Արագածոտնի մարզում նախատեսվում է ստեղծել խաղողի աճեցման և վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, «Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2013 թ. փետրվարի 1-ը։ Ժամանակացույցի վերանայման պատճառ են դարձել ինչպես եղանակային պայմանները, այնպես էլ ներմուծվելիք ապրանքների ցանկի փոփոխությունը։ 6.6 մլրդ դրամ ներդրումային ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման և վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն, ինչպես նաև ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ, մոտ 80 աշխատատեղ։
«Իսկապես տպավորիչ ծրագիր է, - այս առնչությամբ ասել է կառավարության ղեկավարը։ - Այսօր մեծ թափով կառուցվում է ժամանակակից գործարանը։ Այն օրինակելի է լինելու այլ տնտեսությունների համար, որոնք տեսնելու են, թե ինչ մշակույթ է ներդրվում գինեգործության ոլորտում։ Կարծում եմ, որ այս փորձը կտարածվի գինեգործական այլ ընկերություններում ևս, որովհետև բարձրացվում է արտադրության որակը։ Իհարկե, շատոյի սկզբունքով գինու արտադրությունը հնարավորություն է տալու, որպեսզի այդ գինին ամբողջությամբ իրացվի։ Սա մեր հաջողված ծրագրերից է»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել