
Դատավորների ծանրաբեռնվածությունն առանց պարզելու՝ ԲԴԽ-ն նրանց հանում է գործերի բաշխման ցանկից
Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) ամսվա ընթացքում մի քանի որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին: Որոշումները պատճառաբանվում են՝ դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածության մասին դիմումներով և «ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ»: Սակայն, թե ինչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը, որոշում կայացնելու պահին թե քանի գործ կա գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանված դատավորի վարույթում՝ ԲԴԽ-ն տեղեկություններ չունի:
Դատական դեպարտամենտին խնդրել էինք տեղեկություններ տրամադրել գործերի բաշխման ցանկից ժամանակավոր հանված դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ՝ որոշում կայացնելու օրվա դրությամբ: Դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնակատար Արտակ Գևորգյանը պատասխանել է, որ Դեպարտամենտը վիճակագրություն կամ որևէ այլ հաշվառում չի վարում: Ավելին, հայտնել է, որ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի որոնման գործիքները հնարավորություն չեն տալիս քանակային տվյալներ ստանալ կոնկրետ օրվա դրությամբ առանձին դատավորների վարույթում առկա գործերի վերաբերյալ:
Ստացվում է, որ ԲԴԽ-ն դատավորներին գործերի բաշխման ցանկից հանում է զուտ դատավորի և դատարանի նախագահի դիմումների հիման վրա, որտեղ չկան քանակային տվյալների, գործերի բարդության վերաբերյալ տեղեկություններ և այլն: Այս հանգամանքն, անշուշտ մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ փաստացի գործընթացը թափանցիկ չի իրականացվում:
«Հետք»-ը «Դատալեքս» տեղեկատվական պորտալի միջոցով ուսումնասիրել է 2019-2020թթ. գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանված քաղաքացիական ուղղվածության տարբեր ատյանների հինգ դատավորների վարույթում առկա գործերը: Ընտրել ենք որոշումը կայացնելուն նախորդած 3 ամիսները, որպեսզի պարզ դառնա դատավորի ծանրաբեռնվածությունը:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, նույն պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյան
Ռուզաննա Հակոբյանի անուն-ազգանունը, 22 օրվա ընդմիջումով, ԲԴԽ-ի որոշումով երկու անգամ հանվել է գործերի բաշխման ցանկից՝ 2020թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ, ինչպես նաև 2021թ. հունվարի 22-ից ապրիլի 22-ը ներառյալ:
ԲԴԽ-ն որոշումը կայացրել է՝ քննարկելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, ինչպես նաև հաշվի է առել դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու և դատավորի կողմից ողջամիտ ժամկետներում գործերի քննություն իրականացնելու անհրաժեշտությունը:
Ուսումնասիրել ենք 2020թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին դատավոր Ռ. Հակոբյանի ծանրաբեռնվածությունը: Ինչպես նաև 2021թ. հունվարի 1-ից հունվարի 22-ը ներառյալ դատավոր Հակոբյանին մակագրված կամ արդեն իր վարույթում գտնվող և այդ օրերին գործերով դատական գործողություն կատարելու հանգամանքները:
