HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Մոսկվան պատրաստ է նպաստել Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր դրության առողջացմանը, կօգներ ձևավորել վստահության և հարևանության առողջ մթնոլորտ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքերով՝ Մոսկվան ողջունում է Անկարայի և Երևանի կողմից ցուցաբերվող երկկողմ երկխոսության կոչերը՝ կարգավորման խնդիրների քննարկման համար, իսկ այդ նպատակով կողմերի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը՝ տրամաբանական և խելամիտ։ «Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել այդ գործընթացին»,- հավելել է Զախարովան։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչների կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ Նա հավելել էր, որ որպես առաջին քայլ չարթերային ավիահաղորդակցություն կբացվի Ստամբուլի և Երևանի միջև։ 

Ի պատասխան, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր թուրքական կողմի հայտարարությունը՝ նշելով, որ Հայաստանը ​​պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշվում էր ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հայտարարության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից, որն իրականացվել է Անկարայի նախաձեռնությամբ։ Հարաբերությունների բացակայությունը պայմանավորված է երկու հանգամանքով։ Արցախյան հիմնախնդրում Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ինչպես նաև ամենատարբեր մակարդակներով ժխտում Հայոց ցեղասպանությունը։ 

Լուսանկարը՝ Sputnik / Алексей Куденко

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter