HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ շվեդական նախագահությունը կազմակերպել է առցանց համաժողով՝ Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքների թեմայով

Դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվել էր առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

Համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և ուժի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ծառայել կայուն խաղաղության համար: Դեսպան Պապիկյանը նշել է, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման և այդ նպատակով հայերի հանդեպ կազմակերպված էթնիկ զտումների և կոտորածների արդյունքում՝ ավելացնելով, որ հակամարտության համապարփակ և հարատև կարգավորումը հնարավոր է միայն այդ անքակտելի իրավունքի իրացման պարագայում: 

Խոսելով բնակչություններին խաղաղության նախապատրաստելու և անվտանգության ու վստահության կառուցման միջոցների մասին՝ դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության համար բարենպաստ միջավայրի հաստատման օգտին: Այս տեսանկյունից նշել է, որ Ադրբեջանը պետք է որդեգրի համանման մոտեցում և, նախևառաջ, վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին ու մյուս գերեվարված անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ձեռնպահ մնա նոր սադրանքներից, ռազմատենչ հռետորաբանությունից ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից:

Արմեն Պապիկյանը նշել է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կեղծումը և ապօրինի յուրացումը նույնպես խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը և կարևորեց միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ հակամարտության գոտի: Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի վճռի կարևորությունը: 

ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվելու ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդգծվեց տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցերի վերականգնման կարևորությունը: 

Դեսպան Պապիկյանը նշել է, որ այն փաստը, որ Ադրբեջանը չի մասնակցում ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված այս համաժողովին, որը նպատակաուղղված է երկխոսության խթանմանը, հստակ ցուցադրում է Ադրբեջանի իրական մոտեցումները բանակցային գործընթացի վերսկսման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter