
Կարեն Կարապետյանի մրցակցի եկամուտը խոտի վաճառքի և նպաստի գումարն է. իսկ ի՞նչ է հայտարարագրել Կարեն Կարապետյանը
Լոռու մարզի թիվ 32 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է պատգամավորության 5 թեկնածու: Եթե նրանց ուժերը չափենք կուտակած կարողություններով, ապա առաջատարը Հանրապետականի թեկնածուն է:
ՀՀԿ. Կարեն Կարապետյան. Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանն այնքան համեստ է ներկայացրել իր ունեցվածքը, որ մի պահ ուզում ես հավատալ դրան: Պարզվում է, նա ոչ տուն ունի, ոչ հողամաս, ոչ ավտոմեքենա, ոչ թանկարժեք իրեր ու գույք:
Կարեն Կարապետյանը վերջին մեկ տարվա ընթացքում, երբ դեռ նախագահի աշխատակազմում էր աշխատում, ստացել է 1 միլիոն 923 հազար 382 դրամ աշխատավարձ: Նրա մյուս եկամուտի աղբյուրը` «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ում ունեցած 86 միլիոն 798 հազար 250 դրամ շահաբաժինն է:
Մարտի 1-ի դրությամբ, Կարեն Կարապետյանն ունեցել է 180 միլիոն դրամ եւ 189 հազար դոլար:
Նրան են պատկանում «Արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ-ի` 33.15 եւ «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ի 15 տոկոս բաժնետոմսերը:
Օֆելյա Վահանյան. Այս թեկնածուի հայտարարագրում տող անգամ լրացված չէ: Պարզվում է, նա ոչինչ չի ունեցել մեկ տարվա ընթացքում, նույնիսկ` 1 դրամ գումար:
Հայաստանի ժողովրդական կուսակցություն. Նաիրի Արոյան. Առաջադրված թեկնածուն գործազուրկ է: Երեւան քաղաքում ունի 76.6քմ բնակարան եւ 1991թ. արտադրության «КМЗ-8136» մակնիշի ավտոմեքենա: Մարտի 1-ի դրությամբ Նաիրի Արոյանը ոչ եկամուտ է ունեցել, ոչ էլ նրա հաշվեհամարին գումար է եղել:
Անուշավան Նիկողոսյան. Նա «ԱՆԴԱՎ» ՍՊԸ-ի տնօրենն է: Ըստ թեկնածուի հայտարարագրի` Ստեփանավան քաղաքում ունի 522.9քմ մակերեսով արհեստանոց, 126.1քմ բնակելի տուն եւ Երեւանում 43.9 քմ մակերեսով բնակարան:
Անուշավան Նիկողոսյանը հայտարարագրել է «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի մեկ ավտոմեքենա` 2003թ. արտադրության: Որպես եկամուտ, Ա. Նիկողոսյանը նշել է իր ղեկավարած ՍՊԸ-ից ստացած վերջին մեկ տարվա աշխատավարձը` 720 հազար դրամ: Մարտի 1-ի դրությամբ հաշվեհամարին ունեցել է 1 միլիոն 200 հազար դրամ:
Թեկնածուին է պատկանում «ԱՆԴԱՎ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը:
Արտակ Միրզոյան. Այս թեկնածուն եւս գործազուրկ է: Երեւանում ունի տուն, հողամաս, տնամերձ հողամաս, Բովաձոր համայնքում` 1.373 հա վարելահող եւ 0.509 հա խոտհարք:
Եկամուտների բաժնում Արտակ Միրզոյանը հայտարարագրել է խոտի վաճառքից ստացած 200 հազար դրամը, Ստեփանավանի սոցիալական ծառայությունից ստացած 324 հազար դրամ նպաստը եւ ինչ-որ մեկից ստացած 500 հազար դրամ ֆինանսական օգնությունը: Մարտի 1-ի դրությամբ նրա հաշվին եղել է 777 հազար դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել