
Քենթուքի նահանգում տեղի ունեցած պտտահողմի զոհերի թիվը գերազանցել է 70-ը
Երկու օր առաջ գիշերը ԱՄՆ Քենթուքի նահանգում տեղի ունեցած հզոր պտտահողմի զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Էնդի Բեշիրը։ Այն վնասներ է հասցրել նաև հարևան մյուս նահանգներին։ Դեռևս անհայտ է զոհերի հստակ թիվը։ Սպասվում է, որ միայն Քենթուքիում զոհերի թիվը կգերազանցի 100-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի օգնի երկրի կենտրոնական նահանգներին, որոնք տուժել են հզոր պտտահողմից։ Բայդենը ստորագրել է արտակարգ իրավիճակների մասին հրամանագիր, որը հնարավորություն կտա դաշնային ռեսուրսներից հատկացումներ անել Քենթուքիի համար։ Նա պտտահողմը գնահատել է որպես երկրի պատմության ամենամասշտաբայիններից մեկը, իսկ Քենթուքիի նահանգապետի խոսքերով՝ ամենամասշտաբայինը նահանգի պատմության մեջ։
Deadly tornadoes caused destruction across western Kentucky on Friday, prompting Gov. Beshear to issue a state of emergency for “the most severe tornado event in Kentucky’s history," he said. https://t.co/f9DPMR3l09 pic.twitter.com/nSCGajbncz
— CBS News (@CBSNews) December 11, 2021
Քենթուքի նահանգի Գրեյվս շրջանի Մեյֆիլդ քաղաքը, որն ունի մոտ 10 հազար բնակչություն, նահանգի ամենաշատ տուժած բնակավայրն է։ Մի քանի տասնյակ մարդ միայն զոհվել է այդ քաղաքում գտնվող մոմերի ֆաբրիկայում, որտեղ պտտահողմի արդյունքում փլուզվել էր տանիքը։ Պտտահողմի ժամանակ ֆաբրիկայում եղել է մոտ 100 մարդ։ Ավելի քան 40-ը փրկվել է։ Քենթուքիի նահանգապետը հայտարարել է, որ հրաշք կլինի, եթե էլի ինչ-որ մեկին հնարավոր լինի այդտեղ ողջ գտնել։
Բեշիրի խոսքերով՝ նահանգում զոհերի թիվը կազմում է «հավանաբար, 70-100-ն ընկած միջակայքում»։ Մեյֆիլդի քաղաքապետ Քեթի Ստյուարտ Օ’Նան CBS-ին հայտնել է, որ ֆաբրիկան «այնպիսի տեսք ունի, կարծես նրա վրա ռումբ է ընկել»։ Շենքն ամբողջությամբ ավերվել է։
Town center of #Mayfield is basically gone. Just about every building destroyed. @WDRBNews pic.twitter.com/AarC3DHyFM
— Travis Ragsdale (@TravisRagsdale) December 11, 2021
Ուժեղ քամու պատճառով Հոփքինս շրջանում ռելսերից գնացք է դուրս եկել։ Քենթուքիում հայտարարվել է արտակարգ դրություն։ Նահանգում տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և ջրի։
Առնվազն 14 մարդ էլ մահացել է հարևան նահանգներում, այդ թվում՝ 6-ը Իլինոյս նահանգի պահեստներից մեկում։ Փլուզվել է Քենթուքիից հյուսիս-արևմուտք գտնվող Իլինոյսի Էդվարդսվիլ քաղաքում գտնվող Amazon ընկերության պահեստի տանիքը։ Amazon-ը հայտարարել է, որ դեռևս գնահատում է իրավիճակը և հասցված վնասը, իսկ Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Փրիցքերը խոստացել օգնություն տրամադրել քաղաքին։
Իլինոյսի ոստիկանապետ Մայք Ֆիլբեքը հայտարարել է, որ վեց մարդ զոհվել է, իսկ անհետ կորածների թիվը շարունակում է անհայտ մնալ։
Արքանզասում էլ պտտահողմին զոհ է գնացել երկու մարդ, որոնցից մեկը եղել է ծերանոցում, որտեղ մասամբ վնասվել է տանիքը։ Նախնական տվյալներով՝ էլ Թենեսիում զոհվել է չորս մարդ։ Երկու մահ էլ հաստատվել է Միսուրի նահանգում։
Նախագահ Բայդենի խոսքերով՝ դաշնային կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի օգնի տուժածներին։ «Մենք միասին կանցնենք այս ամենի միջով»,- նշել է Միացյալ Նահանգների առաջնորդը։
Լուսանկարը՝ Mark Humphrey / Associated Press
Մեկնաբանել