HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններ: Հերթական աշխատանքային շրջայցի  ընթացքում Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2012 թ.-ի ծրագրերով Կենտրոն վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել  բակային տարածքներում  և բազմաբնակարան շենքերի մուտքերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների արդյունքները, ընթացքն ու նախատեսվող ծրագրերը: 

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը Կենտրոնի բնակիչների հետ միասին գնահատել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ու ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով և նստարաններով կահավորված նոր բակերը: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած «Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը: «Մեր դիրքորոշումը հստակ է. Երևանը պետք է համաչափ զարգանա և, անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից, երևանցին պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք բնակիչ: Բարեկարգ, հարմարավետ, խնամված ու խաղահրապարակներով կահավորված բակերը ևս այդ նպատակի բաղադրիչն են: Այսօր արդեն լուրջ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ և կարող եմ վստահեցնել, որ մի քանի տարիների ընթացքում կբարեկարգենք բոլոր բակային տարածքները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաջազնունու 9 հասցեի բարեկարկված բակում խաղացող բազմաթիվ ժպտադեմ փոքրիկների աշխուժությունն արդեն ապացուցում էր, որ կառուցված նոր խաղահրապարկն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:

Քաղաքապետին զեկուցվել է, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգման աշխատանքներ են ընթանում:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:

Քաղաքապետի հետ անմիջական շփումների ընթացքում բնակիչները Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև իրենց հուզող խնդիրները: Բարձրացվել է մասանավորապես բակային տարածքներում ոռոգման ցանց ունենալու հարցը: «Բակային տարածքների ոռոգման  խնդիրներ կան ոչ միայն Կենտրոնում, այլ նաև մյուս վարչական շրջաններում: Այս տարի նախատեսել ենք 16 կմ ոռոգման նոր ցանց անցկացնել և հաշվի առնելով մեր բնակիչների խնդրանքը, վերանայել ենք ոռոգման ծրագիրն ու արդեն այս տարի որոշ բակային տարածքներ ընդգրկել ենք ծրագրում: Համոզված եղեք, որ այս մոտեցումը ևս շարունակական է լինելու և ոչ ուշ ապագայում մենք բակերում ևս կունենանք ոռոգման ցանց»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Հատկանշական է, որ Երևանի նկատմամբ սրտացավ ու հոգատար լինելու քաղաքապետի հորդորին օրըստօրե ավելի ու ավելի շատ ընկերություններ են միանում: Այս համատեքստում Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացրել նաև Տերյան 62 ու Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի լիարժեք բարեկարգված բակերը: Տարոն Մարգարյանը կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունն ընդգծել է, որ համատեղ ուժերով Երևանը բարեկարգելու և գեղեցկացնելու արդյունքում ոչ ուշ ապագայում կունենանք մեր երազած Երևանը: Ի նշան գնահատանքի, քաղաքապետը եղևնի է տնկել Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի բարեկարգված բակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter