Արցախի ոստիկանությունում կկազմավորվեն ոստիկանության զորքեր՝ մասնակցելու երկրի պաշտպանությանը
Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օրակարգում «Ոստիկանության զորքերի մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է եղել: Այն ներկայացրել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը:
Նշվում է, որ օրինափաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով:
«Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանությունում կկազմավորվեն ոստիկանության զորքեր, որոնք կմասնակցեն հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, Արցախի Հանրապետության պաշտպանությանը, ինչպես նաև կպահպանեն հատուկ և կարևորագույն օբյեկտները ու կապահովեն հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը, բացի այդ կապահովվի համապատասխան օրենքներում հասկացությունների միասնականությունը։
Առաջարկվում է սահմանել ոստիկանության զորքերի հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները և իրավունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության զորքերի ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման կարգը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Օրինափաթեթն արժանացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել