HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

22 դատավորի վարույթում եղած 58 գործ մակագրվել է միայն դատավոր Արմենուհի Բադիրյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանն ամենածանրաբեռնված դատավորներից է։ «Հետք»-ի ուսումնասիրությունը պարզեց, որ դատավոր Ա. Բադիրյանի վարույթում գտնվող գործերից 58-ը ժամանակին 22 տարբեր դատավոր է քննել։ Դրանց մի մասը Ա․ Բադիրյանին է մակագրվել վերադասության կարգով բողոքարկվելու արդյունքում բեկանվելուց հետո, մի մասն էլ՝ դատավորների լիազորությունները դադարեցվելուց հետո։

Բարձրագույն դատական խորհուրդն այս տարվա սեպտեմբերի 9-ին որոշել է սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը Արմենուհի Բադիրյանի անունը հանել գործերի բաշխման ցանկից։ Պարզ ասած՝ այդ ժամանակահատվածում դատավորին նոր գործեր չի մակագրվում։ ԲԴԽ-ն նման որոշում է կայացրել հաշվի առնելով դատավորի՝ ծանրաբեռնված լինելու մասին դիմումն ու նույն դատարանի նախագահի գրությունը։

Մենք ուսումնասիրել ենք ԲԴԽ-ի որոշմանը նախորդած երեք ամսվա ընթացքում դատավորի վարույթում քննված գործերը, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ է դատավոր Բադիրյանն այդքան ծանրաբեռնված։ Դատավոր Ա. Բադիրյանը 2021թ. հուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում քննել է ի սկզբանե իրեն մակագրված մոտ 200 գործ և լիազորությունները դադարեցրած կամ այլ դատարանում աշխատանքի անցած 22 դատավորի ընդհանուր 58 գործ։

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե յուրաքանչյուր դատավորից քանի գործ է մակագրվել Ա. Բադիրյանին։ Նշենք միայն, որ գործերի մեջ կան այնպիսիք, որոնք առաջին ատյանում քննվել են, վճիռ է կայացվել, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից բեկանվել է և ուղարկվել նոր քննության։

Այդ 22 դատավորից 3-ի լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով։ Մենք առանձին ուսումնասիրել ենք թոշակի անցած դատավորների քննած գործերը, որոնք հետագայում մակագրվել են դատավոր Արմենուհի Բադիրյանին։ Թոշակի անցած դատավորներն են՝ Էդիկ Ավետիսյանը, Ռուբեն Ափինյանը և Աիդա Դավթյանը։ Այս դատավորների քննած գործերից 12-ն է մակագրվել դատավոր Ա. Բադիրյանին։ Ամենաշատը դատավոր Էդիկ Ավետիսյանի գործերն են եղել՝ 7 գործ։ Հաջորդը դատավոր Ռուբեն Ափինյանի գործերն են՝ 4 գործ։ Դատավոր Աիդա Դավթյանի գործերից 1-ն է մակագրվել դատավոր Ա․ Բադիրյանին։

Այժմ առանձին-առանձին անդրադառնանք յուրաքանչյուր դատավորի քննած գործերին՝ ոչ թե բովանդակությանը, այլ դատաքննության ընթացքին։

Դատավոր Էդիկ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են 2020թ. ապրիլի 2-ին՝ պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով։ Է. Ավետիսյանի քննած գործերից արդեն նշեցինք, որ 7-ը հետագայում մակագրվել են դատավոր Արմենուհի Բադիրյանին։ Այդ գործերից երկուսը Էդիկ Ավետիսյանի վարույթում քննվել են 2014թ․ և 2017թ․-ից և վճիռներ են կայացվել, սակայն Վերաքննիչ դատարանում բեկանվել են և ուղարկվել նոր քննության։ Այդ ժամանակ էլ դրանք մակագրվել են դատավոր Արմենուհի Բադիրյանին (գործ` 1, գործ` 2

2018թ.-ին Էդիկ Ավետիսյանին մակագրված գործերից 3-ով դատավորն այդպես էլ վճիռ չի կայացրել։ Գործերից մեկի վերաբերյալ «Դատալեքս» տեղեկատվական հարթակում նշումներ չեն կատարվել, և պարզ չէ, թե ինչու դատավորը 2 տարում գործի քննությունը չի ավարտել։ Երկրորդ գործով Է. Ավետիսյանը նույն ժամանակահատվածում ընդամենը 4 նիստ է նշանակել, որոնցից մեկը չի կայացել։ Երրորդ գործով դատավորը 6 նիստ է նշանակել և կրկին վճռի փուլին չի հասել։ 2020թ. դատավորի լիազորությունները դադարեցվել են, և գործերը փոխանցվել են դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Էդիկ Ավետիսյանը 2019թ.-ին վարույթ ընդունած գործերից 2-ով նույնպես վճիռ չի կայացրել, և հետագայում դրանք էլ են փոխանցվել Ա. Բադիրյանին։ Առաջին գործով Ավետիսյանը նիստ է նշանակել հայցը վարույթ ընդունելուց 5 ամիս անց և 2020թ. հունվարի 20-ին վարույթը կասեցրել է։ Այդպես էլ Է. Ավետիսյանը չի շարունակել գործի քննությունը, քանի որ նրա լիազորություններն ապրիլին դադարեցվել են։ Մյուս գործով Ավետիսյանն ընդամենը 2 նիստ է նշանակել, որոնց ժամանակ կասեցրել, ապա վերսկսել է գործի քննությունը։ Իսկ 2020թ. ապրիլի 21-ին գործը մակագրվել է դատավոր Ա. Բադիրյանին։

Ամբողջացնելով Էդիկ Ավետիսյանի վարույթում եղած և հետագայում Արմենուհի Բադիրյանին փոխանցված գործերի ուսումնասիրությունը, կարող ենք փաստել, որ Է․ Ավետիսյանը մինչև իր լիազորությունների դադարեցումը նշված գործերով քիչ նիստեր է նշանակել, նշանակված նիստերն էլ կասեցրել է։

Դատավոր Ռուբեն Ափինյանի լիազորությունները պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով դադարեցվել է 2020թ. ապրիլի 8-ին: Ռ․ Ափինյանի քննած գործերից 4-ն է փոխանցվել դատավոր Ա. Բադիրյանին։

Առաջին գործը Ռուբեն Ափինյանին մակագրվել է 2017թ.-ին, որի վերաբերյալ նույն տարում վճիռ է կայացվել։ Հետագայում Վերաքննիչ դատարանը բեկանել է այն և ուղարկել նոր քննության։ Այդ ժամանակ գործը մակագրվել է Արմենուհի Բադիրյանին։

Երկրորդ գործը Ռուբեն Ափինյանին է մակագրվել 2018թ.-ին, որի քննության ժամանակ նշանակված 3 նիստից 1-ը չի կայացել։ 2020թ.-ի ապրիլին գործը մակագրվել է Ա. Բադիրյանին։

Վերջինիս փոխանցված երրորդ գործով Ռուբեն Ափինյանը 3 նիստ է նշանակել, որից 1-ն է կայացել։ Նիստերից մեկը չի կայացել դատավորի վերապատրաստման լինելու, մյուսը՝ արձակուրդում գտնվելու պատճառով։ Հենց արձակուրդում գտնվելու ժամանակ էլ գործը փոխանցվել է դատավոր Ա. Բադիրյանին։ Չորրորդ գործով Ռ. Ափինյանն ընդամենը մեկ նիստ է նշանակել, որն էլ չի կայացել դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով։

Ամբողջացնելով Ռուբեն Ափինյանի քննած 4 գործը կարող ենք արձանագրել, որ Ափինյանը մինչև թոշակի գնալը իրեն մակագրված գործերով պատշաճ քննություն չի կատարել։ Դատական նիստերը նշանակել է իր արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում կամ վերապատրաստման մեջ, այսինքն՝ ժամանակ է ձգել մինչև թոշակի անցնելը, որպեսզի այդ գործերը չքննի։

Դատավոր Աիդա Դավթյանի լիազորությունները պաշտոնավարման տարիքով պայմանավորված՝ դադարեցվել են 2021թ. մարտի 20-ին։ Աիդա Դավթյանի քննած գործերից մեկն է փոխանցվել Ա. Բադիրյանին։ Այդ գործը Աիդա Դավթյանին է մակագրվել 2020թ.-ին, որով դատավորը 2 նիստ է նշանակել, երկուսն էլ չեն կայացել։ Նիստերից մեկի չկայանալու պատճառը դատավորի անաշխատունակությունն եղել, մյուս նիստը նշանակել է իր արձակուրդում գտնվելու ժամանակ։ Ինչպես վերը նշված դատավորներն, այնպես էլ Աիդա Դավթյանն օգտվել է հնարքից՝ լիազորությունները դադարեցնելուց առաջ արձակուրդ է մեկնել։ Այդպիսով, այս գործը չքննված մակագրվել է դատավոր Ա. Բադիրյանին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին փոխանցված ամենամեծ թվով գործերը դատավոր Կարինե Պողոսյանի վարույթում են եղել։ Կ․ Պողոսյանի՝ դատավորի պաշտոնից հրաժարական տալուց հետո նրա վարույթում եղած գործերից 11-ը փոխանցվել է Արմենուհի Բադիրյանին։

Ամփոփելով վերը շարադրվածը, կարող ենք պնդել, որ թոշակի անցնող դատավորներն իրենց լիազորությունները դադարեցնելու վերջին մեկ-երկու տարիներին ակնհայտորեն ժամանակ են ձգում։ Իրենց վարույթում գտնվող գործերի քննությունն այնքան են երկարաձգում, որ հարցը դատական ակտ կայացնելուն չհասնի։ Նիստերը նշանակում են երկարատև ընդմիջումներով, նշանակված նիստերն էլ չեն կայանում արհեստական պատրվակներով, ինչպես օրինակ՝ արձակուրդում գտնվելու, վերապատրաստման և այլ պատճառներով։

Հգ․ Դատավոր Արմենուհի Բադիրյանը չցանկացավ իր ծանրաբեռնվածության և այլ դատավորների չքննած գործերն իրեն մակագրելու թեմայով հարցազրույց տալ։

Ինֆոգրաֆիկան՝ Սամսոն Մարտիրոսյանի

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Լուսանկարները՝ ԲԴԽ կայքի և դատավոր Ռուբեն Ափինյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter