HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նանար, նանար

«Հայելու առաջ» հեռուստահաղորդման հյուրն էի: Հաղորդման ավարտին Անժիկն իր սովորույթքին հարիր բլից հարցեր էր տալիս՝ ակնկալելով կարճ, անկեղծ և սրամիտ պատասխաններ: Վերջին հարցն էր. ասաց, Լևո՛ն, քո ամենամեծ թերությունը ո՞րն է: Ասի բերանբաց եմ, թեև դա իմ ամենամեծ ձեռքբերումն էր: Որ բերանբաց չլինեի, ես գրող կլինեի՞... Ողջ կյանքում ձգտել էի մի բան լսեմ, բան ասեմ՝ աշխարհն իմանա... Բայց չգիտես ինչու Անժիկը պել կտրեց, աչքերը լայնացան, հանկարծակի փռթկաց ու մի կողմ թեքվեց: Երևի մոռացել էր, որ ուղիղ եթերում ենք: Հավանաբար, աթոռից կընկներ, եթե կողքին իմ նման տղամարդ չլիներ: Բայց խնդիրը դա չէ. հարցն այն է, որ հիմա բոլորը գիտեն, որ ես աշխարհի ամենաբերանբաց մարդն եմ, թերևս, ամենատեղեկացվածը...  Արի ու տես, որ ամենաթունդ գաղտնապահներն ամենաարտակարգ կարևորության գաղտնիքները հենց ինձ են ի պահ տալիս՝ ավաթարելով, այսինքն` հորդորելով ոչ ոքի չասել... Ուրիշ ձև չկար. բա հանրությունը ո՞նց իմանար, որ դա արտակարգն է... Էլ ո՞նց չասեի... Ոչ միայն ասում էի, այլ նաև գրում: Գրելն էլ բերանբացության պես մի բան է: Գրողի օրը կտրի. բերանը ծառա է աշխարհի ականջին: Հը՞... Դե արի ու մի գրի... Արմենը, ձեռը ծոցին, վիզը ծռած, աղաչանք ու պաղատանք էր անում, թե մի բան ասեմ՝ մարդու բան չասես...  Արմենն էլ իմ նման գրող է, թեև չի գրում: Նա էլ խոսքով է ապրում: Խոսքը բերանում, ոնց որ տաք-տաք կարտոֆիլը՝ բաց ա թողնում, որ քիմքը, լեզուն ու շուրթերը չայրվեն: Արագ-արագ, բառերը լմլմացնելով, թլոշ- թլոշ խոսում էր: Երևի դուք էլ մոխիրն ու պեծը վրան խորոված կարտոշկա կերած կլինեք: Բա հենց գիտեք գաղտնիք պահելը հե՞շտ ա... Խոսքը դանակի պես մի բան ա, ներսից ա փորոտիքը պատռում: Դե, մենք հերձվենք՝ դուք լսեք, բերաններիդ էլ դնչկալ հագցրեք, որ քովիդ չընկնեք կամ էլ իմ ու Արմենի նման բերանբացի անուն չհանեք, առողջ ու լավ մարդ մնաք: Բայց և այնպես, էս փուչ աշխարհում բոլորս ենք հերձված: Ասում են` լավ մարդիկ միտքը չեն պղտորում... Բայց չկարծեք, թե մենք պղտորում ենք, ընդամենը պարզաջրում ենք: Ջինն այլևս դուրս էր եկել թաքստոցից:

-Երեկ հարևանիս տղու դատն էր,- պատմում էր Արմենը` կուզը վեր ցցած, ձայնը իջեցրած, մանրիկ աչքերը պսպղացնելով ու բարակ շուրթերի փսփսոցով:- Դատարանի մթնոլորտը շիկացած էր: Հարևանիս տղեն ամուսնալուծվում էր. ականջները լոշտակ, թրջված ղազի նման թևերը կախ գցած՝ ծվարել էր պատի տակ ու անլեզու հայվանի պես լալկել:

-Ձեր տղեն տղա չի՛, ձեր տղեն տղա չի՛,- զոքանչ խանումը կոկորդ էր պատռում:

Հարևանիս տղու մերն էլ ձեռքի թուղթն էր աչքը կոխում.

-Լավ էլ տղայա... Է՛ս ա բժշկի թուղթը... Է՛ս ա թուղթը...

-Մեզ թուղթը պե՛տք չի... մեզ թուղթը պե՛տք չի,- գոռում ու ձեռքերը ճոճում էր զոքանչ խանումը:

-Բա ի՞նչ ա պետք, ի՞նչ ա պետք...,- թուղթը դրոշակի պես գլխից վեր պարզած` թափահարում էր հարևանուհիս:

-Մեզ կանգնած կ... ա պետք... կանգնած կ...

Խրոխտ, բիրտ ու վճռական՝ իր պահանջն էր առաջ քաշում էդ խեղճ տղու լաչառ զոքանչը ...

Դատը գինու պես վայելելով, արբենալով ու հարբելով՝ երանի իմանաք, թե ինչքան ծիծաղեցինք ես ու իմ ընկեր Արմենը: Կյանքը վայելք է, առավել ևս, երբ ուրախությունդ ուրիշի դժբախտությունն է ապահովում և ո՛չ քո թշվառությունը: Ձմեռ էր, օրը կարճ: Ժանգառքը խառնվում էր: Էդ օրը դրամ չէի վաստակել, բայց ստացածս ավելի շատ էր, քան կորցրածս: Էդ տրամադրությամբ էլ գործս ավարտեցի: Սակայն բոլորը չէ, որ իմ քեֆին էին: Մարդ էլ կար, որ քեֆին քեֆ չէր հասնի: Վերնիսաժի խելառը, Վերնիսաժի Կտրիճ Դավոն, ծառի տակ նստած, ինտերնացիոնալ ելևէջներով, բայց և ազգայնական տոնայնությամբ երգ էր ասում.

-Թո՛ւրք ենք մենք՝ եղբայրներ, թու՛րք ենք մենք...

Եվ երգում էր, և մղկտում ու ամեն հնչյունի հետ իր պապերի Էրգիրը երազում:

«Չի ասվի,- մտորվում էր նորոգ երգով,-  մեկ էլ տեսար՝ պետք եկավ...»:

Ապագան երիտհայերինն էր...

Տուն գնալու ժամանակն էր: Ոլոր-մոլոր, քայլամոլոր, չէի ասի, թե գնում էի մայր Արաքսի ափերով, ընդամենը՝ մայրաքաղաքի փողոցներով: Սև մթնշաղն ու սպիտակ մառախուղը միախառնվել էին իրար ու համերաշխ պատ կազմել: Էդ պատը պատռելով` ինձ մի ուրվական էր մոտենում: Երբ բավականին մոտ էինք, մառախուղի սպիտակ ծվեններն ու մութ լաթերը վրայից սահեցին, ու ասես բացվող վարագույրի արանքից դեմս հառնվեց Աշոտը: Հազար տարի իրար չէինք տեսել, բայց արդեն ինքն ինձ տեսել էր, տեսել ու ճանաչել: Իր տրամադրությունն իմից նկատելիորեն լավ էր: Վրա եկավ՝ պաչ-պռոշտի, պաչ-պռոշտի... Աշխարհի և ոչ մի վիրուս ի վիճակի չէր կանխել Բրեժնևից հուշ մնացած այդ պագշոտ, քաղցր ու անուշ արարողությունը: Մինչդեռ, մեջը բան չկար... Եղած-չեղածը հետո էր լինելու: Աշոտը` թե բա չգնա՞նք մեր հանդիպումը նշենք... Աշոտն ու ես մտանք «Արտաշի մոտ»: Բաժակ-բաժակի դեռ չէինք տվել՝ մուտքի մոտ շվար կանգնած մի կին հայտնվեց: Պառաված օրիորդի հնաոճ հագուկապով յոթանասունհինգին մոտ տիկին էր. ցանցկեն երեսակալ քողի տակից կարմրին էին տալիս կապիկի տուտուզի նման թունդ կարմիր պռոշները, իսկ դեմքը սպիտակեցված էր պուդրայի հաստ շերտով, ոնց որ ծեփված, սպիտակ գերեզման: Աշոտը վրա ընկավ, հմի էլ սրան՝ պաչ-պռոշտի, պաչ-պռոշտի...  Տիկինն էլ տարիքն առած սիրամարգի պես հո չէր սեթևեթու՜մ, հո չէր սեթևեթու՜մ... Ձեռքերը տարածել, քնքուշ նազանքով լողում էր օդում, հետն էլ՝

-Նյա՜, նյա՜, նա՛, նա՛...  Նյա՜, նյա՜, նա՛, նա՛...

Աշոտը, որ շատ պաչեց ու շատ կարմրեցին այտերն այդ կնոջ, կշտացավ ու կշտացրեց, մեկ էլ կտրուկ դադարեցրեց շուրթերի աշխատանքը: Զգաստացավ: Ասաց.

-Մեկըմ րոպե՛...

Մի րոպե չէ, բայց տաս րոպեից եկավ՝ շոկոլադով, կոնֆետով, քաղցրավենիքով ու անուշեղենով...  էդ ամենը տվեց էդ կնոջ գիրկն ու թե՝

-Դե, սիկտիրդ քաշի...

Անհամբերությունից տեղս չէի գտնում: Որ էդ կինը գնաց՝ հարցրի.

 -Բա էդ կինը ո՞վ էր...

-Բոզիս աղջիկը,- ասաց:

Աչքերս ճակատիս թռան:

-Լավ ա չասիր՝ նանարիս նանարը...,- ասի:

Երգ էլ կա, է.. Էդ մի պատմությունն էլ անեմ: Դե, ասեմ՝ իմացեք.

Երգն ու կատարումը` Շամշադինից, գործիքավորումն ու հանրայնացումը՝ ինձնից:

Սերոբը Շամշադինի Ծաղկավան գյուղից էր: Բանակից նոր էր եկել, ժիր ու սիրունիկ, մի քիչ առնական, մի քիչ ազատականացված, մի քիչ էլ շուստրիացած: Ու էդ ամենը բեմականացնում էր իրենց տան առաջ՝ բախչում: Ծառերի միայնության մեջ երգ էր ասում, մի երգ՝ ստեղծագործական ինքնաբուխ պոռթկում, որի գժական ռիթմն անգամ Հայոց բարդ՝ Ռուբեն Հախվերդյանի արվեստը չուներ, որքան էլ այն լիներ «Երևանի գիշերներում»... Երգով տարված Սերոբը չէր էլ նկատել, որ իր հեր Եղիշը իրենց տան երկրորդ հարկից գյոզ է դրել: Իսկ Սերոբի երգն ասում էր.

Իմ ուզելը՝

Քո չտալը,

Համոզելը

Ու քու տալը,

Կռավաթի ճռճռալը...

Ու կոնքերով օդը խոյահարում էր, մարմնով՝ կոտրատվում, ձենը՝ կտրտում, որ շատ նման էր քարափն ընկած էծի մկկոցի: Կռավաթի պահը, որ սպանում էր...

Եղիշը, բերանը բաց, լսում էր էդ հրոզմունքը, արմանք զարմանքն ու ինչքան լսում՝ էնքան ավելի շատ էր ուզում լսել և երբ ավարտվեց՝ չուզեց ավարտվի, ասաց.

-Սերոբ ջան, մի էդ նանար, նանարը մի հատ էլ ասա...

...Ավարտին հասավ նաև իմ երգը: «Ազգի վիճակը ծանրացել է սրտիս»:  Տխուր ու տրտում էս օրերին՝  էս ա, քանի ժամ նինրի եմ տալիս, ինչ է թե՝ ընթերցողիս հոնքը մի քիչ բացվի...

-Ի՞նչ ես գրում,- հարցրեց կինս: Ինչպես միշտ, պիտի հաշվետու լինեի: Վախում էր իր մասին գրած լինեմ: Որ գրած չլինեի, հաստատ, չէր հարցնի:

-Գրում եմ, էլի՜...,- ուզեցի շրջանցել:

-Բայց ի՞նչ ես գրում,- համառում էր:

-Դե, ո՞նց ասեմ...,- չէի ասում:

-Գլխավոր հերոսը դու՞ ես...,- մանրից սողոսկում էր:

Ճար չունեի.

-Չէ,- ասի,- բոզե՛րը...

-Դե դու ես, էլի,- հանգստացած շունչ քաշեց. բերանբացությունս էր ակնարկում:

Դե, արի ու էս պայմաններում գիր արա: Ռուսական կրթություն ուներ, մեկ ա, չէր կարդալու: Պարզապես, ուրիշների կարդալուց էր զգուշանում: Կյանքը շարունակվում էր: Մինչև ե՞րբ... Հո միշտ այսպես չէ՞ր լինելու... Նոր տարին բախում էր դուռը...

17. 12. 21թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter