HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները (+109 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից Վարազդատ Լալայանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր։ Վրացի Լաշա Տալախաձեն էլ կարիերայում 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ գերազանցելով իրեն իսկ պատկանող բոլոր ռեկորդները։

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 202, իսկ Գոռ Մինասյանը 205 կլիոգրամ։ Երկրորդ մոտեցման համար Լալայանը պատվիրեց 207 կգ և կրկին կարողացավ ֆիքսել այն։ Վարազդատ Լալայանը հրաշալի կատարեց նաև երրորդ մոտեցումը՝ բարձրացնելով 211 կգ։ Գոռ Մինասյանը, ցավոք, երկրորդ և երրորդ փորձերից չկարողացավ բարձրացնել 213 կիլոգրամը և պոկում վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Առաջինը, բնականաբար, անկրկնելի Լաշա Տալախաձեն էր, որը պոկեց 225 կիլոգրամ և գերազանցեց պոկում վարժությունում իր իսկ ռեկորդը։ Երկրորդը Լալայանն էր՝ 211 կգ-ով, իսկ երրորդը՝ բելառուս մարզիկ Էդուարդ Զիազիուլինը՝ 206 կգ արդյունքով։

Հրում վարժությունում նախ Գոռ Մինասյանը առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 240 կիլոգրամը, ապա նույն քաշին մոտեցավ Վարազդատ Լալայանը, սակայն չկարողացավ բարձրացնել այն։ Երկրորդ մոտեցման համար Լալայանը պատվիրեց 242 կգ և այս անգամ կարողացավ հեշտությամբ հրել ծանրաձողը։ Գոռ Մինասյանը երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց նաև 243 կիլոգրամ։ Վարազդատ Լալայանը երրորդ մոտեցումից հաջողությամբ բարձրացրեց նաև 246 կիլոգրամ, իսկ Գոռ Մինասյանը երրորդ մոտեցմամբ չկարողացավ հրել 253 կիլոգրամը։ Արդյունքում, Վարզդատ Լալայանը արծաթ նվաճեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում և երկամարտի 457 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն։ Իսկ Գոռ մինասյանը բրոնզ նվաճեց հրում վարժությունում և երկամարտի 448 կգ արդունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ինչ վերաբերում է Լաշա Տալախաձեին, ապա նա հրեց 267 կիլոգրամ և կրկին գերազանցեց հրում վարժությունում և երկամարտում (492 կգ) իրեն պատկանող ռեկորդները։ Լաշա Տալախաձեն հինգերորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նույնքան անգամ էլ նա հաղթել է Եվրոպայի առաջնություններում։ Բացի այդ, նա Ռիոյի և Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է։

Հիշեցնենք, որ գարնանը Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունք էր գրանցել և հռչակվել փոխչեմպիոն, իսկ Վարազդատ Լալայանը 445 կգ-ով դարձել էր բրոնզե մեդալակիր։ Ինչպես տեսանք, Գոռն ու Վարազդատն այս անգամ տեղերով փոխվեցին։ Լալայանի համար սա մեծահասակների աշխարհի առաջնություններում առաջին հաջողությունն էր, իսկ Գոռ Միասյանը աշխարհի առաջնություններում երկու արծաթե (2018, 2019) և մեկ բրոնզե (2015) մեդալներին գումարեց ևս մեկ բրոնզը։

Ծանրամարտի աշխարհի 2021թ․ առաջնությունում երկամարտի արդյունքներով Հայաստանը երեք մրցանակակիր ունեցավ։ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն ու գերծանր քաշային Գոռ Մինասյանը դարձան բրոնզե մեդալակիրներ, իսկ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը՝ աշխարհի փոխչեմպիոն։ 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից ոսկե մեդալ էր նվաճել, իսկ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը կրկին պոկում վարժությունից՝ բրոնզ։

Այսպիսով, ծանրամարտի Հայաստանի հավաքականն իր հաշվին գրանցեց 1 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։

Գլխավոր լուսանկարում՝ Վարազդատ Լալայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter