HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մաուգլի. «Ամեն փրկիչ չէ, որ արժանի է ոհմակի»

Շեր Խանի քառակուսի, մեծ գլուխն ու ուսերը փակեցին քարանձավի մուտքը: Լսվեց Տաբակիի ղժղժոցը.

-Տեր իմ, նա մտավ այստեղ:

-Շեր Խանը մեծ պատիվ է անում մեզ,- նկատեց հայր Գայլն ու նրա աչքերը փայլեցին չարությունից,- ի՞նչ է պետք Շեր Խանին:

-Իմ որսը: Մարդու ձագը մտավ այստեղ,- պատասխանեց Շեր Խանը,- նրա ծնողները փախան: Ինձ տուր նրան: (Ռ. Քիպլինգ, «Մաուգլի»)

Սա պատմության սկիզբն է մի որբուկի մասին, որը ճակատագրի բերումով փրկվում է կաղ վագրի ճիրաններից, հայտնվում գայլերի ընտանիքում, գայլերի առաջնորդ Ակելայի հավանությամբ դառնում ոհմակի լիարժեք անդամ, դաստիարակվում Բալուի (արջ), Բագիրայի (լուսան) ու Կաայի(օձ) կողմից, դիմակայում երաշտին ու շեկ շների հարձակմանը եւ կործանում իրեն մշտապես հոշոտելու մտքերով տարված Շեր Խանին: Անգլիացի գրող Ռեդյարդ Քիպլինգի «Ջունգլիների գիրքը» պատմվածքների ժողովածուից «Մաուգլի»-ն թերեւս ամենաշատ մեկնաբանվածն է ներկայացումների, գեղարվեստական եւ անիմացիոն ֆիլմերի տեսքով: Շատերն են համոզված, որ Մաուգլիի վտանգներով լեցուն կյանքը պիտի հետաքրքրի միայն փոքրերին եւ դեռահասներին: Սակայն Գյումրու դրամատիկական թատրոնում բոլորովին այլ կարծիքի են, եւ որոշեցին բեմադրել ներկայացում, որի ասելիքն առավելապես ուղղված է մեծահասակներին: 

«Մաուգլի»-ն առաջին անգամ բեմադրվել է 1986թ.-ին, երբ Լենինականի դրամատիկ թատրոնի գլխավոր ռեժիսորը Խորեն Աբրահամյանն էր (1985-1988թթ): Ներկայացումը երաժշտական էր, սակայն մյուզիքլ չէր, քանի որ դերասանները չէին երգում: Ողջ ներկայացումը ընթանում էր կենդանի երաժշտությամբ, որն ապահովում էր հայտնի «Բամբիռ» ռոք խումբը՝ Գագիկ Բարսեղյանի (Ջագ) ղեկավարությամբ: Ներկայացման մեջ հնչում էին Ջագի հեղինակային երգերը: 35 տարի անց, ձեռնամուխ լինելով կրկին ներկայացնելու այդ մեծամասշտաբ գործը՝ բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը որոշել է շեշտը դնել առավելապես դրամատուրգիայի վրա՝ փոփոխելով եւ համահունչ դարձնելով երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

«Մաուգլի»-ն բեմադրելու առաջարկն արել է երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը: Արցախյան պատերազմից հետո յուրաքանչյուր պիեսի ընտրություն թատրոնում կատարվում էր՝ ելնելով երկրում տիրող իրավիճակից: Լյուդվիգ Հարությունյանի պնդմամբ` թատրոնն իներտ օրգանիզմ չէ, չզբաղվել քաղաքականությամբ դեռեւս չի նշանակում լինել անտարբեր շուրջը կատարվողին: «Եթե մենք չենք կանգնում փողոցում ու գոռում, դա դեռեւս չի նշանակում, որ չունենք մեր դիրքորոշումը Հայաստանում ընթացող պրոցեսներին: Եթե դերասանը, թատրոնը պատերազմի ժամանակ կարող է շատ արագ ինքնակազմակերպվել, վերածվել թիկունքի՝ ցանց հյուսել, հագուստ կարել, ապա հետպատերազմյան շրջանում եւս պետք է իր ակտիվ դիրքորոշումն ունենա, բայց այս անգամ ներկայացումների միջոցով,- նկատում է ներկայացման ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը,- իմ հարազատների մեջ եւ զոհ, եւ գերեվարվածներ կան, բայց ես համարում եմ, որ ոչ ես, ոչ որեւէ մեկն ընկճվելու, հուսահատվելու իրավունք չունենք»:

Բեմադրական աշխատանքները սկսվել են 8 ամիս առաջ: Սկզբում որոշել են շեշտադրումն անել մարդու ու բնության միջեւ եղած խզման վրա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սակայն երկրում սկսված հետպատերազմյան զարգացումները ստիպում են ստեղծագործական կազմին դիմել սցենարական փոփոխությունների. նրանց է միացել դրամատուրգ Բաբկեն Զաքարյանը: «Իհարկե հանդիսատեսը մանկությունից իրեն ծանոթ Մաուգլիի պատմությունն է դիտելու բեմում, սակայն ասելիքը գրեթե 80 տոկոսով փոփոխված է: Աշխատել ենք դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի հետ, փորձել ենք ներկայացման ասելիքը տալ գլխավոր հերոսների երկխոսության, նրանց փոխհարաբերությունների միջոցով»:

Բնության եւ կենդանիների ներդաշնակությունը, որ արտացոլված է Քիպլինգի ստեղծագործությունում, լավագույն դասերից մեկը կարող է լինել բնությունից հեռացած մարդուն: Ջունգլին ունի իր օրենքները, որոնք խախտողները խստորեն պատժվում են: Իմաստուն օձ Կաան է ասում. «Ջունգլիների օրենքի գեղեցկություններից մեկն էլ այն է, որ պատիժը զրոյացնում է բոլոր հաշիվները: Դրանից հետո ոչ մի նվնվոց։ Այն ամենը, ինչ կա, եղել է նախկինում: Եվ այն, ինչ կլինի, միայն անցած տարիներից եկած նորի ծնունդն է»:

«Ասել, թե ներկայացումը միանշանակ քաղաքական է, սխալ կլինի, սակայն ենթատեքստ կա,- նկատում է Լյուդվիգ Հարությունյանը,- սա արձագանքն է տեղի ունեցողին եւ ներկայացման վերջում մենք տալիս ենք նաեւ լուծումը: Մարդկային այնպիսի արատները, ինչպիսին են դավաճանությունը, անհավատարմությունը, չհամախմբվելը, սիրո կորուստը, չարությունը, անհաշտությունը, միմյանց չհասկանալը կարող են բերել մեծ աղետների, ինչն էլ մենք տեսնում ենք նաեւ կենդանական աշխարհում: Ուրեմն ո՞րն է լուծումը, իհարկե թվարկածներիս հակառակը՝ սեր, համերաշխություն համախմբվածություն, միմյանց թեւ ու թիկունք լինելու կարողություն: Մեզ համար Մաուգլին սիմվոլիկ կերպար է, ու իր դերը մեր ներկայացման մեջ մարդու ու կենդանիների մաքրագործումն է: Ես համարում եմ, որ յուրաքանչյուրն իր կյանքում պետք է հասնել կատարսիսի՝ մաքրագործվի,-նկատում է զրուցակիցս,- մեր նպատակը չէ, որ ասենք՝ սա լավն է, սրանք վատն են, այլ ինչպես անենք, որ վաղվա լուսաբացը խաղաղ լինի: Դժվարություններ բոլորի կյանքում լինում են, ինչպես ջունգլիներում, բայց մենք պետք է կարողանանք դուրս գալ դժվարություններից՝ մեր սխալները շտկելով: Իմ կարծիքով՝ ամբոխը կործանում է ազգին: Եթե դուք շատ եք, դա դեռ չի նշանակում, որ ճիշտ եք: Պետք է խոսի իմաստունը, փորձառուն: Ինչու՞ ջունգլին թուլացավ, որովհետեւ խռովությունը ներսից էր ու դրանից օգտվեցին Շեկ շները (համեմատում է թուրքերի հետ, հեղ.): Երաշտ էր (նկատի ունի համաճարակը, հեղ.), որի ժամանակ գործում է միայն ջրի օրենքը, բայց այն խախտվեց, ու եղավ հարձակում»:

Ջունգլիների օրենքը խախտվել էր մի քանի անգամ, եւ մեղադրանքի սլաքը ուղղվում է գայլերի ոհմակի ծերացող առաջնորդի՝ Ակելայի դեմ: Նրան մեղադրում են մարդու ձագին ոհմակում թողնելու, իսկ հետո՝ վռնդելու համար: Եվ արդարանում է Ակելան՝ պատասխանելով Կաայի հարցին:

-Նա մարդու զենքով կենդանու դեմ դուրս եկավ եւ խախտեց ջունգլիի օրենքը:

-Իմաստուն առաջնորդը գիտի, որ օրենքը պահպանելու համար երբեմն պետք է խախտել այն: Ակելա, շատ բան ես բաց թողել: Օրենքը արմավենու նման է, այն միշտ կարելի է թեքել քո ուզած ուղղությամբ: Մեղավորներն անպատիժ են մնացել, դու նրանց ազատություն ես տվել, իսկ նրանք սպանում են իրար հանուն մի կտոր որսի: Քաոս է...

-Ոչ Կաա, երաշտ է...կանցնի, ու ամեն ինչ իր տեղը կընկնի:

-Երաշտը կանցնի, բայց լուսինը կդադարի լուսավորել ջունգլիները: Ուշքի՛ եկ Ակելա, քանի դեռ շատ ուշ չէ:

Մեկ ներկայացման մեջ տալ բոլոր հարցերի պատասխանները, անհնար է, սակայն Լյուդվիգ Հարությունյանը վստահ է, որ մատուցվող նյութը խորհելու տեղիք է տալու: Ցույց են տվել, թե ինչպես են վտանգի պահին համախմբվում կենդանիները, եւ թե ինչպես անհամաձայնությունը կարող է ներսից քանդել ամեն ինչ: Քիպլինգի ստեղծագործությունում դա չկա, բայց սցենարական նոր տարբերակում վագր Շեր Խանը Շեկ շների դեմ պատերազմում միանում է գայլերի ոհմակին՝ ասելով, որ ջունգլին նաեւ իրենն է, իսկ ունեցած տարաձայնությունները կպարզեն կռվից հետո: Հանուն ջունգլիների փրկության վերադառնում է նաեւ Մաուգլին:

«Յուրաքանչյուրս պետք է մեր հաջորդ լուսաբացի համար կարողանանք ճիշտ ապրել, որպեսզի այդ լուսաբացը լինի խաղաղ,- նկատում է զրուցակիցս,-Ակելլան հույս ունի, որ երաշտը կանցնի, ու ամեն ինչ լավ կլինի, սակայն Կաան թերհավատ է, որովհետեւ հնարավոր է երաշտն անցնի, բայց այլեւս ոչինչ չի լինի նախկինի նման: Պիտի հասկանանք, որ կյանքում դժվարություններն էլ են պետք, բայց չի կարելի նույն սխալն անընդհատ կրկնել: Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում կատարվողի համար թե՛ նախկինում, թե՛ ներկայում, թե՛ ապագայում: Նաեւ պիտի հասկանանք, որ ամեն մի փրկիչ դեռեւս առաջնորդ չէ: Դա ասում է նաեւ Մաուգլին»:

Մաուգլի. «Հիշե՛ք, Գայլը չպետք է փնտրի առաջնորդ ո՛չ բորենիների, ո՛չ աղվեսների, ո՛չ էլ մարդկանց մեջ, ես ձեզ առաջնորդ չեմ, փնտրեք ձեր առաջնորդին ձեր մեջ: Ամեն փրկիչ չէ, որ արժանի է ոհմակի, ամեն ուժեղ չէ, որ կարող է լինել իմաստուն, ինչպես մեր առաջնորդը: Ու հիշեք, դուք եք ջունգլիների տերը, պաշտպանեք ջունգլիները»:

Հ.Գ․-«Մաուգլի» ներկայացման առաջնախաղերը տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին եւ 11-ին: Մեծամասշտաբ այս ներկայացումում ընդգրկված է 60 դերասան: Բյուջեն կազմել է 13-14 մլն դրամ, որից 3 մլն դրամը տրամադրել է ԿԳՄՍ նախարարությունը: Դեկորացիաների պատրաստման համար մասնագետ Մելս Գեւորգյանը հրավիրվել է ՌԴ-ից: Նկարչական ձեւավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը: Զգեստների ձեւավորումը Լուսինե Խաչատրյանինն է՝ աշխատել է դերձակների 4 խումբ Երեւանում եւ Գյումրիում: Դերասանների հետ աշխատել է խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանը: Երաժշտական մասի պատասխանատուն եւ երկրորդ ռեժիսորն է Ռաֆայել Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter