HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորարարական բեկումնային ծրագիր` հանրակրթական դպրոցներում

Հայաստանի և Արցախի թվով 20 դպրոցներ կհամալրվեն «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթներով, որոնք այսօր համապատասխան դպրոցների տնօրեններին է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այսօր մեկնարկում է հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության ևս մեկ նորարարական բեկումնային ծրագիր: Երկու տարի առաջ կառավարության հավանությանն էր արժանացել հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման վերաբերյալ որոշումը, և ընտրությունը կանգ է առել կանադական աշխարհահռչակ «Լոգո միկրոաշխարհներ» ծրագրի վրա, որը հաջողությամբ օգտագործվում է տասնյակ երկրներում: Վերոնշյալ ծրագիրն աշակերտների մոտ կխթանի նորարարական, ստեղծագործական մոտեցումները, կձևավորի տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների նոր մակարդակ, ինչպես նաև ինքնուսուցման եղանակով հստակ արդյունքների հասնելու ձգտումը»,-նշել է նախարարը` հավելելով, որ մոտ ապագայում ծրագիրը կներդրվի բոլոր հանրակրթական դպրոցներում:

Համաձայն ՀՀ կառավարության «Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո միկրոաշխարհներ»  համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման վերաբերյալ» որոշման՝ մինչև 2014 թվականը պետք է թարգմանել «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ուսուցողական միջավայրը, կատարել ինֆորմատիկայի  առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակում,  մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաև կանադական LCSI կազմակերպությունից գնել համապատասխան լիցենզիա և փուլ առ փուլ ներդնել ՀՀ և Սփյուռքի դպրոցներում: Վերջին չորս տարիների ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Քվանտ» վարժարանի կողմից այդ ուղղությամբ կատարվել է հսկայածավալ աշխատանք, և այսօր ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացումն արդեն ավարտական փուլում է:

Կատարվել են «Լոգո միկրոաշխարհներ» ուսուցողական միջավայրի և համապատասխան ձեռնարկների թարգմանությունները, ստեղծվել է ուսուցչի ձեռնարկ, ստեղծվել են ֆիզիկայի և մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիաներ, վերապատրաստվել են շուրջ 30 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներ, «Լոգո միկրոաշխարհներ» հայալեզու միջավայրը փորձարկվել է 5 դպրոցում: Գործընթացը լուսաբանելու և նրա թափանցիկություւնը ապահովելու համար ստեղծվել է www.armlogo.am  կայքը: Այսօր արդեն որոշ կազմակերպությունների և անհատների հովանավորությամբ Հայաստանի ու Արցախի 20 դպրոցների համար ձեռք է բերվել համապատասխան լիցենզիա:

«Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ: Հայաստանի դպրոցների աշակերտներն առաջին անգամ հնարավորություն կունենան մայրենի լեզվով գրելով ծրագրավորման հրահանգները՝ ստեղծել համակարգչային ծրագրեր, ինչը, համաձայն կատարված փորձարկումների արդյունքների, կարող է բերել ՏՏ ոլորտով հետաքրքրվող աշակերտների թվի կտրուկ աճի և  դառնալ հիմնաքար` ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:

«Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրի տեղայնացված տարբերակը  Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն` աշխարհի տարբեր ծայրերում գտնվող Սփյուռքի հայկական դպրոցների՝  իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու  ինտերակտիվ  կրթական բովանդակություն: Այս մասին հայտնում է ՀՀ կԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter