HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հնարավորություն ենք տվել ապացուցելու, որ սխալվում ենք». պաշտպանը՝ Աշոտ Մինասյանին երաշխավորությամբ ազատելու միջնորդության մասին

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ Դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել: Պաշտպանական կողմը չի ստացել նաև Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ չնայած այն կայացվել է 17 օր առաջ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Պաշտպանը համոզմունք ունի, որ Մինասյանի վերաբերյալ գործը գտնվում է քաղաքական իշխանության հետաքրքրության և  վերահսկողության ներքո, և քրեական գործի միակ նպատակն Աշոտ Մինասյանին կալանավորելն է: Պաշտպանն ասում է ՝ այս համոզմանը եկել է՝ տեսնելով քրեաիրավական պրոցեսները, դրա շրջանակներում մի շարք  խնդրահարուց հանգամանքները, այն հանգամանքը, որ կալանավորման միջնորդության մերժվելուց մեկ տարի անց Աշոտ Մինասյանը կալանավորվել է, ինչպես նաև Մինասյանի հայտնած տեղեկությունն այն մասին, թե ինչի հետ կարող է կապված լինել իրեն կալանավորելը: Մինասյանը պաշտպանին հայտնել է, որ կալանավորմանը նախորդած ժամանակահատվածում Սյունիքի մարզում հեղինակություն ունեցող տարբեր անձանց հետ հանդիպումներ, քննարկումներ է ունեցել Հայաստանի և մասնավորապես՝ Սյունիքի ճակատագրի հետ կապված, այսինքն՝ իր դրսևորած ակտիվությունն, ըստ Աշոտ Մինասյանի, կարող էր առիթ հանդիսանալ՝ իրեն մեկուսացնելու համար:

Նշենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, Նիկոլ Փաշինյանի սպանությունն, ինչպես նաև իշխանության յուրացումը նախապատրաստելու մեջ: Ավելի քան մեկ տարի առաջ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը մերժվել է՝ հիմնավոր կասկածի  բացակայության հիմքով: Վերաքննիչ դատարանն այս որոշումն անփոփոխ է թողել, սակայն Վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մասնակիորեն բավարարել է Դատախազության բողոքը և գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք կրելը) նախատեսված հանացագործության կատարմանն Աշոտ Մինասյանի առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաև խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:

Մինասյանին կալանավորելու որոշումը կայացրել է վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը՝ 17 օր առաջ, սակայն, ինչպես արդեն նշեցինք, մինչև այս պահը պաշտպանը չի ստացել դատարանի որոշումը: 

Տիգրան Սիմոնյանի աշխատակազմից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ որոշումը չի ուղարկվել կողմին, աշխատակիցը մեզ հայտնեց միայն, որ որոշումն օրենքով սահմանված կարգով կուղարկվի: Դիտարկմանը, որ մեր հարցը վերաբերում է ոչ թե նրան, թե ինչ կարգով կուղարկվի որոշումն, այլ՝ ինչո՞ւ չի ուղակվում, դատարանի աշխատակազմի աշխատակիցը պատասխանեց, որ պատրաստ լինելուն պես կուղակվի:

Աշոտ Մինասյանին կալանավորելուց հետո Դատախազությանը միջնորդություն է ներկայացվել՝ նրա խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ: Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր:

Այս միջնորդությունից հետո մի շարք կազմակերպություններ ու անհատներ,  արցախյան պատերազմին մասնակցած կամավորական շուրջ 15 ջոկատ, մշակութային կազմակերպություններ  պատրաստակամություն են հայտնել երաշխավորություն ստանձնել Աշոտ Մինասյանի համար: 

Պաշտպանն ասաց, որ Մինասյանի համար երաշխավորել են  հետևյալ գեներալները՝

Տիրան Խաչատրյան - Ազգային Հերոս, գեներալ լեյտենանտ

Յուրի Խաչատուրովը - գեներել գնդապետ

Նորատ Տեր-Գրիգորյանցը - գեներալ լեյտենանտ 

Վալերի Գրիգորյան - գեներալ լեյտենանտ

Հայկ Քոթանջյան - գեներալ լեյտենանտ

Էնրիկո Ապրիամով - գեներալ լեյտենանտ

Սերգեյ Չալյան - գեներալ մայոր

Հովիկ Օհանյան - գեներալ մայոր

Հենրիկ Մուրադյան – գեներալ մայոր

Հովհաննես Վարյան - ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

Սաշա Աֆյան - ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

Հովհաննես Հունանյան - ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

Գրիգոր Գրիգորյան - ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

Գագիկ Համբարձումյան - ՀՀ ոստիկանության գեներալ մայոր

Թաթուլ Պետրոսյան - արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

Գրիշա Միքայելյան - արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

Ռաֆիկ Հովհաննիսյան - արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

Ալբերտ Մարգարյան - արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական։

Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս 2020 թվականին Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը նշել է, որ ազատության մեջ մնալու դեպքում Մինասյանը կթաքնվի: Կալանավորման միջնորդությունը մերժելու արդյունքում Մինասյանը մեկ տարուց ավելի գտնվել է ազատության  մեջ, և, փաստորեն, չի թաքնվել, սակայն դեկտեմբերի 1-ին նրան կալանավորած դատարանն այս հանգամանքին ուշադրություն չի դարձրել:

Ինչ վերաբերում է Աշոտ Մինասյանի կողմից գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ենթադրյալ հավանականությունը, պաշտպանը դիտարկում է, որ շուրջ մեկ տարի նախաքննական մարմինը քննություն է իրականացրել գործի շրջանակներում, և օբյեկտիվ քննություն իրականացնելու դեպքում մեկ տարվա ընթացքում այլևս չպետք է որևէ անձ մնացած լիներ, որ հարցաքննված չլիներ ու հավանականություն լիներ այդ անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելու: 

«Փաստերի համադրությամբ մենք հասկանում ենք, որ այս գործը քաղաքական իշխանության հետաքրքրության ներքո է գտնում ու միակ նպատակը Մինասյանին կալանավորելն է: Հիմա մենք Դատախազությանը հնարավորություն ենք տվել մեզ ապացուցելու, որ  սխալվում ենք ու պատվով կընդունենք, եթե սխալված լինենք»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք  որևէ խնդիր չունեն, որ այս քրեական գործի քննությունը շարունակվի բնականոն հունով, այնպես, ինչպես ընթացել է մեկ տարի՝ Աշոտ Մինասյանի ազատության մեջ գտնվելու պայմաններում: 

Պողոսյանը հիշեցրեց, որ Աշոտ Մինասյանը 62 տարեկան է, ունի առողջական խնդիրներ, թեև այս պահին առողջական վիճակը բավարար է, բայց, ամեն դեպքում, սրտի բաց վիրահատություն է տարել ու նաև մարդասիրության սկզբունքից է բխում, որ Դատախազությունը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրի անձնական երաշխավորությունը:

«Դատախազությունն իր որոշմամբ մի հարցի պատասխան է տալու. այս գործի նպատակն  Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելն է, թե՞ օբյեկտիվ քննություն իրականացնելը, որովհետև Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելու այլ պատճառ, քան քաղաքական իշխանության ցանկությունն է, չկա. քրեական գործում մենք պատճառ չենք տեսնում,  վերաքննիչ բողոք ներկայացրած  դատախազը կալանավորման հիմքերը կապում էր հայտնաբերված զենքի մեծաքանակ  լինելու հետ, չէր ասում՝ Աշոտ Մինասյանը փորձ է կատարել թաքնվելու, փորձ է կատարել վկաների վրա ազդեցություն գործադրելու, այլ ասում էր՝ քանի որ զենքը մեծաքանակ է, հնարավոր է, որ կթաքնվի, քանի որ զենքը մեծաքանակ է, հնարավոր է, որ ազդեցություն  գործադրի անձանց վրա, քանի որ մեծաքանակ է, հնարավոր է՝ նոր հանցագործություն կատարի»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter