HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հոկտեմբերին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 12.3%-ով կրճատվել են 

Այս տարվա առաջին ինն ամիսների աճից հետո հոկտեմբերին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են։ Անկումը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից ստացվող գումարների կրճատմամբ։

Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի տվյալները, 2021 թվականի առաջին 10 ամսվա ընթացքում (հունվար-հոկտեմբեր) բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 722 մլն դոլարի համարժեք գումար։ 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 232 մլն դոլարով կամ 15.6%-ով։

12-ամսյա կտրվածքով (2021 թվականի հունվարը 2020 թվականի հունվարի համեմատ, փետրվարը՝ փետրվարի համեմատ և այլն) տրանսֆերտներն աճել են բոլոր ամիսներին, բացառությամբ՝ հոկտեմբերի։ Ոչ էական չափով անկում է գրանցվել նաև օգոստոսին (տե՛ս ինֆոգրաֆիկան)։

2021 թվականի հոկտեմբերին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել 185.4 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է 26 մլն դոլարով կամ 12.3%-ով։ 

Ինչպես նախկինում առիթ ենք ունեցել գրելու, այս տարի արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների աճին մեծապես նպաստել են ԱՄՆ-ից կատարվող փոխանցումները։ 

Հոկտեմբերին կրճատվել է ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Ռուսաստանից ստացվող գումարների ծավալը։ Հիշեցնենք, որ այս երկու երկիը դեպի Հայաստան տրանսֆերտների հիմնական աղբյուրն են։

Եթե 2020 թվականի հոկտեմբերին Ռուսաստանից բանկերի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են ուղարկել 111.5 մլն դոլար, ապա 2021 թվականին 78.4 մլն դոլար (նվազումը՝ 33.2 մլն դոլար կամ 29.7%-ով), իսկ ԱՄՆ-ից ուղարկվող գումարները 57.8 մլն դոլարի դիմաց կազմել են 52.4 մլն դոլար (նվազումը՝ 5.4 մլն դոլար կամ 9.3%)։

Այսպիսով, տվյալները ցույց են տալիս, որ հոկտեմբերին տրանսֆերտների կրճատումը մեծ մասամբ պայմանավորված է Ռուսաստանից ստացվող գումարների նվազմամբ, որոշ չափով էլ՝ ԱՄՆ-ից։ Իսկ մինչ այդ երկու ուղղությամբ էլ աճ է գրանցվել։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱՄՆ-ից հոսող գումարների աճը պայմանավորում է ԱՄՆ-ում քաղաքացիների ստացած պետական օժանդակությամբ: Դա դրական է ազդել նաև ԱՄՆ-ում գտնվող հայերի եկամուտների վրա, քանի որ նրանք գումարներ են ուղարկում Հայաստանում ապրող իրենց հարազատներին: Դատելով հոկտեմբերի տվյալներից՝ այդ գումարների աղբյուրը, որն է՝ պետական օժանդակությունը, հնարավոր է, դադարել է։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ էլ էական դեր է խաղացել արտագնա աշխատանքի մեկնողների գործոնը։ 2020 թվականի սկզբում տարածված համավարակի ու փակ սահմանների հետևանքով մի շարք հայաստանցիներ, որոնք սեզոնային աշխատանքի են մեկնում Ռուսաստան, մնացին հայրենիքում։ Նրանց մի մասը կարողացավ նշված երկիր մեկնել միայն 2020 թվականի վերջերից ու 2021-ի սկզբից։ Դրա հետևանքով մեխանիկորեն ավելացան նաև Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները։ Սակայն, հոկտեմբերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այստեղ էլ կրկին խնդիրներ են առաջացել։

Հոկտեմբերին նվազել է նաև գումարների արտահոսքը

Գումարների ներհոսքի կրճատմանը զուգահեռ, այս տարվա հոկտեմբերին կրճատվել է նաև արտահոսքը, սակայն՝ ոչ այնքան մեծ չափով, որքան ներհոսքը։

2021 թվականի հոկտեմբերին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստանից արտասահման են ուղարկել 112.6 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է մոտ 5 մլն դոլարով կամ 4.1%-ով։

Արտահոսքի կազմում ևս ամենամեծ կշիռն ունեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որոնց ուղղություններով հոկտեմբերին անկում է գրանցվել։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին տասն ամսվա ընթացքում Հայաստանից արտասահման է փոխանցվել 979.2 մլն դոլար, որը 2020 թվականի նույն ամիսների համեմատ աճել է մոտ 13 մլն դոլարով կամ 1.3%-ով։

Արդյունքում, դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 2021 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 743 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 219.3 մլն դոլարով կամ 42%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter