HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատժամիջոցների տակ գտնվող իրանցիներն ավարտին են հասցրել Հայաստանի միջոցով օդանավ ձեռք բերելու հերթական օպերացիան

Իրանական «Iran Airtour Airlines» ավիաընկերությունն սկսել է շահագործել «Airbus A310» տիպի մի ինքնաթիռ, որն Իրան է տեղափոխվել Հայաստանից, բայց մեխն այն է, որ այս անգամ էլ, ինչպես նախկինում բազմիցս եղել է, մեր երկիրն Իրանին փաստացի տվել է պատժամիջոցները շրջանցելու լավ հնարավորություն:

Արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանի ավիաընկերություններն իրենց ավիապարկը թարմ ու սարքին պահելու մեծ դժվարությունների առաջ են կանգնել վերջին տարիներին, ինչը դրդում է նրանց տարբեր զարտուղի ճանապարհներով, երրորդ երկրների միջոցով ձեռք բերել օդանավեր, որոնք կա՛մ իրենք երկինք կբարձրանան, կա՛մ պահեստամաս կդառնան իրանական բորտերի համար:

Հայաստանը տարիներ շարունակ այդպիսի ցատկահարթակ է եղել այն օդանավերի համար, որոնք իրականում ձեռք են բերվել իրանական ավիաընկերությունների կողմից, սակայն նրանց հասնելուց առաջ ժամանակավոր գրանցվել են մեր երկրում՝ ցույց տալու համար, թե իբր հայկական փոխադրողներն են շահագործողները:

Նախկինում իրանական ավիաընկերություններին ձեռք մեկնելու եւ օդանավեր փոխանցելու գործում ակտիվ են եղել հայկական «Բլյու Էյրվեյս» եւ «Վերթիռ» ընկերությունները, որոնք կապ ունեին քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի հետ: Հայաստանում սրանց անունով գրանցված ինքնաթիռները (արեւմտյան արտադրության «Airbus» եւ «Boeing») որոշ ժամանակ անց հայտնվել են գլխավորապես իրանական «Mahan Air»-ի ավիապարկում, որը 2008-ից ամերիկյան պատժամիջոցների տակ է:

Հայ-իրանական այս համագործակցության մասին նախկինում «Հետքը» գրել է: 2013-ին ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ «Վերթիռը», որը գործունեություն չի ծավալում, սակայն լուծարված էլ չէ: Իսկ «Բլյու Էյրվեյսը» պատժամիջոցների տակ չի ընկել այն պատճառով, որ 2009-ին լուծարվել է:

Հայաստանի միջոցով Իրանին օդանավ հասցնելու վերջին օպերացիան մեծ աղմուկ բարձրացրեց: Խոսքը «Fly Armenia Airways»-ի անունով գրանցված «Boeing 737-300» (հայկական գրանցումը՝ EK-FAA) ինքնաթիռի փախուստի մասին է, որի մեջ հայկական ընկերությունը մեղադրում է շվեյցարական սեփականատիրոջը՝ իրեն համարելով տուժած:

Բայց, ինչպես արդեն գրել ենք, այս վերջին միջադեպի ու Մովսեսյանին առնչվող ընկերությունների գործարքների արանքում էլի է եղել դեպք, երբ Հայաստանում գրանցված ու երբեւէ չօգտագործված ինքնաթիռները տեղափոխվել են Իրան եւ այնտեղ սկսել շահագործվել:

Խոսքը 2018 թ. հունիսին Ռումինիայից Հայաստան բերված 2 հատ «Airbus A310» օդանավերի մասին է, որոնք մեր երկրում գրանցվել էին տեղական «Armenia Airways»-ի անունով որպես EK-31001 եւ EK-31002 (երկուսն էլ արտադրվել են 1992-ին):

Երբ ինքնաթիռները Բուխարեստից դեռ չէին ժամանել Երեւան, «Հետքի» ռումինացի գործընկերները կասկած էին հայտնել, որ դրանք իրականում նախատեսված են հենց Իրանի համար: Ռումինիայում բորտերը շահագործում էր այդ երկրի ազգային փոխադրող «TAROM»-ը:

Մեր ձեռքի տակ էին հայտնվել փաստաթղթեր, ըստ որոնց, երկու ինքնաթիռները գնելու ցանկություն էր հայտնել «AerSale» կորպորացիան, որը մասնագիտացած է օդանավերի եւ ավիացիոն սարքավորումների վաճառքի, վարձակալության, տեխնիկական ծառայությունների մեջ, ինչպես նաեւ թուրքական «VEGA Aviation» ընկերությունը: Ըստ փաստաթղթերի՝ «AerSale»-ը 2 օդանավերի եւ մի քանի սարքերի (շարժիչներ, օժանդակ ուժային համակարգ) համար պատրաստ է եղել վճարել 4,6 մլն դոլար: Թուրքական կողմն առաջարկել է 3,25 մլն դոլար: Ավելի ուշ, սակայն, «TAROM»-ը փոխըմբռնման հուշագիր էր կնքել «Armenia Airways»-ի ղեկավար Առլեն Դավուդյանի հետ: Ըստ հուշագրի՝ 2 օդանավերն ու տեխնիկական մասերը գնահատվել էին 5,48 մլն դոլար (առանց հարկերի եւ այլ ծախսերի):

Հայաստանում, սակայն, օդանավերը երկար չէին մնացել: Հղում անելով «Armenia Airways»-ում մեր աղբյուրին՝ նախկինում գրել էինք, որ ինքնաթիռները տեխսպասարկման եւ ներկման համար 2018-ի օգոստոսին տեղափոխվել են Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայան, սակայն, կրկին ըստ աղբյուրի, EK-31001-ի վրա խնդիրներ էին հայտնաբերվել, ինչը աննպատակահարմար էր դարձրել դրա հետագա շահագործումը:

«Հետքի» աղբյուրը նաեւ նշել էր, որ «Armenia Airways»-ի սեփականատեր, պարսկահայ Առլեն Դավուդյանը «A310»-երը դեպի Մերձավոր Արեւելք եւ հեռավոր ուղղություններ (օրինակ՝ Չինաստան) թռցնելու նպատակ ուներ, սակայն հետո որոշվել էր մաս-մաս իրացնել Թեհրանում մնացած տեխնիկապես անսարք EK-31001-ը:

Բրիտանական «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ, ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ Բաբակ Թաղվայիի (Babak Taghvaee) փոխանցմամբ՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու եւ մարդատար օդանավեր ներկրելու համար Իրանը տարիներ շարունակ դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի միջնորդների օգնությանը: 2018-ին «Armenia Airways»-ի «A310»-երի տեղափոխությունը Թեհրան նա դիտարկել է հենց այս տեսանկյունից: Ըստ պարսիկ հեղինակի՝ այս օդանավերն իրականում նախատեսված էին պատժամիջոցների տակ գտնվող «Mahan Air»-ի համար: Ավիացիոն տեղեկատուները հաստատում են Թաղվայիի պնդումը:

Իսկ ի՞նչ էր եղել հետո: Եթե անսարք EK-31001-ը 2018-ի օգոստոսից հետո շարունակել էր մնալ Թեհրանում, ապա EK-31002-ը 2019-ի ապրիլին Երեւան էր վերադարձվել: Ըստ Բաբակ Թաղվայիի՝ դա տեղի էր ունեցել ամերիկյան եւ ՀՀ կառավարությունների ճնշման տակ (համեմատեք այս տարվա փետրվարին Թեհրանում վայրէջք կատարած, բայց երկար քաշքշուկներից հետո ապրիլին Երեւան բերված EK-FAA-ի միջադեպի հետ. նմանություններն ակնհայտ են):

Այդուհանդերձ, Երեւան գալուց շատ չանցած՝ 2019 թ. մայիսին, EK-31002-ը դուրս էր բերվել հայկական ռեգիստրից: Քաղավիացիայի կոմիտեում «Հետքի» աղբյուրն ու ավիատոր Հակոբ Ճաղարյանը, ով այդ ժամանակ վարչապետի խորհրդականն էր, մեզ հայտնել էին, որ փորձ է արվել օդանավը Հայաստանից դուրս բերել կեղծ ղրղզական գրանցումով, ինչը, սակայն, կանխվել է: Ի վերջո, ՀՀ ռեգիստրից հանված օդանավը օրինական կերպով գրանցվել էր Տաջիկստանում տեղական «Asia Sky Lines»-ի անունով, ինչից հետո՝ 2020 թ. հունվարին, ըստ planespotters.net-ի, «Զվարթնոցից» նորից տեղափոխվել էր Թեհրանի «Մեհրաբադ», ապա հանձնվել տեղական «Iran Airtour Airlines»-ին ու ստացել իրանական գրանցում՝ EP-MDL: 2020-ի օգոստոսից ինքնաթիռը սկսել էր թռիչքներն իրանական փոխադրողի կազմում: Դրանով ավարտին էր հասցվել էր նրա ձեռքբերման երկարատեւ արկածը:

Ինչ վերաբերում է EK-31001-ին, ապա վերջինս ՀՀ օդանավերի ռեգիստրից դուրս է բերվել 2019-ի հոկտեմբերին, սակայն, ըստ planespotters.net-ի, 2018-ի օգոստոսից մինչեւ այս տարվա նոյեմբեր կայանված էր «Մեհրաբադում»: Թվում էր, թե այն այլեւս երկինք չի բարձրանա, բայց արի ու տես, որ իրանցիները հաջողացրել են դրան երկրորդ կյանք տալ, ու այս տարվա նոյեմբերից օդանավը «Iran Airtour Airlines»-ի կազմում սկսել է իր թռիչքները: Այժմ այն կրում է իրանական EP-MDK գրանցումը:

Ստացվում է, որ 2018-ի ամռանը Հայաստան բերված «Airbus A310»-երը ի վերջո հասան այն հանգրվանին, որի վերաբերյալ կասկածներ կային դրանց արտահանման երկիր Ռումինիայում: 

Ներկայում թե՛ EP-MDL-ն, թե՛ EP-MDK-ն Իրանի տարբեր քաղաքներից թռիչքներ են կատարում դեպի Ստամբուլ:

Գլխավոր լուսանկարում՝ EP-MDK-ն՝ Թեհրանում, 27.11.2021, հեղ.՝ Մաջիդ Հասանխանի, planespotters.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter