Լուսինե Հովհաննիսյանի գիտական ճանապարհը. Պտղավան գյուղից` Շվեյցարիա
Բիոնիկ ձեռքի նախագծումից մինչև ուղեղի աշխատանքի ուսումնասիրություն և քաղցկեղի բուժման հետազոտություն
2010-2012 թվականներին կենսաբանության ու ֆիզիկայի հանրապետական և միջազգային օլիմպիադաների մասնակիցների մեջ հաճախ կհանդիպեիք Լուսինե Հովհաննիսյանի անունը։ Սրանք այն տարիներն էին, երբ ապագա գիտնականը կանխորոշեց գիտնական դառնալու իր ուղին:
Լուսինեն զբաղվում է գլխուղեղի քաղցկեղի հետազոտություններով, Բեռնի համալսարանի ասպիրանտ է, աշխատում է նույն համալսարանի կլինիկայի ռադիոթերապիայի բաժանմունքում։ Պատմում է, որ այդ ուղղությունն է ընտրել, քանի որ մանկուց ձգտել է բացահայտել՝ ինչպես է աշխատում մարդու ուղեղը և միշտ երազել է իր ներդրումն ունենալ քաղցկեղի բուժման մեջ։ Երկու նպատակները միավորվեցին, և հետազոտական աշխատանքի թեման դարձավ ուղեղի ամենաչարորակ ուռուցքը՝ գլիոբլաստոման։
Պտղավան-Բեռն ճանապարհն անցնում է գիտությամբ
Լուսինեն առաջին անգամ հնարավորություն է ստանում սեփական ձեռքերով փորձարարական աշխատանք կատարել կենսաբանության հանրապետական և միջազգային օլիմպիադաներին մասնակցելիս։
«Պտղավանի դպրոցում լաբորատոր պայմաններ չկային, մի փոքր սենյակում իրար վրա հավաքված էր սովետական ժամանակներից մնացած կենսաբանության լաբորատորիայի մաշված գույքը։ Օլիմպիադայից հետո խնդրեցի այդ փակ դռան բանալին և փոշու միջից հանեցի կենսաբանության հին մոդելներն ու մանրադիտակը։ Դասընկերներիս հետ ուսումնասիրեցինք ողջ հավաքածուն և հասկացանք, որ այդ նմուշներով չենք կարող ժամանակակից կենսաբանություն սովորել»,- պատմում է Լուսինեն։
Ընկերներով որոշում են նամակ գրել իրենց տարածքային պատգամավորին՝ Միքայել Վարդանյանին դպրոցի 20-ամյակի պատվին լաբորատոր գույք տրամադրելու համար՝ զոգահեռ հրավիրելով իրենց կազմակերպած միջոցառմանը։ Չնայած պատգամավորը միջոցառմանը չեկավ, սակայն լաբորատոր գույքն ուղարկեց՝ որպես նվեր։
«Արդյունքում մենք ունեցանք նոր մանրադիտակ, սարքեր և ռեագենտներ, որոնք անմիջապես հայտնվեցին մեր ուշադրության կենտրոնում։ Ընկերներիս հետ ցանկացած հնարավոր առարկա նայում էինք մանրադիտակի տակ, փորձում էինք հետաքրքիր ու երբեմն ոչ այնքան անվտանգ փորձեր «հնարել»»,- վերհիշում է Լուսինեն։
Պտղավանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լուսինեի հաջորդ քայլը Երևանի պետական բժշկական համալսարան ընդունվելն էր։ Հենց այստեղ էլ 2016 թվականին սկսեց գիտական առաջին լուրջ հետազոտություններն իրականացնել՝ նեյրոգիտության լաբորատորիայում։ Հետազոտությունները վերաբերում էին հիշողության մեխանիզմներին, ուղեղ-համակարգիչ համակարգերին և ուղեղի վերականգնմանը թթվածնային քաղցից հետո։
ԵՊԲՀ-ում ուսումնառության տարիներին երիտասարդ գիտնականի առաջին լուրջ հաջողություններից էր 2017թ. ArmBionics գիտական խմբի հիմնումը և մասնակցությունը բիոնիկ ձեռքի ստեղծման նախագծին։ «Աշխատանքի միտքն առաջացել էր 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո, և առաջին նախատիպերը պատրաստ էին արդեն 2017-2018 թվականներին, սակայն ցածր ֆինանսավորման պատճառով աշխատանքները դանդաղ էին ընթանում»,- պատմում է Լուսինեն։ Նախագիծը գրավեց հիմնադրամների ուշադրությունը միայն 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ կարիք կար մի քանի տասնյակ հազար դոլար արժողության իմպլանտներ ներկրել արտերկրից։ Այդ ժամանակ Լուսինեն արդեն գտնվում էր Շվեյցարիայում, սակայն թիմը նոր ոգևորությամբ և եռանդով շարունակեց զարգացնել նախագիծը։
Բեռնի համալսարանական կլինիկայում իրականացվող հետազոտությունների մասին
Շվեյցարիայում գիտական հետազոտությունների ոլորտն ընտրելիս Լուսինեն առաջնորդվում էր 2 սկզբունքով` լինել նեյրոգիտության մեջ և միևնույն ժամանակ զբաղվել այնպիսի հետազոտությամբ, որտեղ անլուծելի խնդիր կա։ Ընտրությունը կանգ է առնում ուղեղի գլիոբլաստոմաների ուսումնասիրության վրա։
Պարզաբանում։ Ուղեղի գլիոբլաստոմաները գլխուղեղում առաջացող չարորակ հազվագյուտ նորագոյացություններից են, որոնք բուժումից կարճ ժամանակ անց սովորաբար կրկնվում են և անխուսափելիորեն բերում մահվան: Հետազոտությունների այս փուլում Լուսինեն ուսումնասիրում է գլխուղեղի քաղցկեղի բուժման արդյունավետությունը ռադիոթերապիայի և իմունաթերապիայի համատեղ կիրառության դեպքում։
Մինչև 2022 թվականի ավարտը Լուսինեն շարունակելու է իր հետազոտությունները։ Հաջողության դեպքում գիտական արդյունքը կներդրվի կլինիկաներում։
«Հետազոտության վերջին փուլում եմ, որտեղ հստակեցվում է արդյունքի արդյունավետությունը և անվտանգությունը, ինչպես նաև՝ դոզան։ Հաջորդ քայլն առաջին փուլի կլինիկական հետազոտությունն է, որտեղ տվյալ բուժումն առաջին անգամ փորձարկվում է կամավոր պացիենտների վրա։ Սովորաբար այս փուլի հետազոտությանը մասնակցում են այն հիվանդները, որոնց առկա բուժամիջոցները այլևս չեն օգնում»,- բացատրում է Լուսինեն։
Հայաստանի գիտության խնդիրները և շվեյցարական փորձը
Երազանքների, «Գնումների մասին» չարաբաստիկ օրենքի և նպատակասլացության մասին
Լուսինեն Հայաստանի գիտության խնդիրների մասին խոսելիս պատմությունը բաժանում է երկու փուլի՝ համեմատելով Հայաստանում և Շվեյցարիայում գիտությամբ զբաղվելու տարբերությունները և նրբությունները։
«Իմ սովորելու տարիներին Հայաստանում չկար դպրոցական և համալսարանական ժամանակակից գիտական կրթություն։ Ընկերներիս հետ կրթության բացերը հաղթահարում էինք ինքնակրթությամբ և ինքնակազմակերպմամբ՝ ուսանողական գիտական ընկերության միջոցով։ Տեսական նյութը բաժանում էինք միմյանց մեջ, ուսումնասիրում, իսկ հետո միմյանց սովորեցնում՝ քննարկումներ կազմակերպելով։ Փորձարարական մասով ամեն ինչ ավելի բարդ էր, քանի որ դժվար էր գտնել տարրական պայմաններ ունեցող ենթակառուցվածք՝ փորձեր իրականացնելու համար։ Աշխատում էինք եղածը վերանորոգել, դիմում էինք ֆինանսավորման, ինքնաֆինանսավորում էինք, սեփական ուժերով կահավորում էինք՝ ձեռք բերելով անհրաժեշտ պարագաները։ Այս տարիներն ինձ համար ստեղծագործելու, տանջվելու, պայքարելու և թիմային աշխատանքի երանելի ժամանակներ էին։ Մենք երազողներ էինք և չէինք կարող չզբաղվել գիտությամբ՝ անկախ բոլոր դժվարություններից»,- պատմում է Լուսինեն։
