Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։
ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ հանդիպման սկզբում կողմերը փոխանցել են իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։ Ապա քննարկվել է Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
«Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։
Կողմերն արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին հրավիրել է Հայաստան այցելելու։
Մեկնաբանել