HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. «ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միացումն արժանի է ուշադրության»

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով «Вестник Кавказа»-ի լրագրողի հարցին, դրական է գնահատել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդ երկրի կարգավիճակ տալու նպատակով բանակցություններ սկսելու ուղղությամբ։ 

«Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը, որը, ըստ էության, հանդիսանում է եվրասիական ինտեգրման գաղափարախոսը, ուշադրության արժանի է։ Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են դրա նպատակները, սկզբունքներն ու հետաքրքրված են առավել սերտ ինտեգրմանն ու առավել սերտ փոխգործակցությանը։ Առաջին հերթին մենք նկատի ունենք ԱՊՀ երկրներին, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ պահպանում են առավել սերտ կապեր՝ համագործակցության առումով»,- նշել է Զախարովան։ 

Ըստ Զախարովայի՝ Ադրբեջան-ԵԱՏՄ երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կարող է նպաստել տարածաշրջանում երկկողմանի առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ «Ինչպես նաև, իհարկե, մասշտաբային տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Այդուհանդերձ, Զախարովան հավելել է, որ Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուն։ «Ինչպես գիտեք, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի փորձագիտական մշակման արդյունքներով»,- եզրափակել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք,որ դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ նրան ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ տրամադրելու համար։ «Ես սրտանց ողջունում եմ, երկարամյա տարաձայնությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ես կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք կարծում։ Ընդորում, ինչպես նախկինում ասում էինք, հնարավոր եմ համարում Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցությունների անցկացումը, որպեսզի նա ևս դառնա դիտորդ երկիր»,- հայտարարել էր Նազարբաևը։ 

Վերջինիս խոսքերով՝ Ուզբեկստանի օրինակը, որը Եվրասիական տնտեսական միությունում ունի դիտորդի կարգավիճակ, կարող է ոգեշնչել Ադրբեջանին, քանի որ «Ուզբեկստանի Հանրապետությունը դրանից քիչ չի շահել»։ «Այսօր համաշխարհային մարտահրավերների պայմաններում, որոնք առաջացրել է COVID-19-ի համավարակը, մեզ ավելի շատ համագործակցություն է անհրաժեշտ։ Առանձին իրադարձություն էր Ուզբեկստանին՝ մեր եղբայրական ժողովրդին և հարևանին, ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալը»,- հավելել էր Նազարբաևը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter