HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատմական այց. Իսրայելի վարչապետն առաջին անգամ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Նաֆթալի Բենեթը դարձել է Իսրայելի կառավարության առաջին ղեկավարը, որը պաշտոնական այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Իսրայելի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բենեթը Աբու Դաբի է ժամանել կիրակի երեկոյան։ Նույն օրը նա հանդիպել է ԱՄԷ ԱԳ նախարար շեյխ Աբդալա բին Զայիդ ալ Նահայանի հետ։

Համաձայն Իսրայելի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ երկուշաբթի Բենեթը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայիդ ալ Նահայանի հետ։ Ինչպես Աբու Դաբի մեկնելուց առաջ հայտարարել էր Բենեթը, իր այցի նպատակը կայանում է «բոլոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության խորացումը»։ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները նա բնորոշել է «հիանալի»։ Իսրայելի վարչապետի խոսքերով՝ նա մտադիր է շարունակել զարգացնել և ամրապնդել այդ հարաբերություններն ու «խաղաղություն կառուցել ժողովուրդների միջև»։

Չնայած դեռևս չի հրապարակվել, թե ինչ են խոսել երկու երկրների ներկայացուցիչները, բնականաբար, նրանք կխոսեն նաև Իրանի մասին։ ԱՄԷ-ում հիմնականում կիսում են Իսրայելի՝ Իրանի նկատմամբ վարվող քաղաքականությունն ու մտահոգությունները, այդուհանդերձ, վերջին շրջանում արաբական երկրները և, հատկապես, Արաբական Միացյալ Էմիրությունները ձգտում են կարգավորել հարաբերություններն Իրանի հետ։ Դեկտեմբերի սկզբին այդ նպատակով Իրան էր այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական շեյխ Թահնուն բին Զայիդ ալ Նահայանը։

Նախորդ տարի Էմիրությունները խախտել էր տասնամյակներ առաջ արաբական երկրների միջև կնքված քաղաքական համաձայնագիրը և կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ։ Մինչ այդ Եգիպտոսն ու Հորդանանն արաբական միակ երկրներն էին, որոնք դիվանագիտական հարաբերություններ ունեին Իսրայելի հետ։ 

Այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբերին Իսրայելն ու ԱՄԷ-ն ստորագրեցին հարաբերությունների կարգավորման համաձայնագիր, երկու երկրների միջև հաստատվել էր ուղիղ ավիահաղորդակցություն և ստորագրվել համագործակցության վերաբերյալ մի քանի փաստաթղթեր։ Այնուհետ, 2021 թվականի հունիսին Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հանդիսավորությամբ բացել էր Աբու Դաբիում Իսրայելի նոր դեսպանությունը, իսկ հուլիսին՝ ԱՄԷ դեսպանությունը Թել Ավիվում։ 

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կայացել էր ԱՄՆ՝ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Վերջինիս միջնորդությամբ կարգավորվել էին Իսրայելի հարաբերությունները նաև Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ։ 

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter