
Դատարանը որոշել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, որոշել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամասյանին 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Փարամազյանն անազատության մեջ էր գտնվում հուլիսի 10-ից:
Ըստ մեղադրանքի՝ Մանվել Փարամազյանը, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65, 403, 333 դրամ գույքը, Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ռուշանի Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար: Փարամազյանին վերագրվում է նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելու, զգալի չափերով գումարի գույքի ուրացման արարքներ:
Մանվել Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Այունամենայնիվ, գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, ու երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 22-ին, այն ուղարկվել դատարան:
Մեկնաբանել