Իսկ դժվարությունները շատ էին։ Օրինակ, երբ բժշկական համալսարանում չէին գտնում համապատասխան սարքավորումները, ստիպված էին լինում սեփական ուժերով նախագծել ու պատրաստել դրանք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ANEL» լաբորատորիայում։ «ANEL»-ի ինժեներների հետ սարքավորում ստեղծելու վրա ծախսում էին 2 տարի։ Որպես խնդիր Լուսինեն նաև առանձնացնում է գիտական սարքավորումների սպասարկման մասնագետների գրեթե բացակայությունը: Պատկերացրեք, առանց այդ էլ համապատասխան սարքավորումներ չունենալու պարագայում, եթե եղածն էլ չվերանորոգվեր, հետազոտություններն ինչքան էին տուժելու:
Երբ այս շրջանը որոշ չափով հաղթահարեցին և արդեն կարող էին ավելի լուրջ հետազոտությունների համար սարքեր և նյութեր պատվիրել, սկսվեց մի նոր բարդ փուլ։ Լուսինեն այդ փուլն անվանում է «Հայաստանում ինչ-որ միտք տեղ հասցնելու փուլ»՝ բողոքելով գիտական սարքեր գնելու անտանելի և չարդարացված երկար ընթացքից։ Ամեն անգամ ինչ-որ սարք գնելիս գիտնականները բախվում էին հարկային ու մաքսային՝ իրենց համար անհասկանալի խոչընդոտների։ Ինչու՞ պետք է գիտական սարքերի համար հարկային կամ մաքսային վճարումներ արվեն, եթե դրանք շահույթ չեն հետապնդում։
Հայաստանում գիտնականը, բացի սարքավորումներից, ունի նաև ռեագենտներ (փորձարարական նյութեր) գտնելու խնդիր։ Այլ երկրներում այդ պահին ռեագենտներ չունենալու դեպքում կարող ես հանգիստ վերցնել «հարևան» լաբորատորիայից ու վերադարձնել, երբ քո ռեագենտները կլինեն քեզ մոտ։ Ռեագենտները, որոնցից շատերի պիտանիությունը մի քանի օր է (առանց համապատասխան սառցարանային պայմանների), սահմանին մի քանի օր տևող մաքսազերծման խնդիրների պատճառով կարող են այլևս պիտանի չլինել հետազոտության համար։
Հայաստանում մեկ այլ կարևոր խնդիր է գիտական միջավայրի բացակայությունը։ «Համալսարանում սովորելու ընթացքում, երբ արդեն սկսել էինք հետազոտություններ կատարել, մեր կարևոր խնդիրներից մեկն էր՝ գտնել ոլորտի մասնագետներ և քննարկումներ անել իրենց հետ։ Այս մասնագետները կային, բայց շատերը չգիտեին նրանց գոյության մասին, չգիտեին, թե այդ մարդիկ ինչ էին հետազոտում, մեկը մյուսի խնդիրներից տեղյակ չէին, այսինքն՝ չկար գիտական համայնք, որտեղ բոլորը կարող էին շփվել, խոսել իրենց հետազոտությունների մասին, օգնել խորհուրդներով»,- պատմում է Լուսինեն։
Շվեյցարիայում Լուսինեն հանդիպում է, իր խոսքով, «ոչ երազող, խիստ պրագմատիկ գիտնականների», որոնք աշխատում էին առանց լուրջ հավակնությունների՝ կազմակերպված և կարգապահ։
«Այստեղ գիտնականները բարկանում են, եթե ինչ-որ նյութ վերջանում է, և առաքումը մեկ շաբաթից ավելի է տևում, կամ ինչ-որ թանկ ու կարևոր սարք փչանում է, և մեկ շաբաթվա ընթացքում մասնագետներն այն չէին վերանորոգում։ Այստեղ գիտնականները ստանում են աշխարհի մակարդակով ամենաբարձր աշխատավարձերը։ Սակայն այստեղ անգամ գիտնականներ կան, որոնք ձգտում են տեղափոխվել ավելի քիչ վարձատրող ամերիկյան համալսարաններ, քանի որ այնտեղ գիտական կյանքն ավելի ակտիվ է եռում, քան փոքրիկ լեռնային Շվեյցարիայում։
Ես հասկացա, որ այստեղ գիտնականներն այն երազողները չեն, որ մենք էինք Հայաստանում։ Սակայն այստեղ ամեն ինչ խիստ կարգավորված է՝ աշխատանքի անխափան ընթացքն ապահովելու համար. հոսանքը չի անջատվում, սառնարանները չեն հալվում, պարբերաբար կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ և ստուգումներ՝ վթարները և անկանխատեսելի խափանումները կանխելու համար»,- պատմում է Լուսինեն։
Տարբեր երկրներից պայծառ ուղեղներին իրենց երկիր տանելու նպատակով շվեյցարացիները արտասահմանցի գիտնականների համար հրապուրիչ միջավայր են ստեղծել՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ պայմանները գիտությամբ զբաղվելու համար։ Մի բան, որի պակասը Հայաստանում այնքան սուր է զգացվում։
Ի՞նչ պետք է արվի գիտնականներին դեպի Հայաստան գրավելու համար
«Սա նման է հյուր ընդունելուն. պետք է բնակարանդ կարգի բերես, հարմարավետ պայմաններ ստեղծես։ Նույնը երկրի դեպքում է` պետք է ստեղծել աշխատելու համար գրավիչ գիտական միջավայր։ Եթե երկիրը հետաքրքիր է, գիտական միջավայրը լավն է, ապա անհնար է, որ այն դեպի իրեն չձգի այլ գիտնականների»,-ասում է Լուսինեն։
Գործնականում արտասահմանցի գիտնականին Հայաստանի գիտական էկոհամակարգում ներգրավելու համար Լուսինեն երկքայլանի գործընթաց է նկարագրում։ Առաջին՝ կազմակերպել հեղինակավոր միջազգային գիտաժողով՝ օտարերկրյա գիտնականներին ծանոթացնելով Հայաստանում գործող գիտական խմբերի հետ, որոնք ցույց են տալիս գիտական բարձր չափանիշներին հետևելու կամք և համագործակցելու, իրենց արդյունքները զարգացնելու ցանկություն։
Երկրորդ՝ հետագայում այդ նույն գիտնականներին առաջարկել իրենց այցելած գիտական հաստատությունում հայտարարված թափուր հաստիքի մրցույթին մասնակցել կամ հեռավար լաբորատորիա ղեկավարել։
Ինչու՞ են որոշ գիտնականներ խուսափում հանրայնացնել իրենց հետազոտությունները կամ խոսել խնդիրներից
Գիտնականները սիրում են կենտրոնանալ մեկ բարդ խնդիրի վրա, որի պատասխանը դեռ չկա և իրենք փորձում են գտնել այն։ Այդ խնդիրը պահանջում է մեծ կենտրոնացում և լուրջ մտավոր ջանքեր։ Երբ մարդը կենտրոնանում է մի հարցի վրա, նա ապակենտրոնանում է մնացած հարցերից։ Այսինքն՝ գիտնականը որքան շատ է կենտրոնանում այդ մի խնդրի վրա, այնքան ավելի շատ է անջատվում մնացած հարցերից։
Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում երկար ժամանակ մի բանի վրա կենտրոնացած մնալ և արագ շեղվում է բոլոր ուղղություններով։ Սա բնական է, սակայն գիտությամբ զբաղվելու տեսանկյունից այնքան էլ արդյունավետ չէ։ Այդ պատճառով էլ գիտնականները սիրում են խոսել իրենց ոլորտում գործող մասնագետների հետ։ Այս մոտեցումը գիտնականներին թույլ է տալիս չշեղվել և չկորցնել կենրոնացումը և մտքի թելը։
«Գիտությունը հանրայնացնելն այլ հարց է։ Միշտ էլ գոյություն ունեն գիտական հրապարակումներ, կոնֆերանսներ, երբ գիտնականը կիսվում է իր արդյունքներով։ Ավելի հանրային դասախոսություններ անելու համար, իհարկե, մասնագիտական հմտություններ են անհրաժեշտ։ Բարդ միտքը պարզ բացատրելու համար մարդ պետք է նախ և առաջ սովորի, թե դա ինչպես են անում։ Տաղանդավոր գիտնականները դա կարողանում են անել ավելի հասուն փուլերում։ Ես անձամբ սիրում եմ աշակերտներին և ուսանողներին փոխանցել իմ գիտելիքները և նրանց ավելի պարզ լեզվով ներկայացնել նյութը։ Կարծում եմ՝ դա անհրաժեշտ է ոչ միայն կրթական տեսակետից, այլ նաև հենց գիտնականին է անհրաժեշտ, որ նա նորովի վերարտադրի իրեն հայտնի մտքերը, ինչպես նաև քննարկի այն անփորձ ուղեղների հետ»,- բացատրում է Լուսինեն։
Հայաստան վերադառնալու մասին
Մինչեւ 2022թ. ավարտը Լուսինեն շարունակելու է իր հետազոտությունները և հաջողության դեպքում, եթե գլիոբլաստոմաների բուժման մեթոդը ցույց տա իր արդյունավետությունը և ներդրվի կլինիկաներում, նախատեսում է վերադառնալ Հայաստան։ Ցանկանում է սեփական լաբորատորիա ունենալ, որը հենց Հայաստանում կզբաղվի այդ ուսումնասիրություններով։
Ըստ Լուսինեի՝ նեյրոգիտության ու ուղեղի ուսումնասիրությունների զարգացման մեջ իր մեծ դերակատարումը պետք է ունենա Բժշկական համալսարանում ստեղծվող Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը, որի շինարարությունը շուտով կավարտվի։
Ուղեղի հետազոտությունների կենտրոնը կառուցվում է ԵՊԲՀ-ում և ունի մի քանի հիմնական ուղղություն՝ Ալցհայմերի հիվանդություն, աուտիզմ, վերականգնում կաթվածից հետո։ Կենտրոնի գլխավոր բաղադրիչներից է կրթական մասը, որտեղ պետք է գիտնականների նոր սերունդ ձեւավորվի, ինչպես նաև՝ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը (Knowledge and Technology Transfer Center), որը կկապի գիտնականներին արդյունաբերական մասնագետների հետ։
Լուսինեի համար մեկ այլ նշանակալի իրադարձություն է 2022թ․ Երևանում կայանալիք Կենսաբանության միջազգային օլիմպիադան, որ հյուրընկալելու է թիմեր աշխարհի 80 երկրներից։ Որպես Օլիմպիադայի շրջանավարտ՝ Լուսինեն ներգրավված է կազմակերպչական աշխատանքներում։ «Ցանկացած մեծ միջոցառում փորձարկում է ոչ միայն ոլորտի, այլև երկրի հնարավորությունները։ Օրինակ, Հայաստանում այս պահին չկա հնարավորություն 320 աշակերտի համար լաբորատոր աշխատանք կազմակերպելու, ինչպես նաև՝ դժվար է գտնել անգլերենին տիրապետող այդքան կենսաբան՝ կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար»,-ասում է Լուսինեն։
Օլիմպիադայի համար հավաքված նյութական և մարդկային ռեսուրսները հետագայում կարող են օգտագործվել մեր աշակերտների և ուսանողների գործնական գիտելիքները հարստացնելու համար։ Դա նաեւ հրաշալի հնարավորություն է աշխարհի լավագույն աշակերտներին ներկայացնելու Հայաստանը, մեր երկրի ներկա և ապագա հնարավորությունները։ Միգուցե մի օր նրանք ցանկություն ունենան գալ Հայաստան և այստեղ շարունակել իրենց գիտական կարիերան։
Նարինե Չուխուրյան, «Գիտուժ» նախաձեռնության և ISTC հիմնադրամի կազմակերպած «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանավարտ
Լուսանկարները՝ Լուսինե Հովհաննիսյանի անձնական արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել