
Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է առանց պետական գրանցման հանքարդյունահանման ապօրինի դեպք:
«ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժնի կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ առ այն, որ նշված տարածքում իրականացվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի հանքարդյունահանում ֆիզիկական անձի` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ի կողմից: Վերջինս այն կազմակերպել է տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով և հիմնականում երեկոյան ժամերին` հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով: Արմավիրի մարզի Արտամետ համայնքի տարածքում գտնվող ընկերությանը պատկանող մոտ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությունը կազմակերպվել է առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառում ունենալու:
Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարած համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 հզ խոր. մետր լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 159 միլիոն դրամ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, որի համաձայն հարուցվել է վարչական վարույթ:
Կազմված արձանագրությունը և կից նյութերը ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել