HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստան վերադարձած 10 ռազմագերիների անունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ հրապարակելով նրանց անունները։

Ավելի վաղ ադրբեջանական Trend գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովին, հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած եռակողմ հանդիպման արդյունքում, Ադրբեջանը, Եվրամիության միջնորդությամբ, դեկտեմբերի 19-ին Հայաստանին է փոխանցել 10 հայ գերու։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերադարձված 10 գերիները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանի Սյունիքի հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում։ 

Հիշեցնենք, որ Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ 

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ 

Կողմերը պայմանավորվել էին նաև ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ միջադեպերից խուսափելու համար։

Դեկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Շառլ Միշելը հայտարարություն էր տարածել, համաձայն որի կողմերը վերահաստատել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն իրենց հավատարմությունը։

Շառլ Միշելն ընդգծել էր, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը որոշիչ նշանակություն ունի։ «Նա ողջունել է Ադրբեջանի կողմից տասը հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատ դաշտերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը: Նա կոչ է արել ամբողջապես և արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհետ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանն ու օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության ու հաշտեցման առաջխաղացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման ու հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման ու վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 գերիների Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել նաև դեկտեմբերի 4-ին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ, տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, հայկական կողմը փոխանցել էր ականապատ դաշտերի քարտեզներ։ Թե որ հատվածների ականապատ դաշտերի քարտեզների մասին է խոսքը, պաշտոնապես չի հայտարարվում։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ փոխանակումը եղել էր ռուսական կողմի միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում, ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում, տեղի էին ունենում մարտական գործողություններ, որի ընթացքում կողմերը կիրառում էին զրահատեխնիկա և հրետանի։ Պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ։Այդուհանդերձ, նույն նոյեմբերի 16-ի երեկոյան կողմերը դադարեցրին կրակը, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց ունեցավ կողմերի պաշտպանության նախարարների հետ։

Լուսանկարը՝ արխիվային/ Ազատություն ռադիոկայանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter