HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Աքան (հորաքույրը)

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում 71-ամյա Սիրանուշ Առուշանյանին մենք հանդիպեցինք նրա հարազատների տանը: Երբ ներս մտանք, նա բարեկամուհու հետ ցորեն էր մաքրում: Մեզ տեսնելուն պես մի կողմ դրեց մատուցարանը եւ շտապեց ընդառաջ:

Ս. Առուշանյանը, ինչպես հարազատներն են ասում (եւ ոչ միայն)՝ Աքան (ղարաբաղյան բարբառում «աքա» բառը նշանակում է հորաքույր), ծնվել է Հաթերք գյուղում: 19 տարեկանում թողնելով հայրենի գյուղը՝ տեղափոխվել է Սումգայիթ: «Կյանքը լավ էր, աշխատում էի, լավ ընկերներ ունեի: Բայց այդ ամենը մի օրում անհետացավ: 1988 թ. ջարդերը երբ սկսվեցին, ամեն ինչ տակնուվրա եղավ: Ցեղասպանությունը ո՞նց են անում, ցեղասպանություն էր իսկական. ոչ մեծ են նայել, ոչ փոքր: Մեկի դեռ քառասունքի մեջ երեխային են թավայի մեջ տապակել, որ մի տարեցին՝ տանջամահ արել: Հարազատ մարդկանց կոտորում են աչքիդ առաջ, իսկ դու ոչինչ անել չես կարող»,- հիշում է Աքան:

1988 թ. ապրիլին նա եկավ Մարտակերտ, մեքենա վարձեց եւ հետ գնաց Սումգայիթ: Հաջորդ օրը չորս հայ ընտանիքի առաջին անհրաժեշտության իրերը մի կերպ տեղավորելով մեքենայում` մազարպուրծ փախան Ղարաբաղ: Սումգայիթից փախչելը համընկել է մոր հիվանդանալու հետ: Երկար ժամանակ նա համատեղել է հիվանդ մոր խնամքն ու շարժմանն ակտիվ մասնակցությունը: Աքան խոստովանում է, որ մոր մահից հետո ինքը տան երես չի տեսել: Ամբողջ օրը դիրքերում էր: Սկզբում օգնում էր զենք-զինամթերք եւ այլ անհրաժեշտ պարագաներ հայթայթել: Որոշ ժամանակ աջակցել է «Ղարաբաղ» կոմիտեին: Երբ սկսվեցին մարտական գործողությունները, 51-ամյա կինն առանց երկմտելու հոր որսորդական հրացանը ձեռքն առավ ու ինքնակամ միացավ Մարտակերտի կամավորական ջոկատին: 1988-1991 թթ. շատերի նման Աքան էլ որսորդական հրացանով էր կռվում, որից հետո սկսեց АКМ օգտագործել: Նա խոստովանում է, որ այդ զենքն իրեն դուր էր գալիս:

«Ասում են` հայրս լավ որսորդ էր, չնայած ես նրան չեմ տեսել: Նա Մեծ հայրենականում է զոհվել: Եղբայրներս նրանից շատ բան են սովորել, ու նրանց հետ ես հաճախ էի որսի գնում: Բայց АКМ-ով ճիշտ կրակելու ձեւը Մելսիկ անունով մի տղա է ինձ սովորացրել»,- պատմում է Աքան: Երբ հարցրինք, թե իբրեւ կռվող միակ կին ինչպիսի՞ հարաբերություններ ուներ ֆիդայիների հետ, Աքան ասաց, որ իրեն թվում էր, որ իր խոսքը պակաս կարեւոր չէր տղաների համար, քան հրամանատարինը: Նա պատմում է, որ կարեւոր ճակատամարտերից առաջ, երբ պետք է որոշում կայացվեր, բոլորի հայացքները գամվում էին իր վրա:

«1992 թ. դեկտեմբերին ինչ-ինչ պատճառներով ես հիասթափվել էի եւ ուզում էի ամեն ինչ թողնել ու հեռանալ Ղարաբաղից: Փափազյան Արթուրի մոտ գնացի, որ տեղեկացնեմ որոշմանս մասին, բայց նա հակառակում ինձ համոզեց: Այդ ժամանակ նրա մոտ էր նաեւ Սեյրան Օհանյանը, որին նոր էին բերել վիրավորված ոտքով: Ս. Օհանյանն ասաց` դուք գիտե՞ք, թե ինչ գին ունեք բանակում, որ ուզում եք գնալ: Երբ ժամանակը գա, ես անձամբ իմ մեքենայով ձեզ կտանեմ այնտեղ, ուր որ ուզեք»,- հիշում է Աքան` հավելելով, որ մինչ այդ ինքը երբեք չէր մտածել այդ մասին, ուղղակի գիտեր, որ տղաների հետ կռվում է հանուն հայրենի հողի:

Աքան ասում է, որ երբ հանդիպում է մարտական ընկերներին, նրանք միշտ խոստովանում են, որ շատ դեպքերում նա իր անձնական օրինակով ոգեւորել է առաջ գնալ: 1993 թ. փետրվարի 26-ին Սարսանգի ջրամբարի մոտակայքում տանկի արկից Աքան վիրավորվեց: Ձախ թիկունքից մինչեւ ձախ ոտքի թաթը մանր բեկորներ են, մի բեկոր էլ աջ ոտքի թաթում է խրված: Մեկ ամիս Ստեփանակերտի հոսպիտալում բուժվելուց հետո նրան ուղարկեցին Երեւան՝ բեկորները հատուկ սարքով հանելու: Այնպես ստացվեց, որ այդ ժամանակ սարքը փչացել էր, եւ Աքան, չցանկանալով երկար սպասել, վերադարձավ Ղարաբաղ: «Ճիշտ է, ինձ այլեւս չէին թողնում ճակատ մեկնել, բայց մեր բուժքրոջ հետ միշտ ծածուկ գնում էի ջոկատի հետ եւ օգնում նրան վիրավորներին բժշկական օգնություն ցուց տալու գործում»,- պատմում է նա եւ դեռ խոսքը չավարտած ժպտում՝ հիշելով մի դեպք, երբ իրենց ջոկատի բուժքույրը վիրավորվեց, եւ տղաները խնդրեցին իրենց հետ ճակատ գնալ: Բայց քանի որ հրամանատարն արգելել էր իրեն ճակատ գնալ, չէր կարող չենթարկվել: «Տղաներին մերժել չէի կարող, ուստի ասացի, որ կարող եմ գալ մի պայմանով միայն, որ ճանապարհին ինձ հետ չխոսեն, որ հրամանատարը գլխի չընկնի: Այդպես էլ արեցինք, միայն ճակատամարտից հետո հրամանատարը հասկացավ, որ ես այնտեղ եմ»,- ասում է Ս. Առուշանյանը:

Աքան վստահեցնում է, որ բանակից կտրվել չէր կարող եւ պատերազմի ավարտից հետո անգամ շարունակեց ծառայել ԼՂՀ պաշտպանության բանակում, մինչեւ թոշակի անցավ: Պատերազմի ամենադաժան տեսարանը, որ մինչեւ հիմա աչքի առաջ է, Աքայի հավաստմամբ՝ մարտական ընկերջ մահն էր: Վերջինս տեսնելով, որ պատանդ է թշնամու ձեռքին եւ ազատվելու ելք չկա, իրեն թշնամու հետ միասին պայթեցրեց նռնակով:

Այն հարցին, թե ինչպես է կարողացել դիմակայել, երբ շուրջն արյուն ու մահ է եղել, նա ասաց, որ մահի ու վախի ողջ էությունը Սումգայիթում է ապրել ու զգացել. «Վախը կար, հո մենք անզգամ չէինք, անձամբ ես ամենից շատ պատանդ ընկնելուց էի վախենում, դրա համար ես միշտ ինձ հետ առանձին պահած նռնակ ու փամփուշտ ունեի: Տղաներից շատերն էին նախընտրում մեռնել, բայց կենդանի պատանդ չընկնել»:

Վերհիշելով Արցախյան պատերազմի ամբողջ սարսափը՝ Աքան ասում է, որ մինչեւ Սումգայիթի դեպքերը, երբ կարդում էր նմանատիպ միջադեպերի մասին, չէր հավատում, թվում էր` ամեն ինչ ուռճացրած են գրել: Սեփական կաշվի վրա զգալուց հետո միայն հասկացավ, որ դեռ մի բան էլ քիչ են գրել:

«Ինչո՞ւ են բոլորը նրան Աքա անվանում» հարցին Ս. Առուշանյանը պատասխանեց. «Մեր ջոկատում իմ հարազատներից ու ազգականներից շատերն էին ծառայում, նրանք էին ինձ Աքա ասում: Նրանց հետեւելով՝ մնացածներն էլ սկսեցին ինձ այդպես անվանել: Անգամ Իսրայելից լրագրողն այդպես անվանեց ինձ իր հոդվածում»: 2003 թ., որպես պատերազմում վիրավորվածի, Մարտակերտ քաղաքում Ս. Առուշանյանին բնակարան տվեցին: Հաշմանդամության կարգ նա այդպես էլ չկարողացավ ստանալ: Սկզբում շատ դժվարացին, իսկ հետո ասացին, որ արդեն թոշակի ժամանակն է, կարգը նրա ինչի՞ն է պետք: «Չեմ հասկանում մարդկանց տրամաբանությունը, եթե ես թոշակի եմ անցել, կարծես մարմնիս բեկորներն էլ են թոշակի անցել ու էլ ինձ չեն անհանգստացնում»,- վրդովվում է նա:

Բեկորները միշտ ցավ են պատճառում, իսկ եղանակի փոփոխության դեպքում ցավերն անտանելի են դառնում: Նա ժպտաց, ապա ասաց, որ կոնքի հատվածը կարծես կրակի մեջ վառվելիս լինի, հավանաբար մի քանի օրից եղանակը փոխվելու է: Այսօր Աքան տարվա մեծ մասն ապրում է Հաթերքում՝ բարեկամների մոտ: Իր բնակարանում ապրելն անհնար է: Խոնավությունից ամեն ինչ քանդվում է, դռներն ու պատուհանները չեն փակվում, բաղնիք-զուգարանի մասին խոսելն ավելորդ է համարում:

Աքայի խոսքերով՝ բազմից դիմել է համապատասխան ատյաններ, անգամ՝ երկրի նախագահին, մինչ այսօր պատասխան չկա: Ինչ վերաբերում է մարմնի բեկորներին, ապա այստեղ նրան օգնել չեն կարող: Նման բժշկական օգնություն Աքային կարող են ցուցաբերել միայն արտերկրում:

2002 թ. Ս. Առուշանյանը պար-գեւատրվել է երկրորդ աստիճանի Մարտական խաչով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter