HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբին

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղարկել է հատուկ զեկույց՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժինը։

Զեկույցի վերաբերյալ ՄԻՊ հաղորդագրությունում ասվում է հետևյալը․

«Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը (բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները): 

Հետևաբար, առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաև այդ խախտումների ազդեցությունը ՀՀ ողջ բնակչության իրավունքների վրա:

Ընդ որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ և այլն):

Նշել եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ ոտնահարող արարքներ:

Հիմնավորված է նաև, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: 

Ուստի, եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: 

Այսինքն՝ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: 

Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրավունքներն ու նորմալ կյանքը:

Օրինակով ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter