
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ձերբակալել են: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու համամասնական ցուցակի ներկայացուցիչ Գոռ Բադյանը: Ձերբակալությունը տեղի է ունեցել մեկ ժամ առաջ, Ասլանյանի թիմակիցը վստահ էր, որ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառ ունի: Նշենք, որ Ասլանյանի փաստաբանը ևս մանրամասներից տեղեկացված չէր:
Մամիկոն Ասլանյանը Վանաձորի ավագանու ընտրություններում զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։ Նշենք, որ Վանաձորի ավագանին դեռևս քաղաքապետ չի ընտրել:
Ավելի ուշ, քննչական կոմիտեն հայտնեց Ասլանյանի ձերբակալության մասին․ ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել: Ըստ հաղորդագրության՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել:
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ առաջարկությունը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելու և վերջինիս կողմից տվյալ փաթեթը երեք անգամ լրամշակելու նպատակով հետ վերադարձված լինելու պարագայում՝ Մ.Ա.-ն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և հիշյալ հասցեներում գտնվող հողամասերը, իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Բացի այդ, վերը նշված ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեներում գտնվող 0,0999 հա մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով օտարելու՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և կեղծ տվյալներ ներառելով իր համապատասխան որոշման մեջ՝ փոխել է հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը. բնակավայրերի այլ հողերից՝ դարձնելով հասարակական կառուցապատման հողերի»,-նշվում է հաղորդագրությունում:
Ըստ քննչական կոմիտեի՝ Ասլանյանը կեղծ տեղեկանք է ներկայացել առ այն, որ Վանաձոր համայնքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքի նկատմամբ, որի նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:
Դրանից հետո կազմակերպել է աճուրդ և հողամասը 2 միլիոն դրամով օտարվել է:
Ասլանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 2-րդ (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին, 308-րդ հոդվածի 1-ին` պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով:
Մեկնաբանել