Նշված ժամանակահատվածում Ռուզաննա Հակոբյանին մակագրվել է կամ արդեն մակագրված գործերով քննություն է իրականացրել ընդամենը 12 դատական գործով: Նշված գործերից 5-ի մասով դատավորը կայացրել է «Բողոքը վերադարձնելու մասին» որոշում, 5 գործով՝ «Վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում, 1 գործով հրապարակել է դատական ակտ և 1 գործով՝ բողոքը թողել է առանց քննության:
ԲԴԽ-ի երկրորդ որոշման արանքում՝ 22 օրվա ընթացքում, Ռուզաննա Հակոբյանին մակագրվել է ընդամենը 1 գործ, որով կայացրել է Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշում:
Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշներից 50% քիչ գործեր են բաշխվում Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին: Այսինքն՝ ի պաշտոնե քիչ գործեր մակագրվող դատավորին ԲԴԽ-ն ևս մեկ անգամ լրացուցիչ «արտոնություն» է տվել:
ԲԴԽ-ն իր որոշումը հիմնավորել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝ «Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել»:
Ինչպես ցույց տվեց մեր ուսումնասիրությունը, դատավորն իր վարույթում շատ գործեր չի ունեցել, դրանց մեծամասնությունը նույնիսկ վարույթ չի ընդունել, հետևաբար հարց է առաջանում՝ ԲԴԽ-ն որտե՞ղ է տեսել դատավոր Ռուզաննա Հակոբյանի վարույթում գտնվող «առանձնակի բարդության գործերը», դեռ մի բան էլ՝ հիմնավորել է «ողջամիտ ժամկետներում գործերի քննության» անհրաժեշտությամբ:
Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ դատավոր Ռուզաննա Հակոբյանից: Վերջինիս օգնական Աննա Մաղաքյանը սկզբում չհիշեց, որ երբևէ դատավորի անունը հանվել է գործերի բաշխման ցանկից, ապա հավելեց, որ եթե որոշման հետ կապված խնդիր կամ լրացուցիչ պարզաբանում ստանալու անհրաժեշտություն ենք տեսնում, պետք է դիմենք որոշում կայացնողին, այսինքն՝ ԲԴԽ-ին:
«Օրենքը կարգավորում է, քիչ է մակագրվում տիկին Հակոբյանին, որպես պալատի նախագահ: Ինչ վերաբերում է ձեր նշած ԲԴԽ որոշումներին, այնտեղ առկա է և՛ իրավական, և՛ փաստական հիմքը, թե ինչու է տիկին Հակոբյանն այդ ժամանակահատվածում ժամանակավորապես հանվել մակագրությունից: Ես ԲԴԽ-ի որոշումը չեմ մեկնաբանում»,- ասաց Աննա Մաղաքյանը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյան
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանի անուն-ազգանունը ԲԴԽ-ի որոշմամբ հանվել է գործերի բաշխման ցանկից՝ 2019թ. նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ:
ԲԴԽ-ն որոշումը հիմնավորել է՝ հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությամբ, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ:
Ուսումնասիրել ենք 2019թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին դատավոր Խաչատրյանի ծանրաբեռնվածությունը:
Նշված ժամանակահատվածում Գոհարիկ Խաչատրյանի վարույթ ընդունվել կամ քննվել է 743 դատական գործ, որոնցից 479-ը (գործերի մոտ 64%-ը), քննվել է պարզեցված վարույթով՝ առանց դատական նիստ հրավիրելու: Այսինքն՝ դատավորը հայցադիմումն ընդունել է վարույթ և առանց նիստ հրավիրելու դատական ակտ հրապարակելու օր է նշանակել: Այլ կերպ ասած՝ գործերի 64%-ի դեպքում դատավոր Գոհարիկ Խաչատրյանը նույնիսկ դատարանի դահլիճ իջնելու համար ժամանակ չի վատնել:
Գ. Խաչատրյանի վարույթում գտնվող 743 գործերից 62-ով, մեր ուսումնասիրած երեք ամիսների ընթացքում, որևէ դատավարական գործողություն չի իրականացվել: Այսինքն՝ գործերն ընդունել է վարույթ և այդ երեք ամիսների ընթացքում նիստեր չի հրավիրել: Ավելին, կան գործեր, որոնք վարույթ ընդունելուց հետո առաջին նիստը նշանակել է 10-12 ամիս անց՝ ակնհայտորեն խախտելով գործը ողջամիտ ժամկետում քննելու կողմի իրավունքը (օրինակ, թիվ ԱՐԱԴ/2573/02/19 գործը, որը վերաբերում է հայրությունը ճանաչելու պահանջին): Մասնավորապես, առաջին նիստը նշանակել է 12 ամիս անց և սա ամենևին կապ չունի ծանրաբեռնվածության հետ:
Գոհարիկ Խաչատրյանը նաև 2 րոպեանոց նիստեր է նշանակել, օրինակ, ԱՐԱԴ/2517/02/19 գործով նույն օրը նշանակել է երկու դատական նիստ՝ ժամը 11:15 և հաջորդը 2 րոպե անց՝ 11:17 րոպե: Նույն սկզբունքով 1-2 րոպեանոց նիստեր են նշանակվել մեկ տասնյակից ավելի գործերով (ԱՐԱԴ/2514/02/19): Հավանաբար դատաքննության անցնելու որոշումներ են կայացվել և այդպիսով ժամանակ է շահել:
Պարզեցված վարույթով քննված գործերով դատական ակտի հրապարակման օր դատավոր Գ. Խաչատրյանը նշանակել է գործը վարույթ ընդունելուց միջինը 4 ամիս անց: Սակայն, որոշ գործերի դեպքում դատական ակտը հրապարակվել է ավելի ուշ: Մասնավորապես, ուսումնասիրված ժամանակահատվածում մոտ երկու տասնյակ գործերով դատական ակտի հրապարակման օր նշանակել է պարզեցած վարույթով գործը քննելու մասին որոշում կայացնելուց 7-12 ամիս անց (օրինակ, ԱՐԱԴ/4090/02/19):
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գոհարիկ Խաչատրյանն ամենևին ծանրաբեռնված չի եղել բարդ գործերով, ինչի մասին վկայում է ուսումնասիրության երեք ամիսների ընթացքում նրա վարույթում գտնվող գործերի 64%-ը պարզեցված վարույթով քննելու որոշումները:
Բացի այդ, բարդ գործերով ծանրաբեռնված չլինելով հանդերձ, դատավորը պարզեցված վարույթներով վճռի հրապարակման օր է նշանակել պարզեցված վարույթով գործը քննելու որոշում կայացնելուց 7-12 ամիս անց, որով ոտնահարել է ողջամիտ ժամկետով գործի քննության կողմերի իրավունքը: Նույնիսկ որոշ գործերով առաջին դատական նիստերի 6-12 ամիս անց նշանակումը որևէ հիմնավորվածություն չունի, ինչը ևս խախտում է գործերի ողջամիտ քննության ժամկետների առումով:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյան
Դատավոր Արիստակես Սիսակյանի անուն-ազգանունը ԲԴԽ-ի որոշմամբ հանվել է գործերի բաշխման ցանկից՝ 2021 թվականի մայիսի 3-ից օգոստոսի 31-ը ներառյալ (ուսումնասիրությունը պատրաստ էր, երբ տեղեկացանք դատավոր Սիսակյանի մահվան մասին):
Քանի որ մեր անդրադարձը վերաբերում է երևույթին, հրապարակում ենք նաև այս ուսումնասիրության արդյունքները: Այսպես, ԲԴԽ-ն դարձյալ որոշումը հիմնավորել է՝ հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությամբ, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ: «Դատալեքս» տեղեկատվական պորտալի միջոցով ուսումնասիրել ենք 2021թ. փետրվար-ապրիլ ամիսներին դատավոր Սիսակյանի ծանրաբեռնվածությունը: Նշված ժամանակահատվածում Արիստակես Սիսակյանի վարույթ ընդունվել կամ քննվել է 776 գործ, որոնցից 479-ը (գործերի մոտ 62%-ը), քննվել է պարզեցված վարույթով՝ առանց դատական նիստ հրավիրելու:
Պարզեցված վարույթով քննվող գործերը պարզ, կողմերի միջև վեճ չառաջացնող գործեր են: Դրանք իրենցից որևէ բարդություն չեն ներկայացնում: Օրինակ, պարզեցված վարույթով քննվում են, հիմնականում, կապի օպերատորների, բանկերի հայցադիմումները՝ գումարի բռնագանձման պահանջներով: Մնացած գործերի մեծամասնությունը ևս բարդ գործեր չեն եղել: Մասնավորապես, ոչ պարզեցված վարույթով քննվել են նաև քաղաքացուն անգործունակ ճանաչելու, ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման գործեր, որոնք նույնպես պարզ գործեր են:
Պարզեցված վարույթով քննված գործերով դատավոր Սիսակյանը դատական ակտի հրապարակման օր է նշանակել գործը վարույթ ընդունելուց 4-5 ամիս անց: Մեր ուսումնասիրած ժամանակահատվածում չի կայացել 22 դատական նիստ, որից 12-ը՝ դատավորի արձակուրդի մեջ լինելու պատճառով: Այսինքն՝ դատավորն իմանալով, որ արձակուրդի մեջ է լինելու, նշված օրերին նիստեր է նշանակել, որոնք, բնականաբար, չեն կայացել:
75 նիստի վերաբերյալ ընդհանրապես տեղեկություն չկա՝ կայացել են, թե ոչ: «Դատալեքս» տեղեկատվական պորտալում գրառումներ չեն իրականացվել դատավորի աշխատակազմի կողմից: Չի բացառվում, որ այդ նիստերը նույնպես չեն կայացել:
Միջինացված տվյալներով, դատավորն օրական 4-5 դատական նիստ է անցկացրել: Օրինակ, ապրիլ ամսին նշանակվել է 91 դատական նիստ: Դատական նիստերը բաշխվել են 22 օրերի միջև: Ամենաշատը՝ 10 նիստ, նշանակվել է ապրիլի 2-ին: Մնացած օրերին նշանակվել է օրական 1-5 նիստ:
Վերը նշված տվյալները համադրելով կարող ենք փաստել, որ դատավորի մոտ չեն գերակշռել բարդ գործերը: Միջինացված տվյալներով օրական 4-5 գործ քննելը, որոնց միջին տևողությունը յուրաքանչյուր նիստով եղել է 10-15 րոպե, դատավորի մոտ իրականում առաջացրել է արհեստական ծանրաբեռնվածություն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյան
Դատավոր Ռուբեն Ներսիսյանի անուն-ազգանունը ԲԴԽ-ի որոշմամբ հանվել է գործերի բաշխման ցանկից՝ 2020թ. ապրիլի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 30-ը ներառյալ: ԲԴԽ-ն որոշումը նույն կերպ է հիմնավորել, ինչպես նախորդների դեպքում: Ուսումնասիրել ենք 2020թ. հունվար-մարտ ամիսներին դատավոր Ներսիսյանի ծանրաբեռնվածությունը, որը նույնական պատկեր է ցույց տվել:
Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Ռուբեն Ներսիսյանի վարույթ ընդունվել կամ քննվել է 648 դատական գործ, որոնցից 281-ը (գործերի մոտ 43%-ը), քննվել է պարզեցված վարույթով՝ առանց դատական նիստ հրավիրելու:
Ռուբեն Ներսիսյանի վարույթում գտնվող 648 գործերից 79-ով մեր ուսումնասիրած երեք ամիսների ընթացքում որևէ դատավարական գործողություն չի իրականացվել: Նշված երեք ամիսների ընթացքում չի կայացել 109 դատական նիստ, որից 70-ը «Covid-19»-ի տարածումը կանխելու պատճառով, 27 նիստ չի կայացել դատավոր Ներսիսյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:
Պարզեցված վարույթով քննված գործերով դատավոր Ներսիսյանը դատական ակտի հրապարակման օր է նշանակել գործը վարույթ ընդունելուց 3-6 ամիս անց: Սակայն, որոշ գործերի դեպքում դատական ակտը հրապարակվել է ավելի ուշ: Մասնավորապես, ուսումնասիրված ժամանակահատվածում 5 գործով դատական ակտ է հրապարակվել առանց նիստ հրավիրելու՝ պարզեցված վարույթով քննելու մասին որոշում կայացնելուց 7 ամիս անց, 3 գործով՝ 8 ամիս անց, 2 գործով՝ 9 ամիս անց:
Միջինացված տվյալներով դատավորն օրական 7-8 դատական նիստ է անցկացրել: Օրինակ, փետրվար ամսին նշանակվել է 89 դատական նիստ, որից 21-ը չի կայացել: Դատական նիստերը բաշխվել են ամսվա 12 օրերի միջև: Ամենաշատը՝ 10 նիստ, նշանակվել է փետրվարի 11-ին: Մնացած օրերին նշանակվել է օրական 1-5 նիստ: Նիստերի զգալի մասը նշանակվել է 10-20 րոպե ընդմիջումներով, ինչը ևս փաստում է քննվող գործի ոչ բարդ լինելու մասին:
Փետրվար ամսին դատավոր Ներսիսյանը հրապարակել է նաև 24 դատական ակտ՝ վճիռ կամ գործի վարույթը կարճելու որոշում:
Վերը նշված տվյալները համադրելով կարող ենք փաստել, որ դատավորի մոտ չեն գերակշռել բարդ գործերը: Զգալի թիվ են կազմել առանց նիստ հրավիրելու պարզեցված վարույթով քննությունները: Նիստերի միջին տևողությունը յուրաքանչյուր նիստով եղել է 10-20 րոպե: Գործերի զգալի մասով դատական նիստերը չեն կայացել և հաջորդ նիստերը նշանակվել են 1-4 ամիս անց՝ դրանով ստեղծելով արհեստական ծանրաբեռնվածություն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյան
Դատավոր Դավիթ Սերոբյանի անուն-ազգանունը ԲԴԽ-ի որոշմամբ և նույն պատճառաբանությամբ հանվել է գործերի բաշխման ցանկից՝ 2020թ. սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ:
Ուսումնասիրել ենք 2020թ. հունիս-օգոստոս ամիսներին դատավոր Սերոբյանի ծանրաբեռնվածությունը: Նշված ժամանակահատվածում դատավորին մակագրվել կամ նրա նախագահությամբ նշանակվել են 115 գործով դատական նիստեր: «Դատալեքս» տեղեկատվական պորտալը հնարավորություն չի տալիս ուսումնասիրելու նաև այն գործերով ծանրաբեռնվածությունը, որոնցով դատավոր Սերոբյանը, թեև նախագահող չի եղել, սակայն կոլեգիալ կազմով մասնակցել է գործերի քննությանը:
105 գործով գործերի քննությունն իրականացրել է գրավոր ընթացակարգով՝ առանց նիստ հրավիրելու: Նշված ժամանակահատվածում ընդամենը 1 գործով է նշանակվել դատական նիստ:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում դատավորն ըստ էության ծանրաբեռնված է եղել իր նախագահությամբ քննվող 52 գործով: Վարույթում գտնվող մնացած գործերով որոշումների հրապարակումները նշանակել է 2-3 ամիս անց:
Ուսումնասիրելով նաև ամիսների կտրվածքով նշանակված նիստերը, պարզեցինք, որ օրինակ՝ հունիս ամսի 7 օրերի ընթացքում է որոշումներ կայացրել, ընդհանուրը՝ 13 գործով: Ամենաշատը ծանրաբեռնվել է հունիսի 5-ին՝ 6 գործով: 2 գործով ծանրաբեռնվել է հունիսի 1-ին, մնացած օրերի ընթացքում մեկական որոշումներ է կայացրել:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում վարույթ ընդունած գործերի մի մասով նիստ նշանակել կամ որոշում կայացրել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Այսպիսով՝ դատավորը հավասարաչափ չի բաշխել օրերի ծանրաբեռնվածությունը: Ավելին, գործերի մեծ մասը քննվել և որոշում է կայացվել գրավոր ընթացակարգով՝ առանց նիստ հրավիրելու, ինչը ևս ժամանակի խնայում է:
Մեկնաբանել