HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովում ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվեց

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Հարցն այսօր քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանն այդ պաշտոնում ընտրվել է 2016 թվականի փետրվարի 23-ին: ՄԻՊ-ը, օրենսդրության համաձայն, պաշտոնավորում է 7 տարի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց, որ Սահմանադրության համաձայն՝ ի թիվս այլ պահնաջների, թեկնածուն պետք է հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ լինի: Նա հետաքրքրվեց, թե ինչու է իշխանությունը կանգ առել հենց այդ թեկնածուի վրա:

Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնող Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ այդ չափանիշների գնահատականը կտա խորհրդարանն իր ընտրության միջոցով: Նա նաև հավելեց, որ թեկնածուն բավական ակտիվ է եղել մարդու իրավունքների պաշտանության ոլորտում:

«Տիկին Գրիգորյանն օժտված է այն հատկանիշներով, որոնք անրաժեշտ են ու բավարար, որ իր թեկնածությունը ներկայացվի այս պաշտոնում»,- ասաց նա:

Մանուկյանն առաջարկեց դուրս գալ փողոց և պատահական անցորդներից հարցնել, թե քանիսն է ճանաչում Գրիգորյանին: Վլադիմիր Վարդանյանը հակադաձեց՝ շատերն էլ պատգամավորներին կարող են չճանաչել, սակայն դա չի նշանակում, որ վերջիններս չեն վայելում հասարակության հեղինակությունը:

Ըստ Արեգնազ Մանուկյանի՝ գործող ՄԻՊ Արման Թաթոյանից դժգոհ է եկու սուբյեկտ՝ Ադրբեջանը և ՔՊ-ն, նա հետաքրքրվեց, թե ինչու է այդպես:

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց՝ իշխանությունից որևէ մեկը Արման Թաթոյանի գործունեությանը գնահատական չի տվել, նա նաև հավելեց՝ Արման Թաթոյանն առաջին օմբուդսմենն է, որը պաշտոնավարում է մինչ իր լիազորությունների ավարտը:

«Մենք բնականոն ընթացակարգով նոր ՄԻՊ ենք ընտրում, ինչ վերաբերում է Ձեր ակնարկային հարցին, թե ինչի չեք Արման Թաթոյանին առաջադրել, ես նոր եմ վերադարձել Վենետիկի հանձնաժողովի նիստից: Այնտեղ հստակ չափորոշիչ է ներկայացվել, որ ՄԻՊ-ի անկախության ամրապնդման տեսանկյունից վերընտրման ինստիտուտը պետք է բացառվի»,- ասաց Վարդանյանը:

Քրիստինե Գրիգորյանն իր խոսքում վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում անկողմնակալ է լինելու՝ չնայած որ այժմ քաղաքական պաշտոն է զբաղեցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter