HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետի հայրը պարգևատրվել է «բարեխիղճ աշխատանքի» համար

«Աշխատանքային  պարտականությունները  բարեխիղճ  կատարելու  և  համայնքային խնդիրները ժամանակին  լուծելու համար» Ալաշկերտ համայնքի ավագանին 2021թ. նոյեմբերի 18-ին որոշել է մեկ ամսվա աշխատավարձի՝ 236 հազար դրամի չափով հավելավճար հատկացնել համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանին:

Կարեն Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին Արմավիրի մարզպետ նշանակված Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է:

Արմավիրի մարզպետարանի կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն Ալաշկերտ համայնքը նոյեմբերի 30-ի դրությամբ բյուջեի սեփական եկամուտները կարողացել է հավաքագրել 86,6%-ով, այն էլ՝ գույքահարկի հաշվին:

Հիշեցնենք, որ այս տարի գույքահարկով հարկվում են բոլոր անշարժ գույքերը՝ նախկինի 3 մլն դրամ արժեքը գերազանցող գույքի հարկման համեմատ: Սեփական եկամուտների հավաքագրումը Կ. Հովհաննիսյանն ապահովել է հենց օրենքով պարտադիր դարձած գույքահարկի հաշվին: Ինչ վերաբերում է հողի հարկի կատարողականին, ապա նոյեմբերի 30-ի դրությամբ կատարվել է ընդամենը 4.9%-ով: Ընդ որում նույն պատկերն է եղել նաև հոկտեմբերի 31-ի դրությամբ. հողի հարկի հավաքագրման ցուցանիշը կազմել է 4,9%:

Ալաշկերտ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սխալ ենք նայել հողի հարկի հավաքագրման ցուցանիշները և խորհուրդ տվեց «թարմ տվյալները» նայել, սակայն մարզպետարանի կայքէջում այդպես էլ «թարմ տվյալներ» չգտանք:

«Հողի հարկի հավաքագրման ցուցանիշը 60% է»,-ասաց համայնքի ղեկավարը: Հարցին, թե ցուցանիշն այս պահի դրությամբ է, Կ. Հովհաննիսյանը հավելեց. «այս պահի դրությամբ չէ, ամիս 8-ի դրությամբ: Տո, հենց դեկտեմբերի 1-ի դրությամբ»,-հավելեց Կ. Հովհաննիսյանը:

Հարցին, եթե կատարողականը հասնում է 60%-ի ինչու է մարզպետարանի կայքէջում հրապարակված 4.9%, Կ. Հովհաննիսյանը նշեց, թե փաստացի վճարումները կատարված է, տեղյակ չէ, թե ինչու է ցածր ցուցանիշ արձանագրվել:

Ինչ վերաբերում է կատարած աշխատաքների դիմաց հավելավճար ստանալուն, ապա ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ այս տարի համայնքում խորքային հոր են հորատել, 3 կմ ջրագիծ են անցկացրել, 3.5 կմ ասֆալտապատում են իրականացրել՝ համայնքի միջոցներով և պետական ծրագրերով:

Հարցին, թե այդ աշխատանքների համար է եղել հավելավճարը, Կ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ ինչի համար էիր ուզում լիներ պարգևատրումը: Մեծ բան ա եղե՞լ պարգևատրումը»:

Նույնը նաև մարզի Նորավան համայնքի ղեկավարի դեպքում է եղել: Ավագանին հոկտեմբերի 21-ին որոշել է համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանին պարգևատրել մեկ ամսվա աշխատավարձիի՝ 270.000 դրամի չափով: Որպես հիմնավորում նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, այն է. «Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ»:

Ուսումնասիրել ենք Նորավան համայնքի բյուջեի կատարողականը: Հրապարակված տեղեկատվության համաձայն, 2021թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ համայնքի սեփական եկամուտները կատարվել է 72%-ով, որի առյուծի բաժինը դարձյալ գույքահարկինն է: Ինչ վերաբերում է հողի հարկի հավաքագրմանը, կատարողականը կազմել է ընդամենը 18,3%:

Նորավան համայնքի ղեկավարից պարզաբանում ստանալ չհաջողվեց. անհասանելի էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter