HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Իրաքին է վերադարձրել «Գիլգամեշի էպոս»-ից հատված պարունակող կավե սալիկը

Այս կավե սալիկը, որի վրա եղել է հատված «Գիլգամեշի էպոս»-ից, գողացվել էր Իրաքի թանգարաններից մեկից և 2007 թվականին ապօրինաբար տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Հիմա ամերիկացիներն այն վերադարձրել են Իրաքի իշխանություններին, որոնք կավե սալիկի վերադարձն անվանել են հաղթանակ բոլոր նրանց նկատմամբ, որոնք ցանկանում էին գողանալ Իրաքի պատմությունը։ 

Գիտնականների կարծիքով` այդ կավե սալիկն ունի մոտ 3500 տարվա պատմություն։ 2014 թվականին այն ձեռք էր բերել Hobby Lobby ընկերությունը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում ցուցադրության համար։ ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 1991 թվականին այն գողացվել էր Իրաքի թանգարաններից մեկից և ապօրինաբար տեղափոխվել Միացյալ Նահանգներ։  

Ամերիկյան իշխանությունները 2019 թվականին այն առգրավել էին՝ հայտարարելով, որ սալիկը գողացվել է և պետք է վերադարձվի իրաքյան կողմին։ Այս տարվա սեպտեմբերին Սմիթսոնյան ազգային թանգարանում կայացել է մոտ 17 հազար գողացված հնությունների վերադարձի արարողություն, որոնք ԱՄՆ-ն համաձայնվել է վերադարձնել Իրաքին, չնայած դրանցից մի քանիսը վերադարձվել էին արդեն իսկ հուլիս ամսին։ Դրանց թվում էր նաև «Գիլգամեշի էպոս»-ից հատված պարունակող կավե սալիկը։

«Վերադարձնելով այդ ապօրինաբար ձեռքբերված օբյեկտները՝ Միացյալ Նահանգների և Իրաքի իշխանությունները Իրաքի ժողովրդին հնարավորություն են տալիս կրկին հաղորդակցվել իրենց պատմության հետ»,- հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Նրա խոսքերով՝ կավե սալիկի վերադարձն էական հաղթանակ է մշակութային արժեքների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործընթացում։  

ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2001 թվականին Գիլգամեշի սալիկը հայտնվել էր հնարժեք իրերի լոնդոնցի վաճառողի ձեռքում։ Այնուհետ այն հայտնվել էր ամերիկացի դիլերների մոտ, հետո վերադարձվել Լոնդոն, որտեղ 2014 թվականին Christie's աճուրդների տունը 1,67 միլիոն դոլարով վաճառել էր Hobby Lobby-ին։ 

Վերջինս Christie’s-ին դատի է տվել՝ հայտարարելով, որ աճուրդների տունը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր սալիկի պատմության վերաբերյալ։ Christie’s-ն էլ հայտարարել է, որ այդ ժամանակ չգիտեր, որ սալիկի փաստաթղթերը կեղծ են եղել։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter