HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենաների պետհամարանիշներ հափշտակելու և դրանց դիմաց գումար պահանջելու գործով 2 անձ կալանավորվել է

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել են ավտոմեքենաների պետհամարանիշները հափշտակելու միջոցով շորթում կատարելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ի հաղորդմամբ՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը, շորթմամբ ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, 2021թ. հունիս-հուլիս ամիսներին Երևանի բնակչի ավտոմեքենայով շրջելով Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 1.5 մլն, 400 000, 150 000 և 100 000 դրամ արժողության հաշվառման զույգ համարանիշները:

Օգտվելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտրամադրելու հանգամանքից՝ վերջիններս մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ «Ձեր համարները մեզ մոտ են, վերադարձնելու համար կապվեք տելեգրամով» բովանդակությամբ՝ նշելով համապատասխան հասցեն: Համարանիշները վերադարձնելու համար նրանք պահանջել են տարբեր չափերի գումարներ՝ սպառնալով չհամաձայնելու և համապատասխան գումարը չփոխանցելու դեպքում՝ ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշները վերադարձվել են սեփականատերերին:

Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter