HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենաների պետհամարանիշների հափշտակության համար

Ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակման և դրանք վերադարձնելու դիմաց գումար պահանջելու դեպքերի առթիվ քաղաքացիներից ոստիկանության Կոտայքի բաժնում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել են քրեական գործեր և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և միացվել մեկ վարույթում:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Բ.-ն, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ա Ա.-ի հետ, խմբի կազմում 2021թ. հունիս ամսին, տարբեր օրերի և ժամերի Մ. Բ.-ի կողմից շահագործվող «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայով շրջելով Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 150 000-ից 1 մլն 500 000 դրամ արժողության թվով 8 զույգ համարանիշերը: 

«Օգտվելով Կառավարության 2010 թ-ի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշերի կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտամադրելու հանգամանքից՝ նրանք մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ համարներն իրենց մոտ լինելու և վերադարձնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցի կոնկրետ հասցեով կապ հաստատելու վերաբերյալ: Միաժամանակ, համարանիշերը վերադարձնելու համար նրանք պահանջել են համապատասխանաբար՝  30 000-ից մինչև 150 000 դրամ գումարներ փոխանցել իրենց կողմից ուղարկված կրիպտոհաշվին՝ սպառնալով չհամաձայնվելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշները վերադարձվել են սեփականատերերին:

Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվող նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակացությամբ Ա. Ա.-ին և Մ. Բ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք:

Միջնոդություն է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Ա.-ին կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Մ. Բ.-ն ձերբակալվել է և նրան նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter