապի յուրահատուկ կերպարը:

Հայ, թե օտար հեղինակների կողմից այսօր Զոհրապի մասին գրելիս անհնար է չօգտվել Շարուրյանի աղբյուրներից: Ամբողջությամբ այդպիսի աղբյուրների հիման վրա էր, որ Թուրքիայում թուրք հեղինակի կողմից տպագրվեց Զոհրապի գործունեության մասին գիրք: Զոհրապի վերաբերյալ Շարուրյանի ուսումնասիրություններն ունեն նաև պատմաբանական նշանակություն, քանի որ այնտեղ գտնվող մանրակրկիտ ու փաստական տվյալներով կարելի է լավագույնս հասկանալ ժամանակի իրադարձությունները:

Ալբերտ Շարուրյանը Գրիգոր Զոհրապի մասին հեղինակ է հանդիսանում մի շարք գրքերի, աշխատությունների, բազմաթիվ հոդվածների: Հնարավոր չէ մեկ հոդվածի շրջանակներում ներկայացնել այդ ամենը, սակայն նրա գրքերից մեկի մասին արժե խոսել ավելի հանգամանալից:

* * *

Խոսքը «Գրիգոր Զոհրապի կյանքի և գործունեության տարեգրություն» գիտահետազոտական ստվարածավալ աշխատության մասին է, որտեղ ժանանակագրական հաջորդականությամբ, ամիս առ ամիս, օր օրի, երբեմն նաև ժամ առ ժամ ներկայացվում է Զոհրապի անցած բովանդակ կյանքը: Գիրքը ստեղծվել է հեղինակի ահռելի աշխատանքի արդյունքում և տպագրվել մեծ դժվարությամբ, բայց ավելի լավ է այդ մասին լսենք այս պատմության անմիջական ականատեսին, հեղինակի որդուն՝ Աշոտ Շարուրյանին.

«Հայրս վաղուց էր աշխատում այդ գործի վրա, դեռ 90-ականների սկզբներից, երբ Հայաստանի իրականության մեջ նյութականն ու փողը սկսում էր գերիշխել՝ հետին պլան մղելով ազգային մշակույթն ու մտավորականությանը: Սովորաբար նա չեր սիրում տանը խոսել իր գործերից, բայց առիթից առիթ կարծես իր պարտքն էր համարում մի քանի նախադասությամբ մեզ տեղեկացնել, թե ինչով է զբաղված…, թե ինչու է նա դեռ լույսը չբացված իր ծանր գրամեքենան տանում պատշգամբ, որպեսզի դրա չխկչխկոցը չխանգարի մեր քունը: Կեսօրին կամ մատենադարանում էր, կամ արխիվում ու գրադարանում:  Երբեմն էլ դիմում էր ինձ, որպեսզի էլեկտրոնային փոստով իր անունից կապվեմ սփյուռքի հայկական հաստատություններին:

Մենք, իհարկե չէինք հարցնում, թե ինչու է նա զբաղվում մի գործով, որից եկամուտ չէր ակնկալվում, գիտեինք նրան: Գիտեինք, որ այդ ամենն անում է պարտքի զգացողության ու խղճի պարտադրմամբ, անում էր, որպեսզի իր ազգի իրական հարստությունը չկորչեր, ներկայանար սերունդներին: Աշխատում էր որքան հնարավոր է շատ, և որքան տարիքն առաջանում էր, այնքան ավելի էր շտապում իր գործերում, ինչպես հեծանվորդն է արագացնում իր ընթացքը վազքուղու վերջնագծին: Նա այդ ամենն անում էր, թերևս գիտակցելով, որ նրանից հետ այլևս ոչ ոք չի զբաղվելու անեկամտաբեր այդ գործով, չէ որ ժամանակներն արդեն փոխվել են…:

Հայրս գիրքն արդեն ավարտել էր, սակայն, նույնիսկ առանց հոնորարի, նա չէր կարողանում տպագրել այն: Հայաստանի պատկան հաստատություններն ունեին ֆինանսական դժվարություններ կամ էլ, չգիտեմ, գուցե՝ այլ պատճառներ, Զոհրապի դստեր թողած ժառանգությամբ ԱՄՆ-ում ստեղծված հիմնադրամից նույնպես մերժում էր ստացվել:

1994թ. ձմռանը Միացյալ նահանգներում դստեր տանը հյուրընկալվելիս և այցելելով տեղի հայկական եկեղեցին հայրս զրույցի է բռնվում եկեղեցու հոգևոր սպասավորի հետ, ով լավ ճանաչելով Գարեգին Երկրորդ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին հորդորում է հորս գրքի տպագրության հարցով անպայման դիմել նրան:

Գարեգին Վեհափառը, այդ բացառիկ անձնավորությունը, ով գրքերին ձոնված գիրք էր գրել, ով ամեն տարի կազմակերպում էր հայ գրքին նվիրված հանդիսավոր ցուցահանդեսներ, ով աշխարհում, որտեղ էլ գտնվեր իր առաջին պարտքն էր համարում այցելել գրախանութներ՝ վաճառողների զարմացած հայացքների ներքո միայն հաշվված վայրկյաններում ընտրելով  գրքեր, անմիջապես է պատրաստակամորեն արձագանքում հորս նամակին: Նրա ուղարկած և օրհնության խոսքերով մակագրված գրքերն այժմ էլ խնամքով պահվում են մեր տանը հորս աշխատությունների կողքին: Վեհափառը լավատեղյակ էր հորս գրական գործունեությանը, Կանադայից նա նրան հրավիրում է անձամբ ծանոթանալու և զրուցելու գրական ծրագրերի շուրջ, որը մորս առողջական խնդիրների պատճառով տեղի չի ունենում:

Շատ չանցած Վեհափառն ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս: Ես ներկա էի նրանց առաջին հանդիպմանը Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդարանում. երբ հայրս ներկայացավ, Վեհափառը, ի զարմանս ներկաների, մեկնեց ձեռքերը և նրանք գրկախառնվեցին, ասես վաղուցվա մտերիմ ընկերներ էին:  

Վեհափառի շնորհիվ գիրքն իհարկե լույս աշխարհ եկավ, ի դեպ՝ միևնույն հիմնադրամի մեկենասությամբ: Վեհարանում իրենց հանդիպումներին նրանք պայմանավորվում են նաև, որպեսզի հայրս շարունակի ուսումնասիրել Զոհրապի գործունեության դեռևս չհրապարակված էջերը: Հայրս բավական աշխատանք է տանում այդ ուղղությամբ, մեկ երրորդի չափով համալրում և ամբողջությամբ տպագրության է պատրաստում «Գրիգոր Զոհրապի Կյանքի և գրական գործունեության տարեգրության» նոր հրատարակությունը, սակայն երջանկահիշատակ Վեհափառի, և ապա նաև հորս վախճանման հանգամանքները գիրքն այդպես էլ թողնում են անտիպ...»:

* * *

Խոսել Ալբերտ Շարուրյանի միայն գրականագիտական պատկառելի ներդրման մասին կնշանակի նրա գործունեությունը ներկայացնել ոչ ամբողջապես: Նա գրեթե կես դար դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Նրա համար դասախոսական ամբիոնն ամենևին էլ սոսկ աշխատանքային պարտականության կատարման միջոց չէր, և ոչ էլ նստարաններին նստածներն էին զուտ ուսանողներ: Նրա դասախոսությունները նախ և առաջ ընտանեկան զրույցներ էին, որի ընթացքում նա ուսանողների մոտ սեր և հետաքրքրություն էր առաջացնում հանդեպ մեր մեծերը, նրանց ստեղծագործությունները, և որ պակաս կարևոր չէ, նա նրանց կրթում էր իբրև մարդ և իբրև հայ: Թերև այս էր պատճառը, որ նրա դասախոսություններին հաճախում էին նաև այլ մասնագիտությունների ուսանողներ, որոնց բոլորի հիշողություններում անջնջելիորեն դրոշմվելու էր Ալբերտ Շարուրյանը, նրա մտերմիկ խոսքն ու հայրական խրատները…:

Ալբերտ Շարուրյանին ճանաչողները, խորին գնահատանքով ու ակնածանքով են վերաբերվում նրա գրական ձեռքբերումներին,  բայց նրան հիշելիս, որքան էլ տարօրինակ թվա, մոռանալով այդ ամենը սկսում են խոսել նրա մարդկային արժանիքներից: Յուրաքանչյուրը պատմում է մի դիպված, ինչ-որ մի դրվագ կամ երկխոսություն, որը բնութագրում է նրա առաքինի կերպարը: Շարուրյանը նրանց բոլորի հիշողություններում է, քանի որ յուրաքանչյուրին իրենից կարողացել էր փոխանցել թեկուզ մի կաթիլ ջերմություն ու սեր: Ալբերտ Շարուրյանի ծնողները Վանա լճի հարավային կողմում գտնվող Նարեկ և Փայխներ հարակից գյուղերից էին, որոնք հայտնի էին Սուրբ Գրիգոր Նարեկացու աճյունն ամփոփող Նարեկա վանքով ու սրբի ժայռափոր աղոթատեղի-ճգնարանով: Գուցե այս սրբավայրերից էին փոխանցվել Շարուրյանին այդքա՜ն բնորոշ բարությունն ու պարկեշտությունը:

Ալբերտ Սրապիոնի Շարուրյանը բանասիրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, սակայն, ըստ էության, թե՛ իր մասնագիտությունը, և թե՛ գիտական կոչումը ճշգրիտ չեին բնութագրում նրա արժանիքները: Ասել, թե նա մասնագիտությամբ բանասեր էր, կնշանակեր նրան դասել այն հարյուրավոր բանասեր-գրականագետների բանակի շարքերին, որոնց գործը միայն ստեղծագործությունների վերլուծությունն ու քննադատությունն է: Ոմանք նրան անվանում են բանասեր-աղբյուրագեր կամ էլ տեքստաբան, բայց սա ևս խիստ նեղացնում է  Շարուրյանի աշխատանքի տարողության շրջանակը: 

Նշել, թե Ալբերտ Շարուրյանը գիտությունների դոկտոր էր, կստացվեր որ դա է նրա հիմնական վաստակը, այնինչ բոլորին է հայտնի, նա երբեք չէր ձգտում կոչումների կամ պաշտոնների, նա մերժել էր նաև ակադեմիայի անդամ դառնալու առաջարկները: Չէ որ Շարուրյանը աշխատում էր միմիայն իր խղճի թելադրանքով, աշխատում էր անշահախնդիր և այդ ամենը նա անում էր մեծագույն սիրով ու նվիրումով:

Այնպես որ, փաստորեն, շատ-շատերի նման նա չուներ իրեն սազական մասնագիտություն կամ էլ՝ կոչում. նա պարզապես Ալբերտ Շարուրյանն էր:

Արամ ԵԼԱՀՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter