Ոստիկանություն․ մի ողջ զինանոց է հայտնաբերվել, կան ձերբակալվածներ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություն են ձեռք բերել, որ Այգեշատ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ մեքենայում հրազեն է պահում։
Ոստիկանության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 10-ին երիտասարդը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը ձերբակալվել է։
«Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվել են նաև երիտասարդի կողմից շահագործվող մյուս մեքենան ու բնակարանը։ «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, դետոնատորի պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 17 փամփուշտով, տարբեր տրամաչափի և հրազենների 2000-ից ավելի փամփուշտ և այլն։
Բնակարանի խուզարկությամբ ևս գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել, ինչպես և թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 26, մյուսը՝ 30 փամփուշտով։
Արմավիրի ոստիկանները տեղեկացել են, որ ավտոմեքենաներում և բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքը 19-ամյա երիտասարդին տվել էր Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 11-ին հայտնաբերվել է, բերման ենթարկվել բաժին ու ձերբակալվել։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող գործարանային համարով հրացան։ Ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են»- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել