
Թուրքական բանակը կհամալրվի լազերային զենք ունեցող դրոններով
Աշխարհում առաջին Eren անունը կրող լազերային զենքով դրոնը Թուրքիայում հաջող փորձարկումներ է իրականացրել՝ կրակ արձակելով 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ Eren-ը կհամալրի Թուրքիայի զինված ուժերի լրակազմը՝ փորձարկումների բոլոր փուլերի ավարտից հետո։
Eren դրոնը, որն արտադրվել է թուրքական TÜBİTAK և ASİSGUARD ընկերությունների կողմից, Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության քրեագիտության դեպարտամենտի համակարգմամբ, կարող է նշված հեռավորությունից լազերային զենքի միջոցով չեզոքացնել պայթյունավտանգ տարրերը։ Eren անվանումը տվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Դրոնի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 3 000 մետր։
Eren դրոնն առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից՝ ATO Congresium ցուցադրությունների կենտրոնում։
Թուրքիայի ոստիկանության ներկայացուցիչ Այքութ Էրօղլուն Anadolu գործակալությանը հայտնել է, որ Eren դրոնը նախատեսված է լազերային զենքի օգնությամբ պայթուցիկ սարքերի ոչնչացման համար։ Վերջինիս խոսքերով՝ լազերային զենքը որոշակի հեռավորությունից կարող է ոչնչացնել ռումբերը և զինամթերքը։
«Հաջող փորձարկումներ են իրականացվել 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Eren-ը կօգնի ոչնչացնել պայթյուցիկ սարքերն առանց սակրավորների ներգրավման»,- նշել է նա։
Թուրքական արտադրության հարվածային անօդաչուներն ու դրոնները մեծապես կիրառվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանը Թուրքիայից ստացել էր մեկ տասնյակից ավելի Bayraktar TB2, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել մարտական գործողություններին։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել