
Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն իրենց հավատարմությունը։ Այդ մասին նշվում է Բրյուսելում եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հաղորդագրության մեջ։
«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, և որ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Շառլ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը որոշիչ նշանակություն ունի։ «Նա ողջունել է Ադրբեջանի կողմից տասը հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատ դաշտերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը: Նա կոչ է արել ամբողջապես և արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհետ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանն ու օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության ու հաշտեցման առաջխաղացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման ու հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման ու վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։ Ըստ դրա՝ ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործընթացին:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ առաջնորդները քննարկել են Եվրամիության և երկու երկրի միջև առկա ու հեռանկարային առևտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Նրանք նաև քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը:
Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, ապա Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները որոշել են ձեռնամուխ լինել դրա վերականգնմանը։ «Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի, մասնավորապես, Հարավային Կովկասում կապի ենթակառուցվածքի վերականգնման կարևորությունը՝ լիովին հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հանդիպումից հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վերահաստատել էր այն փաստը, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ «Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։ Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել