Հիմնանորոգվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի Բարերար անդամ, «Լուդինգ» ընկերության հիմնադիր, մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ 2011թ. հուլիսից հիմնանորոգվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը:
Ներկայումս հաստատությունում մշտապես բնակվում է 80 ծեր ու հաշմանդամ: Նույն կարգավիճակ ունեցող շուրջ 150 հոգի էլ հաստատության անձնակազմի կողմից խնամք է ստանում տնային պայմաններում:
Վերանորոգված երկհարկանի մասնաշենքի 26 սենյակներն օրերս կկահավորվեն, եւ ծերերն ու հաշմանդամները, ովքեր ներկայումս ժամանակավորապես բնակվում են ինտերնատի առաջին մասնաշենքում, կտեղափոխվեն բարենորոգ հարմարավետ կացարաններ: Շարժունակ ծերերի համար նախատեսված սենյակներն ապահովվել են անհատական սանհանգույցներով: Շենքին կից նախկին դահլիճի ընդարձակ սրահը վերակառուցվել է ճաշարանի: Այս ձեւափոխությունը թույլ կտա տարեցներին ննջարանային մասնաշենքից անմիջապես մտնել ճաշարան` շրջանցելով բակը: Իսկ բացօթյա հանգիստը նրանք կանցկացնեն կանաչապատ բակում, որտեղ լայնացվել են ճեմուղիները, տեղադրվել է զրուցարան:
Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներ տանել նաեւ հաստատության առաջին մասնաշենքում: Հիմնանորոգումն այստեղ կներառի նաեւ նախամուտքի ու դահլիճի վերահատակագծում եւ համապատասխանեցում հաստատության պահանջներին: «Շենքի վերահատակագծումը նպատակ ունի պայմաններ ստեղծելու հաշմանդամների ազատ տեղաշարժման համար»,- ներկայացնում է շինարարության պատասխանատու Հակոբ Գյուլգյուլյանը: «Մեր խնամքի տակ գտնվող տարեցների 40 տոկոսը հաշմանդամ է եւ այս հանգամանքը շատ կարեւոր նրանց համար», - ասում է տուն-ինտերնատի տնօրեն Իրինա Սարգսյանը:
Բարերար Արմեն Շախազիզյանը գտնում է, որ կենցաղային բարեկեցիկ պայմանների ստեղծումն այն նվազագույնն է, որ կարող ենք անել մեր ավագ սերնդի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել