HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի վիճակագրությունն ապագա մրցակիցների դեմ

Երեկ հայտնի դարձան ՈւԵՖԱ-ի կողմից արդեն երրորդ անգամ անցկացվող Ազգերի լիգայի մրցաշարի ընտրական խմբերի կազմերը: Հայաստանի ընտրանին, որը նախորդ՝ 2020-2021 թթ. խաղարկությունում դարձել էր C լիգայում իր խմբի հաղթող եւ այս անգամ իրավունք ստացել հանդես գալ B լիգայում, վիճակահանության արդյունքում ընդգրկվել է B1 խմբում: Այստեղ մեր մրցակիցները կլինեն Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի հավաքականները:

Այսօր հաստատվել է նաեւ 2022-2023 թթ. խաղարկության B1 խմբի խաղացանկը: Ահա Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը:

Հունիսի 4 - Շոտլանդիա - Հայաստան
Հունիսի 7 - Հայաստան - Իռլանդիա
Հունիսի 11 - Ուկրաինա - Հայաստան
Հունիսի 14 - Հայաստան - Շոտլանդիա
Սեպտեմբերի 23 - Հայաստան - Ուկրաինա
Սեպտեմբերի 26 - Իռլանդիա – Հայաստան

Նկատենք, որ եթե A լիգայի 4 խմբերի հաղթողները իրավունք կստանան վիճարկել Ազգերի լիգայի հաղթողի կոչումը, ապա մյուս լիգաներում խմբերի հաղթողները հաջորդ խաղարկությունում հանդես կգան ավելի բարձր լիգայում, իսկ խմբերում վերջին տեղերը զբաղեցրածները (բացի վերջին՝ D լիգայի ներկայացուցիչներից, որոնք նահանջելու տեղ չունեն) կիջնեն ավելի ցածր լիգաներ:

Ազգերի լիգայի խաղարկությունում հաջողության հասնելը նաեւ Եվրոպայի 2024 թ. առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն կընձեռի: Ըստ առկա ինֆորմացիայի՝ «Եվրո-2024»-ի եզրափակիչ փուլին մասնակցելու երաշխավորված տեղ ունի տանտեր Գերմանիան, մյուս 23 թիմերից 20-ը դառնալու են այն հավաքականները, որոնք 2023 թ. անցկացվելիք «Եվրոյի» ընտրական մրցաշարի 10 խմբերում կգրավեն առաջին կամ երկրորդ հորիզոնականը: Այդպիսով՝ կմնա որոշել վերջին 3 երջանիկներին: Դրանք կընտրվեն Ազգերի լիգայի առաջիկա խաղարկության միջոցով:

Այսպես՝ 4 լիգաների 4-ական խմբերի հաղթողներից (16 հավաքական) լավագույն 12-ը, որոնք «Եվրո-2024»-ի ընտրական փուլում կձախողվեն (այսինքն՝ չեն զբաղեցնի իրենց խմբերի առաջին կամ երկրորդ հորիզոնականը) «Եվրոյին» մասնակցելու թեկնածու կդառնան Ազգերի լիգայի միջոցով: Այդ 12-ը կբաժանվեն 3 փնջի, որոնցում կլինի 4-ական մասնակից, եւ նրանք ըստ փնջերի կխաղարկեն 3 ուղեգիր: Այդուհանդերձ, չի բացառվում, որ հետագայում ՈւԵՖԱ-ն այս կարգը փոխի: 

Մեր հավաքականն առաջիկա մրցակիցներից հանդիպել է Ուկրաինային եւ Իռլանդիային, իսկ Շոտլանդիայի դեմ կմրցենք առաջին անգամ:

Ուկրաինացիներին հանդիպել ենք 8 պաշտոնական խաղերում: Ընդ որում՝ դրանք եղել են իրար հաջորդող 4 ընտրական մրցաշարերում, երբ թվում էր, թե թիմերն անբաժան են միմյանցից: Առաջին անգամը եղել է աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում: 1997-ի մայիսի 7-ին մերոնք 1-1 խաղացին Կիեւում, Հայաստանի ընտրանուց աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Նույն տարվա հոկտեմբերի 11-ին Երեւանում ուկրաինացիները հաղթեցին 2-0 հաշվով: Թիմերը հանդիպեցին նաեւ «Եվրո-2000»-ի ընտրական մրցաշարում: 1998-ի հոկտեմբերի 14-ին Կիեւում մերոնք պարտվեցին 0-2, իսկ 1999-ի հունիսի 9-ին Երեւանում գրանցվեց 0-0: ԱԱ-2002-ի ընտրական փուլում՝ 2000 թ. հոկտեմբերի 7-ին, Երեւանում ուկրաինացիները հաղթեցին 3-2 հաշվով: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Արթուր Պետրոսյանը: Պատասխան խաղը 2001-ի սեպտեմբերի 5-ին Լվովում էր. Հայաստանի ընտրանին պարտվեց 0-3: «Եվրո-2004»-ի ընտրական փուլում էլ Երեւանում 2002 թ. սեպտեմբերի 7-ին թիմերը 2-2 խաղացին: Մերոնցից աչքի ընկան Արթուր Պետրոսյանն ու Ալբերտ Սարգսյանը, իսկ 2003-ի հունիսի 7-ին Լվովում գրանցվեց 3-4: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալբերտ Սարգսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Ֆուտբոլասերները հավանաբար կհիշեն, որ այդ խաղում Անդրեյ Շեւչենկոն կեղծակերպ արարքի (սիմուլյացիա) միջոցով 11-մ վաստակեց, որը վճռորոշ եղավ ուկրաինացիների համար:

Այսպիսով՝ կայացած 8 խաղերից 3-ում գրանցվել է ոչ-ոքի, մյուս 5-ում էլ հաղթել է Ուկրաինան: Գոլերի տարբերությունը 8-17 է՝ հոօգուտ Ուկրաինայի:

Նկատենք նաեւ, որ Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկությունում Ուկրաինան A լիգայում էր, սակայն իր խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնելուց հետո նահանջել է B լիգա: Իսկ Շոտլանդիան ու Իռլանդիան շարունակում են հանդես գալ B լիգայում:

Իռլանդիայի հետ հանդիպումները հայ ֆուտբոլասերները դժվար թե մոռացած լինեն: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում, որն ամենահաջողն էր մեր ընտրանու պատմության մեջ, 2010 թ. սեպտեմբերի 3-ին Երեւանում մերոնք պարտվեցին 0-1, իսկ 2011-ի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիները հաղթեցին 2-1 ու «Եվրոյի» փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճեցին, ապա որակավորվեցին եզրափակիչ մրցաշարին: Հիշեցնենք, սակայն, որ Դուբլինում իռլանդացիներին մեծապես օգնեց տխրահռչակ բասկ մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, որը սխալ կարմիր քարտ ցույց տվեց մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ Հայաստանի հավաքականին թողնելով 10 հոգով: Այդ խաղում մերոնցից ինքնագոլի հեղինակ դարձավ Վալերի Ալեքսանյանը, ապա տանտերերը խփեցին նաեւ երկրորդ գոլը, ու չնայած Մխիթարյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, ավելին անել չհաջողվեց:

Հայ-իռլանդական դիմակայությունում 2 խաղերն էլ ավարտվել են իռլանդացիների հաղթանակով, գոլերի տարբերությունը՝ 3-1:

Վիճակահանությունից հետո ՀՖՖ կայքին իրենց կարծիքներն են հայտնել մեր հավաքականի ներկայացուցիչները:

Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշել է. «Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք եւս որոշակիորեն առաջադիմել ենք եւ ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաեւ տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել եւ յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան եւ Շոտլանդիան նույնպես փորձառու եւ հմուտ թիմեր են»:

«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին եւ ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել,- հայտարարել է մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:- Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում եւ, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու եւ նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 1990-ականներին եւ 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, եւ չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միեւնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաեւ վստահ եմ, որ ունակ ենք  պայքարելու այս հավաքականների դեմ եւ անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»:   

«Մեզ համար չկան ուժեղ եւ թույլ թիմեր, ցանկացած հանդիպման պետք է վերաբերվենք որպես եզրափակչի,- իր հերթին նշել է հավաքականի առանցքային խաղացողներից պաշտպան Վարազդատ Հարոյանը:- Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղերում մենք կորցրինք միավորներ, որովհետեւ թերագնահատել կամ գերագնահատել էինք մրցակիցներին: Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից: Դժվար խումբ է, բայց կարծում եմ՝ ի զորու ենք յուրաքանչյուր խաղում պայքարելու միավորների համար»:  

«Մեծ անհամբերությամբ կսպասեմ այս խմբի հանդիպումներին: Շատ հետաքրքիր հավաքականներ են եւ մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու նրանց դեմ խաղալը,- ասել է կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:- Սա նաեւ կօգնի մեզ հասկանալ՝ ինչի ենք ընդունակ այսպիսի բարձր մակարդակի խաղերում: 3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք եւ ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter