HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Որտե՞ղ է գրված խաղաղ հավաքների անցկացման իրավունքի բովանդակությունը

Որ իմանանք` ոստիկանությունն իրավացի՞ է, թե՞ ստում է

Ս. թ. ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն` այդ օրը նշված պուրակում բողոքի ցույց իրականացնող անձանց մեկ այլ խումբ հիշյալ տարածքում տեղադրել է վրան: «Անտեսելով վրանը հանելու վերաբերյալ ոստիկանների պահանջները` նշված անձինք դիմադրել են վրանը հանելու փորձ կատարող ոստիկաններին, որն էլ վերաճել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու: Ապօրինի գործողությունները կասեցնելու և պուրակի տարածքից վրանի դուրսբերումն ապահովելու նպատակով ոստիկանության աշխատակիցներն առանց հատուկ հնարքների կամ միջոցների գործադրման հավաքի անցկացման վայրից հարկադրաբար դուրս են բերել դիմադրություն ցույց տվող անձանց և հանել տեղադրված վրանը: Սակայն քիչ անց, դարձյալ չենթարկվելով ոստիկանների հորդորներին, հավաքի որոշ մասնակիցներ նոր վրան են տեղադրել, որը ոստիկանության աշխատակիցների կողմից ևս դուրս է հանվել պուրակի տարածքից: Ավելի ուշ վերոնշյալ միջադեպի առանձին մասնակիցներ բերման են ենթարկել ոստիկանություն»,- նշված է ՀՀ ոստիկանության հրապարակած տեղեկատվության մեջ:

Փորձենք հասկանալ, թե ոստիկանությունն ի՞նչ իրավունքով է վրանը հանելու վերաբերյալ պահանջ ներկայացրել, երբ մարդիկ նույնիսկ ՀՀ Սահմանադրությամբ ունեն բողոքի ցույց, նստացույց իրականացնելու իրավունք, իսկ տվյալ վայրում մեկ կամ երկու վրանի տեղադրումն ուղղակի կարող է լինել այդ ցույցն իրականացնելու համար տեխնիկական անհրաժեշտություն: Մասնավորապես դժվար հասկացողների համար բացատրենք. վրանն անհրաժեշտ է, որպեսզի ցույցի այն մասնակիցը, որը կհոգնի կամ իրեն վատ կզգա, վրանում մի քանի րոպե հանգստանալու հնարավորություն ունենա: Վրանն անհրաժեշտ է նաև, որ օրվա եղանակի փոփոխության հետևանքով անհրաժեշտությունը կորցրած կամ անհրաժեշտ դարձող հագուստները ոչ թե գետնին գցեն, այլ այնտեղ պահեն: Անհրաժեշտ է, որ անձրևանոցները, խմելու ջրի տարաները, մի քանի բաժակ սուրճ կամ չմրսելու համար թեյ պատրաստելու նպատակով անհրաժեշտ պարագաները ո՛չ թե մայթերի եզրաքարերին շարեն, այլ պահեն վրանում: Հարկ կա՞ այս թվարկումը շարունակելու և ոմանց բացատրելու, որ վրանը ո՛չ հրազեն է, ո՛չ էլ սառը զենք: Ահա ՀՀ ոստիկանության պարզաբանումը` վրանը հանելու իրենց իրավունքի վերաբերյալ.

«Դեռևս սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պուրակում տեղադրված վրանը հանելուց հետո ոստիկանությունը հանրային հայտարարություններ անելու և կլոր սեղաններ անցկացնելու միջոցով բազմիցս տեղեկացրել էր, որ առանց հատուկ թույլտվության հասարակական վայրերում վրաններ կամ այլ առարկաներ տեղադրելն իրավաչափ չէ և օբյկետիվորեն դուրս է խաղաղ հավաքների անցկացման իրավունքի բովանդակությունից: Ուստի ապրիլի 29-ի հավաքի կազմակերպիչները և մասնակիցները քաջատեղյակ են եղել կամ առնվազն պետք է ողջամտորեն ակնկալեին, որ նման գործողությունները հանգեցնելու են համարժեք հակազդեցության: Վրանի տեղադրման փաստն ինքնին ոստիկանությունը գնահատում է որպես միջանձնային բախումներ հրահրելու նպատակ հետապնդող հերթական սադրանք»:

Ի՞նչ է նշանակում «իրավաչափ չէ և օբյկետիվորեն դուրս է խաղաղ հավաքների անցկացման իրավունքի բովանդակությունից»: Ոստիկա՞նը, թե՞ ՀՀ օրենսդրությունն է որոշում առանց հատուկ թույլտվության հասարակական վայրերում վրաններ կամ այլ առարկաներ տեղադրելու իրավաչափ լինել-չլինելը, իրավական ուժ ունեցող այդ ո՞ր փաստաթղթում է գրված խաղաղ հավաքների անցկացման իրավունքի բովանդակությունը, որ հիմա կարդանք ու կարողանանք որոշել` Մաշտոցի պուրակում մեկ վրանի տեղադրումն այդ բովանդակությունից դո՞ւրս է եղել, թե՞ այդ բովանդակության մեջ է, ՀՀ ոստիկանությունն այս առումով իրավացի՞ է, թե՞ ստում է` արդարացնելու համար իր գործած անիրավությունը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը:

«Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ իր որդեգրած միասնական գործելակերպին համահունչ, չենթարկվելով որևէ սադրանքի, բացառապես իրավաչափ և համարժեք միջոցներով կանխելու, կասեցնելու կամ խափանելու է յուրաքանչյուր իրավախախտում (ընդգծումը մերն է.- հեղ.), որն ուղղված կլինի բնապահպանական խնդիրներին առնչվող կամ չառնչվող ցանկացած իրադարձության ընթացքում չարդարացված լարվածություն ստեղծելուն»,- նշված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ:

Վերոնշյալ մեջբերումից պարզ է դառնում, որ ՀՀ ոստիկանությունը Մաշտոցի պուրակում վրանի տեղադրումը նույնպես համարում է իրավախախտում: Բնականաբար, հարց է առաջանում` իրավական ո՞ր ակտով նախատեսված պահանջի կամ արգելքի խախտում: Իսկ ի՞նչ է «նշանակում չարդարացված լարվածություն». դարձյալ ոստիկա՞նն է որոշում չարդարացված լինելը, թե՞ ՀՀ օրենսդրությունն է որոշել, և եթե որոշել է, որտե՞ղ է գրված դա: Կամ` եթե իրավախախտումն ուղղված լինի որևէ իրադարձության ընթացքում արդարացված լարվածություն ստեղծելուն, ոստիկանությունը չի՞ կանխելու, կասեցնելու կամ խափանելու այդ իրավախախտումը: Եթե չի միջամտելու, ապա ՀՀ ոստիկանությունը թող բարի լինի քաղաքացիական ակտիվիստներին և այլոց բացատրել, թե որն է արդարացված լարվածությունը, որպեսզի մարդիկ չսխալվեն, իրավախախտումն ուղղեն արդարացված լարվածություն ստեղծելուն, բռնության չենթարկվեն, մարմնական վնասվածք չստանան և բերման չենթարկվեն ոստիկանություն:

Մեզ հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ դեռ ավելի վաղ, երբ Մաշտոցի պուրակում քաղաքացիական ակտիվիստները վրան են տեղադրել, ինքը գիշերը եղել է այնտեղ, ապա հանդես եկել հայտարարությամբ:

- Ես արեցի հայտարարություն, որ մեկ վրանի տեղադրումը չի կարող լինել ապօրինի, և ես գտնում էի, հիմա էլ վստահ եմ, որ խաղաղ ակցիայի շրջանակներում անհրաժեշտ պարագաների` հովանոցի, վրանի տեղադրումը, ինչը չի վնասում հասարակական կարգին, չի կարող լինել ապօրինի, հետևաբար նման դեպքում, երբ ոստիկանությունը խոչընդոտում է ցուցարարներին, որոնք խաղաղ ակցիա են անցկացնում` տեղադրելով իրենց վրանը, ապօրինի է դառնում ոստիկանության գործողությունը,- ասաց ՄԻ պաշտպանը:- Դրա վերաբերյալ ոչ միայն հայտարարություն եմ արել, այլև վրանը խլելու առաջին փորձից հետո, երբ ակտիվիստները ևս մեկ անգամ փորձ արեցին ցուրտ, անձրևային գիշերվա ժամանակ մեկ վրան տեղադրել, ես գնացի պուրակ և այնտեղ արտահայտեցի իմ դիրքորոշումը, որից հետո ոստիկանությունը չանսաց իմ հորդորներին և արգելեց: Դրանից հետո ես դիմեցի ՀՀ ոստիկանապետին, որպեսզի ծառայական քննություն լինի այն ոստիկանների նկատմամբ, որոնք այդ գիշեր խոչընդոտել են վրանի տեղադրմանը: Քանի որ իմ բոլոր առաջարկները խորհրդատվական բնույթի են, ես ստացա պատասխան, որ ոստիկանությունն ինձ հետ համաձայն չէ: Սակայն ես էլ համաձայն չեմ ոստիկանության հետ` այն մասով, որ այդ վրանի տեղադրումն օրենսդրության խախտում է: Հիմա էլ, բնականաբար, իմ դիրքորոշումը չի փոխվել, և ապրիլի 29-ի այդ դեպքի առնչությամբ կարիք չկար նորից կրկնել իմ դիրքորոշումը: Մեր մասնագետներն այնտեղ դարձյալ կրկնել և ասել են, որ մեկ վրանի տեղադրումը չի կարող լինել ապօրինի:

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի նախատեսում ցույցի, հավաքի վայրում վրանի տեղադրման արգելք, համենայն դեպս, ես չգիտեմ որևէ օրենք, որն արգելի վրանի տեղադրումը,- ասաց մեր մեկ այլ զրուցակից` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը:- Ցանկացած քաղաքացի իրավունք ունի կատարել ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով:

Ըստ ՀՀ ոստիկանության` համաչափության և լարվածության թուլացման սկզբունքներին համապատասխան իր ձեռնարկած, բացառապես իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոցները նախ և առաջ ուղղված են եղել առճակատման և բռնության կիրառման վտանգների նվազեցմանը: Ինչպե՞ս` վրանի տեղադրման հարցում առճակատում ու բռնություն նախաձեռնելո՞վ, ոստիկանության և, ընդհանրապես, իշխանությունների նկատմամբ մարդկանց ատելությունը հրահրելո՞վ... Եթե վերոնշյալը չափազանց տխուր չլիներ, իր ձեռնարկած միջոցների` վտանգների նվազեցմանը նպատակաուղղված լինելու վերաբերյալ ոստիկանության այս հայտարարությունը զավեշտական կհամարեինք:

Հ.Գ. Սույն հոդվածում շարադրված հարցերը հրապարակային հարցում են` ուղղված ՀՀ ոստիկանապետին, որոնց պատասխաններն ակնկալում ենք ստանալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում և կարգով:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուս.` Ա. Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter