HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Փարիզում Հայաստանի էսպլանադի պաշտոնական բացմանը

Դեկտեմբերի 10-ին Փարիզում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ բացվել է Հայաստանի էսպլանադը: Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, սենատորեներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ըստ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության՝ բացման արարողությանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, սիրելի Անն Իդալգո,

Սիրելի՛ հյուրեր, բարեկամներ,

Այսօր ինձ պատիվ է ընձեռնվել՝ ներկա գտնվելու պատմական այս իրադարձությանը՝ Հայաստանի էսպլանադի բացման հուզիչ և, միևնույն ժամանակ, գոտեպնդող արարողությանը։

Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։

Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը մայրաքաղաք Փարիզի հետ դարերի պատմություն ունեն և հարուստ են համագործակցության ու պատմական առնչությունների բազմաթիվ դրվագներով։ Դրանք սկիզբ են առնում դեռևս Կիլիկյան Հայաստանի թագավորության ժամանակաշրջանից և շարունակություն գտնում հաջորդ դարերում, երբ հայ առևտրականներն աշխույժ կապեր են ստեղծում Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ՝ ամրապնդելով արևելյան քրիստոնեական համայնքների և Եվրոպայի կենտրոնի միջև քաղաքական ու մշակութային կապերը։ Խորհրդանշական է, որ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող տաճարներից մեկում է հանգչում հայոց վերջին արքան՝ Լևոն 6-րդը։

Փարիզի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում մեծացավ հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր և նրանց սերունդներ Փարիզում և նրա շրջակայքում ձևավորեցին ֆրանսահայ ստվար  համայնք՝ իրենց ներդրումն ունենալով նաև այս հիանալի քաղաքի զարգացման գործում։  

Մենք չենք մոռանում, որ հենց Փարիզը դարձավ այն միջազգային կենտրոններից մեկը, որտեղ բազմաթիվ հայ գաղթականներ ու ականավոր մշակութային գործիչներ ապաստան գտան ու նոր կյանքի հնարավորություն ստացան։ Այստեղ՝ Փարիզում, փարիզցիների ջերմ հյուրընկալության պայմաններում ապրել և ստեղծագործել են մեծանուն ֆրանսահայեր Շառլ Ազնավուրը, Միսակ Մանուշյանը, Միշել Լեգրանը, Անրի Տրուայան, Անրի Վեռնոյը, Ժանսեմը, Գառզուն, Զաբել Եսայանը, Շավարշ և Արփիկ Միսակյանները և ուրիշներ։ 

Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո Փարիզում է ապաստան գտել և գործունեություն ծավալել Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանում են հանգչում Առաջին Հարապետության հիմնադիր հայրերից մի քանիսը՝ Ահարոնյանը, Խատիսյանը, Տեր-Մինասյանը և այլք։ 

Փարիզի հետ ջերմ բարեկամության ամենաակտիվ շրջանը կապված է Հայաստանի անկախության երեք տասնամյակների հետ, երբ Երևանի ու Փարիզի միջև ձևավորվեց շատ սերտ ու ընդգրկուն համագործակցություն: Այդ համագործակցության՝ վերջին տարիների ամենաշոշափելի ձեռքբերումներից մեկը հայկական Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փարիզյան մասնաճյուղի բացումն էր, ինչը գործող քաղաքապետ տիկին Իդալգոյի նախաձեռնությունն էր և կյանքի կոչվեց իր հետևողական ջանքերի շնորհիվ։ 

Սիրելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ, Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից սկսած, Փարիզն ու փարիզցիները մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել և ուղեկցել ու սատարել են մեզ նույնիսկ ամենածանր պահերին։ Այս համատեքստում կցանկանայի հիշել և հիշեցնել ևս մեկ պատմական դրվագ, որը շատ խոսուն է այսօրվա մեր միջոցառման համատեքստում։ 1980-ական թվականների վերջին, երբ ղարաբաղյան շարժումը նոր էր մեկնարկել և օրեցօր ավելի էր ուժգնանում, Փարիզ քաղաքն այն եզակի միջազգային կենտրոններից էր, որն իր հանրային ուշադրությամբ պաշտպանության տակ վերցրեց այդ անկախական շարժման ղեկավարներին։ Փարիզի այն ժամանակվա քաղաքապետ Ժակ Շիրակը հյուրընկալեց Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար պայքարող ՝ «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներին՝ ի աջակցություն հայ ժողովրդի նվիրական ձգտումների։ 

Մեծ է եղել Փարիզի քաղաքական և մարդասիրական աջակցությունը արցախահայության արդարացի ձգտումներին նաև հետագայում։ Այս տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախորդ տարի՝ Արցախում արյունալի պատերազմում հրադադարից օրեր անց, Փարիզի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը, որն արցախահայությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և էթնիկ զտումների վերաբերյալ հստակ ահազանգ էր՝ ուղղված ինչպես ֆրանսիական հասարակությանը, այնպես էլ՝ ողջ միջազգային հանրությանը։ Մենք բարձր ենք գնահատում այդ մարդասիրական և քաղաքական քայլը, որը ոգևորությամբ ընդունվեց նաև հայ հասարակության լայն շրջանակների կողմից։

Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, 

Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը։ Հայաստանի Հանրապետության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տարիներ շարունակ մեր կողքին լինելու և մեր վիշտն ու ուրախությունը կիսելու համար։ Մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք հիշում Ձեր բոլոր այցերը Հայաստան, և վստահ եղեք, որ, այսօր էլ և ընդմիշտ, Դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես գործընկեր և թե՛ որպես հարազատ ու հավատարիմ բարեկամ։

Ձեր շնորհիվ այսօր Փարիզի հետ մեր բազմադարյա հարաբերությունների պատմությունը հարստանում է ևս մեկ, բայց իր բնույթով շատ կարևոր ու խորհրդանշական նոր դրվագով՝ Հայաստանի էսպլանադի բացման հանգամանքով, որը մեկ տարածքի մեջ է հյուրընկալելու Կոմիտաս վարդապետի արձանը և Երևանի այգին։ Այս կապակցությամբ կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Փարիզի փոխքաղաքապետ պարոն Առնո Նգաչային՝ նախագծին հետամուտ լինելու համար, ինչպես նաև Փարիզի 8-րդ թաղամասի ղեկավար տիկին Ժան դ’Օտըսերին այս հարցում ցուցաբերած աջակցության համար։ Եվ վերջապես, շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքային խորհրդի բոլոր անդամներին՝ այս պատմական որոշումը միաձայն սատարելու համար: 

Հարգելի՛ բարեկամներ, հյուրեր և հայրենակիցներ, 

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեզ բոլորիս՝ Փարիզի սրտում հայկական այս նոր ու գեղեցիկ անկյունի ստեղծման՝ Հայաստանի Էսպլանադի բացման կապակցությամբ։ Այս առիթով իմ մաղթանքը մեկն է՝ խաղաղություն ու բարեկեցություն հայ և ֆրանսիացի ժողովուրդներին և հարատև կյանք հայ-ֆրանսիական անխախտ բարեկամությանը։ 

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Պատուաբեր ձեռնարկ: Գնահատելի է Միրձոյեանի գործունէութիւնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter