HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Չծնված կյանքեր

-Հավատում էի, որ մի օր կանգ կառնեմ ու կլսեմ երեխայիս ճիչը: Բայց ճչում էին գործերը: Գիտե՞ս, գործը կուլ է տալիս բոլոր տեսակի զգացողությունները,-Կառլը կարծես արդարանում էր:

-Ոչ միայն, այն քեզանից խլեց քո ժամանակը, երջանկությունը եւ պատրանքների աշխարհում գտնվելու քո հնարավորությունը...պատմի'ր...,-պնդեց երիտասարդը:

-Այլ կերպ չէի կարող, գործերը խեղդում էին ինձ: Այդ ժամանակ ես պետք է գնայի օվկիանոսից այն կողմ: Մայրդ մնաց այստեղ, որ հետեւեր ընկերության գործերին, իսկ երեխան...,-Կառլը մի քանի վայրկյան լռեց:

-Կարող էր խանգարել...,- երիտասարդի ձայնում հեգնանք լսվեց:

-Դժվար որոշում էր...,- Կառլը թոթվեց ուսերը:

-Ստիպված էիր...,- քմծիծաղ տվեց տղան:

-Հասկացի՛ր, ես էլ ի՛մ ճշմարտությունն ունեմ...,-Կառլը հուսահատ թափահարեց ձեռքերը:

«Հեռացրո՛ւ» հրահանգը լսած քա՞նի կին է տատանվել եւ «հեռացրո՛ւ» հրահանգը տված քա՞նի տղամարդ է հետո խղճի խայթ զգացել՝ դժվար է ասել: Ի վերջո, մեր կայացրած որոշումները գույն չունեն, իսկ արդյու՞նքը...կարմիր գույնը շատերն են սիրում, բայց կարմիրը նաեւ արյան ու մահվան գույնն է: Արդյո՞ք «հեռացրու» որոշում կայացրածի եւ այն իրականացրածի աչքերի դիմաց կարմրում է կամ գոնե սեւանում՝ կրկին դժվար է ասել: Մենք պատասխանատու ենք մեր բոլոր քայլերի համար, այդ թվում եւ մեր մեղքով չծնված կյանքերի: Մտածու՞մ էր արդյոք անցյալում կատարած քայլերի մասին «Քայլեր» պիեսի հերոս Կառլ Շմիդտը՝ մեքենայով գործնական հանդիպման ուղեւորվելիս: Վստահաբար՝ ոչ: Բիզնես, փող, եկամուտ, կրկին՝ փող: Խելգար վազքը՝ ապրելու եւ շահույթ ստանալու խառնարանում գրեթե տեղ չի թողնում անցյալում տեղի ունեցածը վերաարժեւորելու: «Ուշանում եմ», թերեւս սա միակ անհանգստացնող միտքն է, որ առկայծում է Կառլի ուղեղում, եւ նա թեթեւակի ավելացնում է մեքենայի արագությունը...Հանդիպումը հաճելիներից չէ, վայրը՝ նույնպես, հարցերն՝ առավել եւս: Կառլ Շմիդտը շփոթված է, նա սովոր չէ նման ընդունելիության: Դիմացը կանգնած երիտասարդի դեմքին չկա հարգանքի եւ ոչ մի նշույլ: Նրան քիչ է հետաքրքրում գնվելիք բիզնեսը:

-Ինչու՞ հանկարծ որոշեցիք վաճառել ընկերությունը: Դե, այստեղ բոլորը գիտեն, որ մի ամբողջ կյանք ձգտել եք նրան, ինչ որ հիմա ունեք: Ինչու՞...չէ՞ որ, վերջին հաշվով, վաճառում եք ձեր երազանքը,- երիտասարդ տղայի աչքերը փայլեցին:

-Ուրեմն, իմ ընկերության բաժնետոմսերի վարկանիշը բարձր էր,- Կառլի ձայնում ինքնավստահություն հայտնվեց:

-Դե, մանավանդ, ինչու՞ եք վաճառում: Կարող էիք, չէ՞, ընկերությունը թողնել ձեր կնոջը: Դուք էլ մնալ տնօրենների խորհրդում:

-Ես կին չունեմ:

-Դե, այդ դեպքում՝ երեխաներին,- ձեռք չէր քաշում տղան:

-Ես երեխաներ չունեմ...

-Իսկ ինչու՞...ի՞նչ պրոբլեմ կա, առողջ տղամարդ ես երեւում:

-Մենք գործից խոսելու՞ ենք, թե՞ ոչ,- Կառլը սկսեց նյարդայնանալ:

-Լավ, եկեք գործից խոսենք, քանի որ մենք հետաքրքրված ենք ձեր ընկերությունով, ապա շատ էինք ուզում իմանալ, իսկ ինչու՞ երեխաներ չունեք:

-Լակո'տ...փսլնքո'տ...

-Չունեք, որովհետեւ ագահ, էգոիստ, պոռնիկի տղա եք եղել, դրա համար էլ չունեք: Ճիշտ գուշակեցի՞...

Դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քայլեր» պիեսը պատահականության ծնունդ չէ: Չծնված կյանքերի, պարտադրված աբորտների թեման միշտ է անհանգստացրել նրան: Խոստովանում է, որ անձամբ է անցել որոշում կայացնելու դժոխքով: «Ես վաղուց էի ուզում այդ մասին խոսել, բայց ոչ բաց տեքստով, ոչ ուղիղ մեղադրանքով: Թեման երկար է խմորվել իմ մեջ,- ասում է Բաբկեն Զաքարյանը,- ես ինքս անցել եմ այդ ճանապարհով: Հետաքրքիրն էն է, որ ժամանակին ընկերոջս էի համոզում նման բան չանել, մեկ տարի անց նույն սխալն արեցի ես: Ես երկար ժամանակ ուզում էի գրել այս մասին, բայց թեմային անդրադարձա արցախյան պատերազմից հետո: Այդ ընթացքում կարդում էի հոդվածներ զոհված տղաների մասին եւ ցավալի զուգադիպությամբ մեծ մասը տան միակ զավակն էին, կամ միակ արու զավակը: Թվում է, թե երեխա ունենալ-չունենալու որոշումը յուրաքանչյուրի անձնական գործն է: Լավ, ենթադրենք, որ այդպես է, սակայն գլոբալ առումով անհատական որոշումները հետագայում խնդիր են դառնում ազգի մակարդակով: Պիեսում, ես փորձել եմ խնդիրը ներկայացնել տղամարդու տեսանկյունից: Մեղադրանքները ուղիղ խոսքով չեն, բայց՝ կան»

Կանխամտածված երեք սպանություն, երեք երեխայի լույս աշխարհ չգալու մեկ կամ երկու անձի որոշում, որի համար պատիժը թերեւս ամենադաժանն է ՝ սիրելի կնոջ եւ չորրորդ երեխայի մահ, նրանցից մեկին փրկելու երկընտրանք: Մարդն՝ իր կատարած նախորդ 3 քայլերի համար պատաժվում է երկու հոգու կորուստով: «Այս ներկայացման մեջ 4 չծնված երեխայի չապրված կյանքն է,-ասում է Բաբկեն Զաքարյանը,- նրանցից առաջինը չի ծնվել սոցիալական պայմանների պատճառով, երկրորդը՝ ծնողների աշխատանքին խանգարելու, երրորդը՝ սեռով պայմանավորված, իսկ չորրորդին չի հերիքում ժամանակը՝ ընդհատվում է մոր կյանքը զավակին ծննդաբերելիս: Մենք մշտապես ենք կանգնած որոշումներ կայացնելու ճանապարհին, այլ հարց է, թե որքանով են մեր քայլերը ճիշտ կամ սխալ»:

«Քայլեր» պիեսի հիման վրա նույնանուն ներկայացումը գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու դրամատիկ թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում: Ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանն է խոստովանում՝ պիեսը կարդալուց հետո ողջ գիշեր չի քնել: «Ճիշտն ասած թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, որ առաջարկեց պիեսը, սկզբում հրաժարվեցի, մանավանդ որ լսեցի քայլեր բառը, ասեցի՝ չէ , չեմ ուզում, ինձ թվաց պիեսը քաղաքական աստառ ունի: Հետո որ կարդացի, ողջ գիշեր չեմ քնել, սպասում էի լուսաբացին, որ հասնեմ թատրոն ու ասեմ՝ բեմադրելու եմ: Պիեսում սիմվոլիկաներ շատ են օգտագործված՝ խոսում են, ինչ որ թեմաներ են շոշափում, սակայն ուղիղ, բաց տեքստով այդ մասին հարցադրում չի արվում: Համոզված եմ, որ եւ պիեսը, եւ ներկայացումը միմիայն շահել են դրանից,-նկատում է Ասպրամ Բաղդասարյանը,-մենք հասցրել ենք արդեն 8 ներկայացում խաղալ: Սկզբում մտածում էի, որ հանդիսատեսի առումով 18+ պետք է լինի: Ստացվեց այնպես, որ ներկայացումներից մեկի ժամանակ եկել էին տղայիս դասընկերները՝ 13-14 տարեկան երեխաներ: Ես տեսա, թե ինչպես էին հուզված, արցունքոտ աչքերով հեռանում տղաները: Ինձ համար հուզիչ էր լսել, թե ինչպես են նրանք խոստանում երբեք նման բան չանել: Հասկացա, որ հենց 13 տարեկանից սկսած պետք է նայեն ներկայացումը, որ հասուն տարիքում սխալներ չգործեն»:

Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում կյանքի ու մահվան սահմանագծին դրամատուրգի եւ ռեժիսորի մոտ տարբեր հանգուցալուծումներ են ստացել: Հեղինակը, որ ամեն կերպ փորձում է նաեւ արդարացնել սխալներ գործած իր հերոսին, որոշում է նրան, այնուամենայնիվ, պատժել եւ թողնել այրվելու իր իսկ ստեղծած դժոխքում: Կին ռեժիսորի մոտ վերջաբանն այլ պատկերի է հանգեցնում: Չծնված երեխաների հոգիները որոշում են կյանք վերադարձնել հորը, ում այդպես էլ բախտ չեն ունեցել տեսնել, ում որոշման արդյունքում իրենք չեն ծնվել, անուն չեն ունեցել, մանկություն ու պատանեկություն չեն վայելել, եւ ընդհանրապես, չգիտեն, թե ինչ բան է կյանք կոչվածը: «Ես որոշեցի, որ նա պիտի կյանք վերադառնա: Կառլին սխալները ուղղելու հնարավորություն ենք տալիս,-ասում է ռեժիսորը,-նա այն տարիքում է, որ կարող է կրկին ամուսնանալ, երեխաներ ունենալ: Երբ ներկայացման մեջ հայրն ասում է՝ մենք վերջապես միասին ենք, երեխաները որոշում են, որ նա պետք է վերադառնա, շարունակի ապրել, սիրել իրենց փոխարեն ու հանուն իրենց նոր կյանք պարգեւելու մասին մտածի: Եվ փուչիկները, որ բաց են թողնում, դա էլ երեխաների ներումն է, որով Կառլի հոգին ազատվում է կուտակված ծանր բեռից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter