HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Վրաստանում

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ից 10-ը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 8-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրանք ծաղկեպսակ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հանդիպման ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ողջունելով Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը՝ ներկայացրեց Վրաստանի ներքին գործերի նախարարության վերջին տարիների բարեփոխումները՝ կարեւորելուվ երկու երկրների ոստիկանությունների համագործակցության արդյունավետ զարգացումը։

Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Բարձր գնահատելով Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության արդեն իսկ ձեւավորված համագործակցությունը՝ նա նշեց, որ այն արդյունավետ զարգանում է օպերատիվ ծառայողական գործունեության բոլոր ուղղություններով, ամենօրյա աշխատանք է տարվում անձանց հետախուզման, հայտնաբերման ու հանձնման ուղղությամբ, եւ համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը նոր փուլ կհանդիսանա բարիդրացիական հարաբերություններում։

Այցի ընթացքում Վահե Ղազարյանն այցելեց Վրաստանի Պարեկային ոստիկանության վարչություն, որտեղ մանրամասն ներկայացվեցին պարեկային ոստիկանության գործառույթները եւ խնդիրները, կառուցվածքը, պարեկային ոստիկանության կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ոստիկանության պետը ծանոթացավ Վրաստանի Պարեկային ոստիկանության ծառայության շենքային պայմաններին, ծառայության ընթացքում օգտագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությանը, ինչպես և պարեկային տեսուչների համազգեստին եւ հատուկ սարքավորումներին։

Դեկտեմբերի 9-ին Վահե Ղազարյանն այցելեց Սպասարկման գործակալություն, ծանոթացավ տրանսպորտային միջոցների հաշվառման եւ գրանցման, ինչպես և համարանիերի տրամադրման գործընթացին։ Ոստիկանության պետին ներկայացվեց վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման պրակտիկ գործընթացը։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հյուրընկալվեց նաեւ Վրաստանի օպերատիվ կառավարման 112 կենտրոնում։ Ներկայացվեց կենտրոնի աշխատանքը, ահազանգերի ընդունման, համակարգման, հաշվառման և ուղղորդման գործընթացը։

Ոստիկանության պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության Ակադեմիա, ծանոթացավ պարեկների պատրաստման եւ վերապատրաստման, ուսումնական ծրագրերին եւ պլաններին։ Ցուցադրվեցին ընտանեկան բռնության զոհերին աջակցելու, հանցագործներին վնասազերծելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների պրակտիկ գործողությունների գործնական վարժություներ։

Այցի ընթացքում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը Երեւան հրավիրեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ օպերատիվ ծառայողական գործունեության տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա հարցերը առարկայական քննարկելու համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter